Չնայած «Քաղաքացիական պայմանագրի» բոյկոտին, Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ: Ավագանի անցած մյուս երեք ուժերը, այդ թվում՝ Ղուկասյանի հետ երկարամյա հակամարտություն ունեցող Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը, պահեցին խոստումը, Ղուկասյանի օգտին քվեարկեցին, իրենք էլ թեկնածու չառաջադրեցին:
Գյումրեցի գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը, անդրադառնալով Գյումրու ընտրությունների հետընտրական ընթացքին, մեզ հետ զրույցում նկատում է, որ մարդկանց տրամադրությունը Գյումրիում ինչպես կար, այդպես էլ մնացել է։ «Այսինքն՝ տրամադրվածությունն ի սկզբանե լավ էր ընդդիմության հաղթանակի հետ կապված։ Նախնական մտավախությունները, որ կարող է ընդդիմության մի թեւը փորձի չմիանալ՝ մի շարք գործոններով պայմանավորված, այդպես չեղավ, որովհետեւ Գյումրին այն քաղաքն է, որտեղ անունն ու պատիվն ավելի շատ են կարեւորում, քան աթոռն ու պաշտոնը, հետեւաբար՝ կանխատեսելի էր ընդդիմության այդ թեւի միասնականությունը, որ, նախ, չկոտրեցին ժողովրդի սպասումները եւ հետո՝ իրենք եւս չկոտրվեցին։ Այսինքն՝ չփչացան, չապականվեցին։ Արեցին այնպես, ինչպես ասում են՝ «վաղն էլ լուսաբաց է լինելու» տարբերակով եւ ճիշտ որոշում կայացրին»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ ամեն ինչ արվեց Գյումրիում, որպեսզի իշխանությունը պարտվի։
«Այն ընտրությունը, որ տեղի ունեցավ 2 օր առաջ, ցույց տվեց, որ, ամեն դեպքում, ժողովուրդը դեմ չէր ընտրված քաղաքապետին։ Ես վստահ եմ․ եթե դժգոհություն լիներ, ժողովրդի այն մասը, որ ձայն էր տվել ընդդիմության մյուս թեւերին, անպայման իր կարծիքը կարտահայտեր՝ դեմ լինելու առումով, բայց բոլորն էլ կողմ էին եւ հասկանում էին, որ սա է, տարբերակ չունեն՝ սրանցից ազատվելու համար»։
Նախշքարյանն այն կարծիքին չէ, թե ամեն ինչ հրաշալի է եղել Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած նախկին ժամանակներում, որովհետեւ աշխատանքի ընթացքում միշտ էլ լինում են թերացումներ, սխալ քայլեր, բայց․ «Նույնիսկ փչացած ժամացույցն օրվա ընթացքում 2 անգամ ճիշտ ժամը ցույց է տալիս, այնպես որ՝ ես չեմ կարծում, թե նոր քաղաքապետը, որը նախկինում երկար տարիներ աշխատել է, այս անգամ չի անելու առավելագույնը՝ իրեն արդարացնելու վերջնական հանգրվանում, որովհետեւ, ինչպես ինքն ասեց, էն ժամանակ 40 տարեկան էր, հիմա՝ 60։ Այսինքն՝ իմաստնությունը շատ կարեւոր է այս պարագայում, եւ շատ կուզեի, որ մեր բոլոր քաղաքապետերը լինեին իմաստուն, ոչ միայն Գյումրու քաղաքապետը»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔՊ-ն չմասնակցեց առաջին նիստին, հետագայում ինչպե՞ս կստացվի համատեղ աշխատանքը, արդյո՞ք հնարավոր են կոնֆլիկտներ կամ այլ զարգացումներ։ «Այդ օրը ՔՊ-ի չգալու հետ կապված, ես մի տեղ կատակ արեցի, որ իրենք իրենց վրա վստահ չէին, որ եթե գնային քվեարկության, չէին քվեարկելու Վարդան Ղուկասյանի օգտին։ Դրա համար ընտրեցին չարյաց փոքրագույնը՝ պարզապես չմասնակցել, որպեսզի չխայտառակվեին»,- ասում է զրուցակիցս։
Նորընտիր ավագանու առաջին նիստից առաջ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սարիկ Մինասյանը զգուշացրել էր՝ Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է, եւ որ հանուն Գյումրու պետք է գնալ նոր՝ արտահերթ ընտրությունների: Այս մասով Ա․ Նախշքարյանը նկատում է․ «Սա հիմարության ժանրից է, քանի որ չի կարող նոր ընտրություն լինել, հանուն ինչի՞, որովհետեւ այս դեպքում արդեն 18 ձայն էր, այսինքն՝ այդ +1 ձայնն էլ էին անցել, հետեւաբար՝ 2-րդ ընտրություն կամ ընտրության 2-րդ փուլ լինելու մասին խոսք չի էլ կարող լինել»։
Ինչ վերաբերում է այն մտավախություններին, թե ինչ-որ փուլում իշխանությունը հնարավոր է քրեական գործեր հարուցի Վարդան Ղուկասյանի վրա եւ այդպես չեզոքացնի նրան, Ա․ Նախշքարյանը նկատում է․ «Ես տխրեցնեմ բոլոր նման մտածողներին, քանի որ Վարդան Ղուկասյանին մինչեւ անգամ 1 տարի ժամկետով չեն կարող ձերբակալել, եթե ուրիշ բաներ չլինեն, քանի որ ինքը մինչեւ 1 տարի ժամկետով անձեռնմխելի է։ Հետո, ես վստահ եմ, որ իշխանությունը չի գնալու ձերբակալման ճանապարհով, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ իրենց վարկանիշը շատ ցածր է, իսկ ժողովրդի զայրույթը շատ մեծ է, ընտրված քաղաքապետն էլ պատի ծակից ելած մեկը չէ, որ հետեւից մարդ չհավաքվի ու չգնա։ Այսինքն՝ ձնագնդի ալիքը կարող է մեծանալ ու հասնել մինչեւ Երեւան»։ Զրուցակիցս ընդգծում է, որ այդ առումով այս փուլում քաղաքական անակնկալներ դժվար թե լինեն։
«Եթե, իհարկե, շատ լուրջ գործեր չկարեն մարդու վրա, իրեն չեն կարող ձերբակալել, պարզապես կվախենան ժողովրդի զայրույթից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 36 տոկոս ձայն էր հավաքել Գյումրիում, ու պետք է հաշվի առնել, որ այդտեղ օգտագործվել էին բոլոր տեսակի պետական ռեսուրսները, գումարած Ջավախքից եկած մեր հյուրերը, ովքեր գրանցվել էին այն հասցեներում, որտեղ այդ շենքը 30 տարի առաջ փլվել էր, եւ այդ շենքի բնակիչները վաղուց կա՛մ տներ են ստացել, կա՛մ դոմիկների տարբերակով տեղափոխվել են այլ բնակավայրեր՝ քաղաքի մյուս մասեր։ Այսինքն՝ բոլոր հնարավոր ռեսուրսներն օգտագործելու պարագայում մինչեւ անգամ իրենք 36 տոկոս մի կերպ հավաքեցին ու էլի չկարողացան հաղթել։ Դա գալիս է փաստելու մի բան, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մինչեւ անգամ Հայաստանի մակարդակով 10 տոկոս քվեարկող չունի։ Դրա համար իրենք հիմա շատ մտավախություններ ունեն, ու այս օրերին վարչապետի նման պահվածքն Ազգային ժողովում կարծես վիրավոր գազանի վերջին շունչը լինի, որովհետեւ ինքն այլեւս չի կարողանում իրավիճակին տիրապետել, ու ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս, քանի որ մինչեւ անգամ իրեն են խաբել։ Այսինքն՝ եթե անգամ ինքը չի խաբել, ուրեմն իրեն են խաբել։ Չգիտեմ, թե հետագայում «Քաղաքացիական պայմանագիրն» իր ցուցակով ընտրվածներին ինչ անակնկալներ կմատուցի՝ համոզելու, սիրաշահելու կամ ինչ տեսքով, բայց դա ամենաքիչն է մեզ հետաքրքրում այս պարագայում։ Փառք Աստծո, որ Գյումրին կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ ջարդել գազանի գլուխը, մեզ մոտ դա ստացվեց։ Ես մինչեւ անգամ վստահ եմ, որ եթե ընդհանուր ընդդիմությունն ականջալուր լիներ Շիրակի թեմի առաջնորդին եւ մասնակցեր ընդդիմության 1 թեկնածու կարգավիճակով, ընդդիմությունն ավելի շատ ձայն կհավաքեր, իսկ այս պարագայում ձայները պարզապես ցրվեցին եւ 6-ի մեջ բաժանվեցին։ Պատկերացրեք, եթե այն 2-ը, ովքեր չէին անցել, իրենց ձայները մի տեղ գումարվեին, արդեն բավականին լուրջ թիվ կլիներ եւ ոչ թե 50+1, այլ՝ 56+, մինչեւ անգամ 60 տոկոս կլիներ, եւ Փարաքարի սցենարը կկրկնվեր նաեւ Գյումրիում»։