Քաղաքականություն

Նույն կաղապարով սարքված քամելեոնները

Նույն կաղապարով սարքված քամելեոնները

Ի՞նչն է պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք շատ հեշտ ինտեգրվում են փաշինյանական իշխանությանը (իհարկե, բացառությունները չհաշված` Հրանտ Բագրատյան, Արա Սահակյան, Լեւոն Զուրաբյան), դառնում այդ իշխանության մասը, անմնացորդ պաշտպանները: Կա տեսակետ, որ դրանք սովորական քամելեոններ են, որոնք ցանկացած իշխանության հետ գունափոխվում են, հարմարվում նոր միջավայրին եւ հանուն իրենց անձնական շահի, հանուն իշխանության ու փողի պատրաստ են համագործակցել ցանկացած իշխանության հետ: Իհարկե, սա կա, բայց իրականությունը, կարծում եմ, մի փոքր ավելի լայն է: Ինչպես տերպետրոսյանական, այնպես էլ փաշինյանական իշխանության հիմնական դերակատարները, այսպես կոչված, իշխանական էլիտան, բուծվել են նույն` արեւմտյան լաբորատորիաներում, նույն գաղափարական-գաղափարախոսական կաղապարներով, արդյունքում ստացված արտադրանքն էլ նույնն է՝ մոլի ռուսատյացներ, անմնացորդ արեւմտասերներ ու իշխանասերներ: Հենց դրանում է նրանց ընդհանրությունը եւ հարազատությունը:

Տերպետրոսյանական թիմի ներկայացուցիչները տեսնում են, որ իշխանության է եկել մեկը, որը երկիրը տանում է դեպի իրենց երազանքների էլդորադո` Եվրոպա, Եվրամիություն, որին իրենք չհասան 90-ականներին, բայց իրենց մանկության անկատար երազանքի իրականացման համար ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները: 
Օրերս Հանրային հեռուստատեսությամբ հարցազրույց էր տալիս Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Բարխուդարյանը, որն իր առաջ խնդիր էր դրել Փաշինյանի՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու եւ եվրաինտեգրացիայի ճանապարհով գնալու որոշումը պաշտպանել, դրա օգտակարությունը հիմնավորել: 

Բարխուդարյանն ասում է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, Ռուսաստանի շուկան Հայաստանի համար չի փակվի, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների՝ հայկական գինու, կոնյակի, օղու, պահածոների, չրերի եւ մյուս սննդամթերքի պահանջարկը կշարունակի մնալ. «Մենք օգտվում ենք այն հանգամանքից, որ Ռուսաստանը սանկցիաների տակ է, եւ ցանկացած արտադրանք, հատկապես սննդի արտադրանք, ալկոհոլային խմիչքներ, վաճառվում է առանց որեւէ խնդրի, այնտեղ պահանջարկը կա: Բայց դա անվերջ չի շարունակվելու, վաղը, մյուս օրը Ռուսաստանն էլ է, չէ՞, խաղաղության պայմանագիր ստորագրելու, սանկցիաներն էլ են, չէ՞, պակասելու»:  Նախ՝ ով ասաց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանվելու են, եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքվի: Եվ երկրորդ․ ենթադրենք՝ պատժամիջոցները հանվեցին, ինչո՞ւ այդ նույն հայկական ապրանքը չպետք է շարունակի հաջողությամբ վաճառվել Ռուսաստանում: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, առավելություն ունի այլ երկրների արտադրողների նկատմամբ, մեր ապրանքներն այդ շուկա են հասնում առանց հարկման եւ մրցունակ են:

Բայց չէ` Բարխուդարյանի սիրտը եվրոպական շուկաներ է ուզում, ուզում է, որ հայկական սառնարան-մեքենաները բարձվեն հայկական սննդամթերքով եւ 30 ժամ հետո բացվեն Վարշավայում, Կրակովում կամ այլ եվրոպական քաղաքում՝ անցնելով Թուրքիայի միջով: Բայց այս երազանքի իրականացման համար 2 անհաղթահարելի խոչընդոտ կա: Մեկը՝ որ Թուրքիան սահմանը չի բացում: «Ճանապարհները փակ է պահում Թուրքիան, մինչեւ որ մինչեւ վերջ ճզմի Հայաստանից այն, ինչ ուզում է ստանալ` Սյունիքի միջանցքը,  որը ոչ մի գնով չպետք է տալ»,- իր ավելի վաղ տված մի հարցազրույցում ասում է Բարխուդարյանը: Հետո էլ բողոքում է, թե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն որքան էլ ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, միեւնույն է` Թուրքիան ճանապարհը չի բացում, թեեւ կախված է նրանցից: Ստացվում է, որ կա՛մ Արեւմուտքը ճնշում չի գործադրում` ճնշման իմիտացիա է անում, կա՛մ էլ բավարար ազդեցություն չունի Թուրքիայի նկատմամբ: Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է` Թուրքիան ճանապարհը չի բացի, կշարունակի ճզմել Հայաստանին, ինչպես որ ճզմում է 35 տարի շարունակ, իսկ Բարխուդարյանի երկնագույն երազանքը` հայկական սառնարան-մեքենաները Կրակովի փողոցներում, կմնա անկատար: 

Մի կարեւոր հարց էլ կա. իսկ ո՞ւմ է պետք հայկական արտադրանքը Եվրոպայում, ինչո՞ւ պետք է այն մրցունակ լինի Կրակովում կամ Վարշավայում: Նույն Բարխուդարյանը մի հարցազրույցում ասում է, որ թուրքական ցիտրուսներն այնքան էժան են, որ Վրաստանի եւ Հայաստանի սահմանը հատելով՝ ավելի էժան են վաճառվում, քան հայկական խնձորը: Երբ լրագրողը նրան հարցնում է, թե որն է պատճառը, Բարխուդարյանը պատասխանում է. «Իրենց մոտ շատ զարգացած է գյուղատնտեսությունը, ինդուստրիալ հիմքերի վրա է դրված, դրա համար էլ ինքնարժեքը շատ ցածր է»: Բա եթե Թուրքիայում գյուղատնտեսությունն այդքան զարգացած է, որ իրենց ապրանքն ավելի էժան է հասնում Հայաստան, ինչո՞ւ պետք է Հայաստանի ապրանքն ավելի էժան լինի թուրքականից` եվրոպական շուկաներում: Էդ Հայաստանն ի՞նչ է արտադրում, որ Թուրքիան չի արտադրում կամ չի կարողանում արտադրել: Թերեւս միայն բարխուդարյանատիպ արտադրանք, որի պահանջարկը ոչ մի տեղ չկա` ո՛չ ԵԱՏՄ եւ ո՛չ էլ ԵՄ շուկայում, բայց, ցավոք, դեռ պահանջարկ ունի Հայաստանում: 

Բարխուդարյանին հարցնում են, թե արդյո՞ք հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո թուրքական էժան գյուղատնտեսության արտադրանքը կարող է հոսել Հայաստան եւ վնասել հայկականին: Գիտե՞ք, թե ինչ է պատասխանում, չեք կարող անգամ երեւակայել: Մոռանալով, որ Թուրքիայում գյուղատնտեսությունը դրված է ինդուստրիալ հիմքերի վրա, հենց ինքն է ասել, պատասխանում է. «Եթե ամեն ապրանքախմբից նմուշառում արվի, Սննդի անվտանգության տեսչությունը ստուգի, եւ եթե այնտեղ քիմիա կա` հետ տրվի, ուրեմն դա այդքան էժան չի կարող գալ Հայաստան: Եթե բնական, մաքուր լոլիկը իրենք կարողանում են սահման անցնելով, այդքան ճանապարհ անցնելով էժան վաճառել, ուրեմն ինչ-որ մի նոր հայտնագործություն կա, այդ հայտնագործությունը գնենք, այդ տեխնոլոգիայով այստեղ լոլիկ աճեցնենք, եւ մերն ավելի էժան կլինի»: Պատկերացնո՞ւմ եք` Հայաստանի Սննդի անվտանգության տեսչությունը պետք է թույլ չտա, որ թուրքական լոլիկը գա Հայաստան, իսկ Թուրքիայի կամ եվրոպական սննդի անվտանգության տեսչությունները պետք է թողնեն, որ հայկական սննդամթերքը, լոլիկը Թուրքիայի սահմանն անցնելով, թուրքական ճանապարհով գնա հասնի Կրակով ու Վարշավա: 

Եվ հարցը Բարխուդարյանի մոտ տրամաբանության, բանականության տարրական սաղմերի բացակայությունը չէ, նման անոմալիա կարող է դիտարկվել հազարից կամ տասը հազարից մեկի մոտ: Տարօրինակն ու ողբերգականն այն է, որ այս մարդը 7-8 տարի եղել է Հայաստանի ֆինանսների նախարար՝ հերիք չէ, հիմա էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բաժնի վարիչն է եւ իր նման տնտեսագետներ ու ֆինանսիստներ է կրթում: Բարխուդարյանի մտքի այլ փայլատակումներին չարժե անգամ անդրադառնալ, օրինակ` հայտարարում է, որ Հայաստանում արեւային ֆոտովոլտային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիան հավասարազոր է ատոմակայանի արտադրանքին, այն դեպքում, երբ դրանց տարբերությունն անգամներով է, այն դեպքում, երբ ատոմակայանն աշխատում է 24 ժամ եւ կայուն էլեկտրաէներգիա է արտադրում, իսկ արեւային կայանների արտադրանքը կապված է լուսավորության հետ, օրվա տարբեր ժամերին տարբեր է, մթության մեջ` զրո:

Բարխուդարյանի սիրելի ԵՄ-ում էլ ուզեցան հրաժարվել ատոմային կայաններից եւ գազից, այսպես կոչված, «կանաչ էներգիային» անցում կատարել, բայց անցման փոխարեն ցնցում եղավ: Բարխուդարյանը Հայաստանին նոր ցնցում է ուզում բերել, ասում է` եթե 90-ականների նման իրավիճակ լինի` առանց էլեկտրաէներգա, գազ, մենք կհաղթահարենք: Ինքը այդ ժամանակը լավ է հաղթահարել, լինելով ֆինանսների նախարար, մասնակցել է Խորհրդային Հայաստանից մնացած հսկայական տնտեսական ժառանգության ոչնչացմանը: Հիմա էլ ուզում է հաղթահարել դրանից հետո ստեղծվածը: Նրա մտքով անգամ չի անցնում, որ գուցե իմաստ չունի՞ հաղթահարելը, գուցե այս անգամ «չհաղթահարենք», այլ շրջանցենք: Խիղճն էլ է լավ բան:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image