Քաղաքականություն

Որն է պոլիցայի եւ իրավապաշտպանի տարբերությունը

Որն է պոլիցայի եւ իրավապաշտպանի տարբերությունը

Երբ Դանիել Իոաննիսյանին հարցնում են՝ դու գործ տվո՞ղ ես, նա հպարտորեն պատասխանում է. «Այո, իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլեւ պատվաբեր է»: Որեւէ նորմալ մարդ չի կարող հանցագործության կոծկման կամ հանցագործին թաքցնելու կողմնակից լինել կամ քննադատել նրան, ով օգնում, օժանդակում է հանցագործության բացահայտմանը: Բայց ինչո՞վ է իրավակարգի պաշտպանը տարբերվում գործ տվողից, ինչո՞վ է պոլիցայը տարբերվում իրավապաշտպանից: Միայն մի բանով. գործ տվողն աջակցում է իշխանությանը, իշխանավորներին՝ ճնշելու շարքային քաղաքացիներին, անհնազանդներին, իշխանության կամայականությունների դեմ պայքարողներին, պարզ ասած՝ նա միշտ ուժեղի, ճնշողի, բռնարարի կողքին է, նրա գործիքն է՝ ընդդեմ թույլերի եւ անպաշտպանների, իսկ իրավապաշտպանը միշտ իշխանության կամայականության զոհերի պաշտպանն է, նա հալածվողի, թույլի, անպաշտպանի կողքին է: 

Մարդկանց, ովքեր աջակցել են իշխանության ապօրինություններին, ովքեր հանուն շահի եւ արտոնության զբաղվել են մատնությամբ, մեր հասարակությունն անվանել է գործ տվողներ կամ պոլիցայներ: «Պոլիցայ» արտահայտությունը մեր խոսակցական լեզու մտել է խորհրդային ֆիլմերի եւ մասամբ մեր պապերի միջոցով, նրանց, ովքեր մասնակցել են Մեծ հայրենականին եւ իրենց հետ Հայաստան են բերել այդ բառը՝ որպես դավաճանի եւ թշնամու գործակցի հոմանիշ: Իրենց գրաված տարածքներում նացիստական իշխանությունները ստեղծում էին ոստիկանական օժանդակ կազմավորումներ, որոնք օգնում էին գերմանական ոստիկանությանը՝ հնազանդության մեջ պահել գրավված տարածքների բնակչությանը, տեղեկություններ հայթայթել պարտիզանների եւ բնակչության շրջանում հականացիստաբար տրամադրված անձանց նկատմամբ:

Նիկոլական իշխանությունը հալածանքների շարք է սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, բազմաթիվ հոգեւորականներ կալանավորված են, տասնյակները ենթարկվում են քրեական, ֆիզիկական եւ հոգեբանական հետապնդման ու խոշտանգման: Եվ ահա՝ այս պայմաններում, իրավակարգի պաշտպանն իշխանությանը «հուշում է», որ կարելի է քրեական գործ հարուցել եւ կալանավորել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանին, իբրեւ թե այն հիմքով, որ նա իր թեմում հոգեւոր ծառայություն իրականացնող Տեր Արամին պարտադրել է մասնակցել հակաիշխանական հանրահավաքի:  Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշանի, այսպես կոչված, հանցանքը ոչ մի կերպ ապացուցված չէ, բայց նա արդեն կալանավորված է: Իշխանության ռեպրեսիվ մեքենան անմիջապես օգտվեց իրավակարգի պաշտպանի հուշումից եւ կեղծ քրեական գործ սարքեց հոգեւորականի նկատմամբ: Ռեժիմի պաշտոնական ներկայացուցիչների, նրան օժանդակողների օրակարգը եւ քաղաքական հակառակորդներին տրվող բնորոշումները համընկնում են:

«Հետքը» գրում է, որ 2023 թվականի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների առիթով, ի պաշտպանություն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի կազմակերպված հանրահավաքից առաջ Փաշինյանն իր ենթականերին հրահանգել է հանրահավաքի բերել իրենց ընկերներին, բարեկամներին: Ի՞նչ կապ ունեն բարեկամները կամ ընկերները ՔՊ հանրահավաքի հետ, ՔՊ-ականների ընկերները պարտավոր են Փաշինյանի աջակիցը լինել, իսկ եթե բարեկամդ ՔՊ-ի աջակից չէ, Փաշինյանը հրահանգում է նմանների հետ խզել բարեկամական կապերը: Ոչ մի պոլիցայ, Փաշինյանի վարչակազմում պոլիցայ աշխատող որեւէ մեկը հաղորդում չտվեց կատարված հանցագործության մասին եւ որեւէ մեկն այս գործով չկալանավորվեց եւ չի էլ կալանավորվի: Որովհետեւ Փաշինյանն ինքն իրեն չի կարող կալանավորել, նա կալանավորում է իր քաղաքական հակառակորդներին, որ ինքը չկալանավորվի: Հնարավոր է, որ ինչ-որ պոլիցայ, իբրեւ թե օբյեկտիվության ֆոնն ապահովելու համար, նման մի դիմում տա ոստիկանություն կամ Քննչական կոմիտե, բայց դա որեւէ արժեք չունի, քանի որ, ի տարբերություն իշխանության հետապնդյալների դեմ գրած դանոսի, այս մեկը կմնա անպատասխան: 

Որեւէ պոլիցայ, ռեժիմի բացահայտ կամ գաղտնի աջակից շահագրգռված չէ այդ ռեժիմի ոչնչացմամբ: Շահագրգիռ չէ, քանի որ ինքն այդ ռեժիմի մասն է կազմում, այդ ռեժիմի շահառուն է: Այդ ռեժիմն է իրեն ապահովում վարձատրություն եւ արտոնություններ՝ մյուս հարստահարվողների, ճնշվողների եւ ապօրինությունների զոհերի նկատմամբ: Ռեժիմի տապալումը նշանակելու է իրական իրավախախտների եւ նրանց աջակիցների նկատմամբ մարդկային եւ աստվածային արդարադատության հաստատում: Այնպես, ինչպես դա եղավ նացիստների եւ նրանց աջակից պոլիցայների նկատմամբ 1945 թվականի հաղթանակից հետո:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image