Պառլամենտական ընտրություններին չորս ամիս է մնացել: Շատերն ասում են, որ այս ընտրությունները ճակատագրական են լինելու: Իշխանությունն արդեն երկար ամիսներ ակնհայտորեն սկսել է գործել նախընտրական տրամաբանությամբ, իշխանության բոլոր գործողությունների, նույնիսկ հակաեկեղեցական արշավների եւ ռեպրեսիաների նպատակը հասարակության մեջ ապատիկ մթնոլորտ ձեւավորելն է՝ ընտրողների մասնակցության մակարդակը նվազեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանն ամեն հնարք գործադրում է` որպես նախընտրական տեխնոլոգիա: Իսկ ընդդիմադիր դաշտում այժմ դեռ քննարկումներ են, նոր ուրվագծվող կոնսոլիդացման նշաններով։ Քաղաքագետները կարծում են, որ ուտոպիստական թեզ են հասարակական-քաղաքական շրջանակներում ընթացող քննարկումները` մեկ միասնական ընդդիմադիր ցուցակ կազմելու հարցի շուրջ։ Նախընտրական խմորումների եւ հնարավոր զարգացումների մասին «Հրապարակը» զրուցել է Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հետ:
- Ընտրությունները մոտենում են: Առկա պատկերը` խմորումները տեսնելով, այսօրվա դրությամբ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ պատկեր ունենք քաղաքական դաշտում: Ո՞ր ուժերն ունեն ռեալ հնարավորություններ: Առհասարակ, ի՞նչ ռիսկեր եք տեսնում, կա՞ն թերացումներ ընդդիմադիր շրջանակների կողմից, որոնք կցանկանայիք, որ վերացվեին:
- Դեռեւս վաղ է վերջնական ձեւավորումների մասին խոսելը, այո, այժմ խմորումների փուլ է, տեղի են ունենում հանդիպումներ, քննարկումներ, դա լավ է այն առումով, որ ընդդիմադիր դաշտը ցանկանում է մաքսիմալ խոշոր միավորումներ ստեղծել, իսկ ինձ բացառապես ընդդիմադիր դաշտն է հետաքրքրում: Խոշոր միավորումներ ստեղծելու նպատակը՝ կարծում եմ, որ բոլորիս համար պարզ է, որպեսզի ձայներ չփոշիացվեն: Յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է հենց այս սկզբունքներով առաջնորդվի: Պետք է փորձել ձեւավորել այնպիսի նախընտրական միավորումներ, որոնք ձայներ չփոշիացնեն որեւէ կերպ: Մնացածը հետագայի հարց է: Այս փուլից հետո նոր միայն պարզ կդառնա «խաղի» սահմանումը, ինչն իր մեջ կներառի քարոզարշավի նրբությունները միմյանց, ինչպես նաեւ` հիմնական հակառակորդի հանդեպ: Կարծում եմ, որ իրավիճակն ընդդիմադիր դաշտում այժմ շատ առողջ է, եւ ամեն ինչ լավ է:
- Բայց արդեն իսկ կան ընդդիմադիր ուժեր, որոնք հայտարարել են իրենց մասնակցության մասին: Օրինակ, «Մայր Հայաստանն» ու ԲՀԿ-ն միասին են մասնակցելու ընտրություններին, «Միասնության թեւերը» միավորվել է «Շանթ դաշինքի» հետ: ՀԱԿ-ը հայտարարել է վարչապետի իր թեկնածուի անունը, ՀՅԴ-ն ու Ռոբերտ Քոչարյանի թիմը եւս հայտ են ներկայացրել եւ այլն:
- Շատ լավ է, որ հայտարարում են իրենց ցանկությունների մասին, սակայն դրանք դեռ ցանկություններ են, հնարավոր է որեւէ ուժ, որն այսօր հայտարարում է մասնակցության մասին, վաղը չկարողանա միավորվել որեւէ ուժի հետ եւ ի վերջո չմասնակցի ընտրություններին: Հայտարարելը զուտ պատրաստակամություն է: Այն, ինչ մենք լսում ենք, այսօր այսպես է, վաղը կարող է լրիվ հակառակը լինել: Ժամանակներն այդպիսին են:
- Ի՞նչ եք կարծում` ո՞ր ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն, ո՞վ ում հետ:
- Միասնական ընդդիմադիր բեւեռի մեջ բոլորի ներառումը նպատակահարմար չէ եւ անարդյունավետ է, ընդդիմադիր դաշտը պետք է ունենա 3-4 բեւեռ:
- Ո՞ր ուժերին եք պատկերացնում այդ բեւեռներում:
- Չեմ ցանկանա հիմա անուններ տալ, սակայն ամեն ինչ հիմա փոփոխական կարող է լինել:
- Առաջարկ է հնչել, որ հոգեւորականներին եւս պետք է ներգրավել ընտրական պրոցեսներում, որպեսզի հանրության վստահությունն ավելի մեծանա ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Ի՞նչ եք կարծում` դա որքանո՞վ կարող է արդյունավետ ու խելամիտ լինել:
- Ես չեմ կարող հստակ ասել արդյունավետության մասին: Հանրությունը` ընտրողը կարող է ցանկացած մեկին, քաղաքական գործիչ կլինի, հոգեւորական կլինի, շատ լավ ընդունել, սիրել, համակրել, բայց այն կարող է չունենալ էլեկտորալ նշանակություն: Այլ բան է հանրային կարծիքը կոնկրետ անձի մասին, լրիվ այլ բան է էլեկտորալ նշանակությունը: Հոգեւորականների մեջ կարող են լինել մի քանիսը, ովքեր կարող են էլեկտորալ առումով ձայներ ունենալ: Նպատակը պետք է արդյունավետությունը լինի:
- ՀՀԿ-ն դեռեւս չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին:
- Դեռեւս բանակցություններ են, մտորումներ են, քննարկումներ են:
- Բայց, ի՞նչ եք կարծում՝ ՀՀԿ-ի դեպքում ճիշտը մասնակցե՞լն է, թե՞ չմասնակցելը:
- Ունենք բավարար կուսակցական եւ մարդկային ռեսուրսներ՝ ընտրություններին մասնակցելու համար: ՀՀԿ-ն ամենախոշոր կուսակցական կառույցներից մեկն է, եթե ոչ՝ ամենախոշորը:
- Օրինակ` ԲՀԿ-ի հետ կարո՞ղ է ՀՀԿ-ն համագործակցել:
- Հիմա խոսել այդ մասին՝ անիմաստ է: Գուցե կան բանակցություններ ղեկավարների մակարդակով, եւ այդ մասին որեւէ մեկը չգիտի, այնպես որ, անիմաստ է հիմա ցանկություն ու տեսլական հայտնել այդ մասին: