«Բալասանյան դաշինքի» եւ «Քաղաքացիական պայմանագրի» հուշագիրը խզումից հետո Գյումրիում իրավիճակը գնալով բարդանում է։ ՔՊ-ական պաշտոնյաներն արդեն մի քանի օր է՝ երկու փոխքաղաքապետերի գլխավորությամբ աշխատանքի չեն գնում, ազատման դիմումներ են ներկայացրել եւ համայնքապետարանի աշխատանքն այսպես ասած՝ կիսատ-պռատ է։ Մինչ Գյումրիում տարատեսակ խոսակցությունները չեն դադարում, ավագանու անդամներն իրենց անելիքներն են քննարկում։ «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» խմբակցությունները երեկ իրենց դիրքորոշումը հայտնեցին։
«Զարթոնք» խմբակցության Գյումրու ավագանու ղեկավար Վարդևան Հակոբյանը hraparak.am-ի հետ զրույցում չէր բացառել ՔՊ-Ի հետ համագործակցությունը, մինչդեռ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ կուսակցությունն իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքը չի փոխել: Պատերազմում պարտության և Արցախի հանձնման հարցերով պատասխանատու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցելու եզրեր չեն կարող լինել: ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառել է նաև «Ապրելու երկիր»-ը։
ՀՀԿ-ն ևս 2 ավագանու մանդատ ունի: ՀՀԿ ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը hraparak.am-ի հետ զրույցում ՔՊ-ին միանալը միանշանակ բացառեց:
«ՀՀԿ-ն այս պահին ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը եւ մեր վերլուծություններն ենք անում: Անհրաժեշտության դեպքում հայտարարությամբ հանդես կգանք, իսկ ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը՝ մենք արմատական ընդդիմություն ենք, ի սկզբանե նույնն է եղել մեր դիրքորոշումը եւ չի փոխվել, որը մենք հստակ արտահայտել ենք նաև համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ: Մենք ՔՊ-ի հետ բացառել, բացառում եւ նաև բացառելու ենք ցանկացած համագործակցություն : Ասացի՝ մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին եւ երբ լինի առավել հստակ տեղեկություն, հանդես կգանք մեկնաբանությամբ» ,-ասաց ավագանու ՀՀԿ-ական անդամը:
Նարեկ Միրզոյանից հետաքրքրվեցինք, եթե առաջիկայում ՔՊ-ն նախաձեռնի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնելու գործընթաց, կփորձեն սատարել Սամսոնյանին, թե ոչ : «Այս փուլում նպատակահարմար չեմ գտնում այդ հարցին անդրադառնալ, քանի որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, «Բալասանյան դաշինքը» նույնպես հանդես է գալու հայտարարությամբ, եւ երբ կլինեն համապատասխան հայտարարություններ, մենք, հետևելով իրավիճակի զարգացմանը, պաշտոնապես հանդես կգանք հաղորդագրությամբ»,-ասաց ավագանու անդամը:
Նշենք, որ դեռևս անհասկանալի է «Բալասանյան դաշինքի» կեցվածքը, քանի որ Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի՝ Իրաքի դեսպան նշանակվելուց հետո, չեն դադարում խոսակցությունները, որ ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինքի» միջև կրկին կուլիսային պայմանավորվածություն է ձեռք բերվել: