Վերլուծություն

Տեսեք՝ ո՞վ է գրոհում Նարեկի դեմ. այս անգամ ժողովուրդը թույլ չի՛ տա

Տեսեք՝ ո՞վ է գրոհում Նարեկի դեմ. այս անգամ ժողովուրդը թույլ չի՛ տա

Գիտե՞ք՝ այս իշխանությունը ինչու կարողացավ այդքան հեշտ տապալել գեներալ Մանվելին։ Որովհետև նրա ոտքի տակ հող չկար։ Իսկ այդ հողը ժողովուրդն էր։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ժողովրդին հանել նրա դեմ։ Թե ինչ մեթոդներով, ինչ քարոզչությամբ ու ինչ լծակներով, այսօր նույնիսկ հիշելն է ցավոտ։

Հիմա նույն մեթոդաբանությունն են փորձում կիրառել այլախոհ քաղաքական ուժերի նկատմամբ։ Պարզ բացատրեմ, որ հասկանալի լինի, թե այսօր ինչ ճանապարհով են գնում։

ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի մանդատները վերցնելու վերաբերյալ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, ասել է. «Մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ԱԺ-ում և քաղաքականապես ոչնչացնելու ենք՝ մինչև վերջին մարդը»։

Ինչո՞ւ է այդպես գրոհում։ Ինչի՞ց է այդքան թևավորվել։

Որովհետև տեսնում է, որ ընդդիմությանն ընտրած քաղաքացիների մի զգալի հատված դժգոհ է մանդատների հարցով հնչած հայտարարություններից։ Ճեղքվածք է առաջացել։ Իսկ նման ճեղքվածքները իշխանությունը երբեք բաց չի թողնում։ Ռուբինյանին թվում է, թե եթե ժողովուրդը տվյալ հարցում դժգոհ է ընդդիմությունից, ապա կարելի է ֆեյքային գրոհներով, քաղաքական ճնշումներով ու ագրեսիվ հռետորաբանությամբ վերջնականապես զրոյացնել այդ ուժերին։

Սա նույն տեխնոլոգիան է, որն արդեն մեկ անգամ կիրառվել է։ Ժողովրդին հանել քաղաքական հակառակորդի դեմ, որպեսզի, երբ սկսվի գրոհը, նրա ոտքի տակ ամուր հող չլինի։ Որպեսզի ժողովուրդը երես թեքած լինի, իսկ իշխանությունը հանգիստ կատարի իր գործը։
Այսօր արդեն թիրախում է Գագիկ Ծառուկյանը։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվում են քաղաքական ճնշումներ, շանտաժ և հրապարակային վարկաբեկման փորձեր։ Բայց կա մի շատ կարևոր տարբերություն։

Մանվելի դեմ արշավի ժամանակ ժողովուրդը հավատում էր իշխանությանը և, ցավոք, կուլ գնաց այդ քարոզչությանը։ Այսօր իրավիճակն այլ է։ Այսօր իշխանության խոսքին այլևս նույն վստահությունը չկա։ Եվ հենց այդ պատճառով Ռուբեն Ռուբինյանի նման հայտարարությունները շատերի մոտ բոլորովին այլ արձագանք են առաջացնում.

«Տեսեք՝ ո՞վ է գրոհում Նարեկի դեմ։ Թույլ մի տվեք, ժողովուրդ»։

Բազմահազար իրական գրառումներ կարդալով՝ հենց այս տրամադրությունն եմ զգացել։

Այո՛, հնարավոր է շատերը դժգոհ լինեն ընդդիմության այս կամ այն որոշումից։ Հնարավոր է չցանկանան, որ ընդդիմադիր ուժերը մտնեն խորհրդարան։ Բայց դա ամենևին չի նշանակում, թե նրանք համաձայն են, որ իշխանությունը քաղաքական հաշվեհարդար տեսնի իր ընդդիմախոսների հետ։

Ժողովուրդը կարող է դժգոհ լինել ընդդիմությունից, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է ծափահարել, երբ Ռուբինյաններն ու իրենց քաղաքական թիմը հերթով փորձում են ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր իրենց ճանապարհին են կանգնած։

Ու հենց այստեղ է իշխանության ամենամեծ սխալ հաշվարկը։ Նրանք կարծել են, թե հասարակության դժգոհությունը կարող են վերածել իրենց քաղաքական զենքի։ Բայց հասարակությունն արդեն տարբերում է քննադատությունն ու հաշվեհարդարը։

Ուստի սա Մանվելի օրերը չեն։ Այսօր շատերն առաջին հերթին հարցնում են ոչ թե՝ «ո՞ւմ են հարվածում», այլ՝ «տեսեք՝ ո՞վ է հարվածողը»։ Իսկ այդ հարցի պատասխանն արդեն փոխում է ամբողջ քաղաքական պատկերը։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image