Քաղաքականություն

Շա՞տ է, թե՞ քիչ 100 միլիոն դոլարը

Շա՞տ է, թե՞ քիչ 100 միլիոն դոլարը

Վաղուց չեմ հետևում կառավարության նիստերի օրակարգերին ու հեռարձակմանը: Որովհետև, նախ, ափսոսում եմ, որ շաբաթական մեկ ժամ կկորցնեմ հիմարության վրա: Որովհետև յոթ տարին բավարար ժամանակ էր, որպեսզի մարդ հասկանար, որ ՀՀ կառավարության նիստերին  հետևելն իսկապես ժամանակի կորուստ է: Ու այդ առումով չեմ կարող ափսոսանքով չհիշել Կարեն Կարապետյանի վարչապետության ամիսները: Երբ, նույնիսկ որպես գործող իշխանությանն ընդդիմադիր, անպայման աչքի էի անցկացնում թե՛ նիստերի օրակարգը և թե՛ քննարկումները: Քանի որ մեկուկես տարում նրան հաջողվեց Հայաստանի տնտեսության իրական զարգացման սկիզբը դնել: Ինչը, բնականաբար, չեղարկվեց երբեմի «դուխով» Նիկոլի «տնտեսական հեղափոխության» կողմից: Եվ երկրորդ, վերադառնալով մեր օրերը, եթե հանկարծ հետաքրքիր բան տեղի ունենա կառավարության որևէ նիստին՝ ողջ լինեն լրագրողները, նրանք հաստատ դա կներկայացնեն հասարակությանը: 
Ինչպես, օրինակ, տեղի ունեցավ այսօր. Փաշինյանի բացակայությամբ (հիշեցնեմ՝ արձակուրդում է) այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը, ենթադրաբար, ամենահետաքրքիրն էր: Խոսքն անցյալ տարվա փետրվարին «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերության՝ դրա սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (ՖԳԼ) ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված 20 տոկոս բաժնետոմսերի վաճառելուն հավանություն տալու մասին է: Դրանք 50 միլիոն դոլարով վաճառվելու են նախկին սեփականատիրոջը՝ ՖԳԼ ՓԲԸ-ին: 
Հիշեցնեմ, հարցը չզեկուցվող էր, բայց ինձ, օրինակ, հետաքրքրեց, թե ինչու է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով (2024-ի սկզբի տվյալներով)՝ թվով 110.000 հասարակ բաժնետոմսերի շուկայական արժեքն այս օրերին գնահատվել 50 միլիոն դոլար: 110.000 բաժնետոմսերի անվանական արժեքը հավասար է 110 միլիոն դրամի, իսկ «դրամ-դոլար» այսօրվա փոխարժեքով այն հավասար է 289.818,21 ԱՄՆ դոլարի: Ո՜ւր մոտ 300 հազարը և ո՜ւր 50 միլիոնը: Եթե ասվի, որ 1 բաժնետոմսի իրական կամ շուկայական արժեքը շատ ավելի բարձր է, ապա ինչու հենց 172 անգամ: Ո՞վ է որոշել այդ աստիճանի բարձրացումը՝ արձակուրդում գտնվող Նիկոլը, թե ՖԳԼ-ի սեփականատերերը: Թե՞ այդ երկուսը դեմ դիմաց նստել ու վաճառքի գին են որոշել: Եթե «ՄՏՍ Հայաստան»-ը 2024-ի փետրվարին լիներ ոչ թե փակ բաժնետիրական, այլ բաց բաժնետիրական (ԲԲ) ընկերություն ու ցուցակված լիներ որևէ միջազգային բորսայում, ապա շուկայական գնի առումով որևէ հարց չէր առաջանա: 
Կարող է բնական հարց առաջան, թե ինչու է այդ հարցն ինձ այդքան հուզում: Պատասխանեմ. որովհետև բաժնետոմսերի 20 տոկոսը 50 միլիոն դոլար գնահատելը նշանակում է, որ «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունը (ՓԲԸ-ն) գնահատվել է կլորիկ՝ 100 միլիոն դոլար: Չգիտեմ՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Նիկոլի օրոք, ենթադրաբար, վատ չէ, բայց եթե մեզ մյուս տարվա հունիսի խորհրդարանական ընտրություններին հաջողվի ՀՀ վարչապետի պաշտոնն ազատել նրանից, ապա 100 միլիոնը, կարծում եմ, այնքան էլ մեծ թիվ չի համարվի: Եթե հաշվի առնենք, որ Նիկոլից ազատվելով՝ Հայաստանը չի կարող չունենալ թռիչքաձև զարգացում: Իսկ այդ պարագայում 100 միլիոնը կարող է քչություն անել՝ եթե «Վիվայի» սեփականատերը որոշի ներդրումներ ներգրավել արտերկրից՝ գրավադրելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image