Այլ

Պարտվողը հաղթողներին տանել չի կարողանում․․․

Պարտվողը հաղթողներին տանել չի կարողանում․․․

Նիկոլ Փաշինյանի նախագահներին բանավեճի հրավիրելու քայլը իրական բանավեճի կոչ չէ։ Վկայությունը բանավեճի հրավիրման նրա  գռեհկաբանությունն ու անպարկեշտ բառապաշարը։ Դա հրավեր չէ, մաքուր հաշվարկ է։ Նրա նպատակը երկու կողմ ունի․

Ցույց տալ «քաջություն», ուժ։ Սովորաբար մարդիկ թմբկահարում են այն, ինչ չունեն։ Նիկոլ Փաշինյանն ուզում է ցուցադրել հանրությանը, որ ինքը թույլ չէ, մի քանի անգամ նույնիսկ բարձրաձայնել է, որ իրեն թույլ չանվանեն։ Առավել ևս այն ֆոնի վրա, երբ իր իշխանության օրոք որևէ հաղթանակ չի արձանագրել։  Միայն խայտառակ պարտություններ։ 
Փաշինյանը գիտի, որ նախագահները  չեն գալու։ Բայց հենց այդ մերժման մեջ է նրա հաշվարկը․ հանրությանը ներկայացնել, թե իբր «ինքը պատրաստ է բաց դեմքով խոսելու, իսկ նրանք վախենում են»։ Այսպիսով փորձում է իր թուլությունը վերածել ուժի և շրջել մարդկանց ուշադրությունը։ Փորձում է մոռացության տալ   սեփական ձախողումները և քննարկման դաշտ բերել ոչ թե իր պատասխանատվությունը, այլ՝  նախկինների թեման։ Կենտրոնում այլևս չի լինում նրա սխալ կառավարման հետևանքը։ Կենտրոնում լինում է նրա ձևակերպած «բանավեճից փախչող նախագահները»։
Կհարցնեք՝ իսկ ինչու՞ նախագահները չեն արձագանքում։ Պատճառը միայն Փաշինյանի փողոցային  բառապաշարը չէ։ Գործընթացը շատ ավելի խորքային է։ 

Նախագահները նրան լեգիտիմություն չեն տալիս։ Հասկանում են, որ բանավեճի դաշտ մտնելը կնշանակի ընդունել Փաշինյանի խաղի կանոնները և նրան դնել «մրցակցի» դիրքում։ Իսկ իրականում նրանք Փաշինյանին  չեն դիտարկում որպես հավասար։ Փակագծերը փակ եմ թողնում։ Փաշինյանը քննարկումը վերածում է փողոցային շոուի։ Նրան պատասխանելը կնշանակի իջնել այդ մակարդակին, ինչն իրեն հարգող որևէ ղեկավար չի ցանկանա։ Գործում է քաղաքական հաշվարկ

Նախագահները  գիտեն, որ եթե հայտնվեն բանավեճում, Փաշինյանը դա կօգտագործի՝ ցույց տալու համար, թե իբր «նրանք եկան ու կանգնեցին իմ դիմաց»։ Լռությամբ նախագահները  խափանում են նրա մանիպուլյացիան։ Կանխում են նաև Փաշինյանի նպատակը։ Նա հրավիրում է ոչ թե իրական բանավեճի, այլ իր թուլությունը թաքցնելու համար։ Նախապես գիտի, որ նրանք չեն գա, և այդպես փորձում է հանրությանը համոզել՝ «տեսեք, վախենում են»։
Երեք նախագահները լռում են ոչ թե ասելիքի պակասից, այլ գիտակցաբար։ Գիտեն, որ պարտվողը հաղթողներին տանել չի կարողանում․․․  Որ Փաշինյանի մանիպուլյատիվ խաղը հերթական քայլն է՝ սեփական պարտությունը, թուլությունը  քողարկելու համար։ Իսկ հասարակությունը տեսնում է իրականությունը․ Հայաստանի հաղթանակները եղել են, կան և մնալու են, իսկ Փաշինյանի շոուն՝ թուլություն շաղախած փրկչի պատրանք է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image