Քաղաքականություն

Ես միակ այլընտրանքն եմ եւ միակ հեղափոխականը․ Արտյոմ Թումանյան

Ես միակ այլընտրանքն եմ եւ միակ հեղափոխականը․ Արտյոմ Թումանյան

Հետպատերազմյան ծանրագույն փուլում Նիկոլ Փաշինյանին անձնուրաց ծառայություններ մատուցած Արտյոմ Թումանյանը որպես ընդդիմադիր քաղաքապետի թեկնածու մասնակցում է Գյումրու ընտրություններին։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա պնդում է՝ իշխանության միակ այլընտրանքը ես եմ, եւ որեւէ կապ չունեմ մնացած 9 թեկնածուների հետ։ Թումանյանն իրեն համարում է՝ ժողովրդի սրտի թեկնածու։ 

Ինչպե՞ս Գյումրեցին հավատա, որ կապ չունի Թումանյանը իշխանության հետ, ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանին, երբ պատերազմից հետո՝ 2021թ․-ի ընտրություններից առաջ ցույցեր էր կազմակերպում խորհրդարանական ընդդիմության դեմ՝ թույլ չտալով պատգամավորների մուտքը Գյումրի։ 

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Նիկոլ Փաշինյանի համար ենք արել։ Նա եղել է «հեղափոխության» առաջնորդը, ազգի 90 տոկոսը հեղախոխության մասնակից է եղել, ճանապարհներ են փակել։ Հիմա ի՞նչ է դուրս գալիս՝ հեղափոխությունը ճանապարհից շեղվել է, մենք մնում ենք նույն դիրքում։ Մենք հեղափոխության սկզբունքները կրող, եւ ավարտին հասցնող մարդիկ ենք»,-պատասխանում է նա։

Ինչպե՞ս է շեղվել իշխանությունը «հեղափոխական» արժեքներից, հարցը մի քանի անգամ եմ տալիս, Թումանյանը խուսափում է քննադատել, վերջապես պատասխանում է․ «7 տարիների ընթացքում ժողովուրդը տնակներից դուրս չի եկել։ Հեղափոխությունն արեցինք նրա համար, որ գյումրեցին մեջքը շտկի, բայց ստացվեց՝ հարուստները հարստացան, քյասիբները քյասիբացան»։ 

Արտյոմ Թումանյանը դավադրություն է տեսնում իր դեմ։ «Ամենակարեւոր բանը, մենք ունենք 9 քաղաքապետի թեկնածու, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելել է պաստառներ փակցնել։ Ես չգիտեմ, թե ինչու ինձ ԿՀԸ-ից ասել են՝ վիճակահանություն է եղել, այդպես են որոշել։ Բայց աշխարհում նման օրենք կա՞, որ բոլորին թույլ տան, մեկին չտան»,-զայրացած ասաց քաղաքապետի թեկնածուն։

Ըստ մամուլի հրապարկած եւ չհերքված տեղեկության՝ Արտյոմ Թումանյանը 8-րդ դասարանի կրթություն ունի, հետաքրքրվեցինք իրենից՝ որտե՞ղ է ավարտել, ի՞նչ մասնագիտություն ունի։

«2 բարձրագույն կրթություն ունեմ, ավարտել եմ ժուռնալիստիկայի եւ էկոնոմիկայի բաժինը»,-ասաց նա՝ հավելելով. ավարտել է Գյումրու Պրոգրես համալսարանը։ Գյումրիում Թումանյանին լավ ճանաչողներն ասում են, որ նա ոչ մի տեղ էլ չի ավարտել, եւ քանի որ  Արտյոմ Թումանյանի կրթության վերաբերյալ տեղեկությունը հավաստի չէ, մենք փորձեցինք այն ճշտել Պրոգրես համալսարանից, սակայն մեր զանգերին պատասխանող չեղավ։ 

Հիշեցինք նաեւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում, որի դեմ քրեական վարույթը հարուցվել է հենց Արտյոմ Թումանյանի դիմումով։ 

«Դուք հարցեր եք տալիս, որը Գյումրու հետ կապ չունի, բայց ես կպատասխանեմ։ Ես ի՞նչ կապ ունեմ իր մահվան հետ, իմ խոսքով դիմել եմ Արմեն Գրիգորյանին, ասել եմ՝ դու քո պատիժը ստանալու ես ժողովրդի կողմից»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը օրերս գրառում էր արել Արտյոմ Թումանյանի մասին, նշելով, որ հենց նա է կանգնած Գրիգորյանի ձերբակալության հետեւում։ «Ով չգիտի՝ ասեմ, իմանաք։ «Ֆայտոնով մաշտ»-ը լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ տռավլյան կազմակերպած անձն է, որին հաջորդեց ցուցադրաբար ստորացնելով ձերբակալությունը, ապա կալանքն ու մահը դատարանի դահլիճում։ Արժի՞ նրան ճանաչելի դարձնել՝ թեկուզ ծաղրելով։ Դու՛ք որոշեք»,-գրել էր նա։


Մանրամասն՝ տեսանյութում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image