Քաղաքականություն

Ալիեւին քայլ առ քայլ մեր գաղտնիքները տալուց հետո նոր գերիների հավանականությունն ավելի է մեծանում

Ալիեւին քայլ առ քայլ մեր գաղտնիքները տալուց հետո նոր գերիների հավանականությունն ավելի է մեծանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի ականապատման քարտեզը՝ «մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»։ Եվ նշել է, որ պատերազմի ավարտից հետո ականների պայթյունի հետեւանքով 30 ադրբեջանցի է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել:

Քանի՞ նման քարտեզ կա եւ որտե՞ղ։ Հարցն ուղղեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Նրա խոսքով՝ ոչ ֆորսմաժորային իրավիճակներում բոլոր այն տեղանքներում, որտեղ հակառակորդի պաշտպանական բնագծեր կան, տարածքներն ականապատվում եւ քարտեզագրվում են՝ «հավանական առաջխաղացումները կասեցնելու համար»։

Իսկ Շուշին եւ Հադրո՞ւթը, որոնք 7 շրջանների թվում չէին։ Նահապետյանը դժվարանում է ասել, որովհետեւ, «ամեն դեպքում, Շուշին Աղդամ չէ», որի պաշտպանական բնագծերի դիմաց ադրբեջանական խրամատներ լինեին։ «Նույնը՝ Քարվաճառը, նույնը՝ Ջրականը։ Բայց Շուշիի վրա հակառակորդի հարձակման հավանականությո՞ւն կար։ Չկար, չէ՞, նման բան։ Երբ ականապատում ես, այդ տարածքները դու որեւիցե ձեւով չես կարող օգտագործել ե՛ւ որպես ճանապարհ, ե՛ւ որպես մշակովի տարածք, որովհետեւ Շուշիի հարակից տարածքում մարդիկ էին ապրում։ Տեսականորեն, իհարկե, կար ականապատման հնարավորություն, եթե Շուշիի կողմից լիներ հարձակման հավանականություն»։ 

Հիշեցնենք, որ Ակնայի ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է ազատ արձակել: Այսինքն՝ կշեռքի մի նժարին մարդկային կյանքեր ու անլուր տառապանքներ են, մյուսին՝ Հայաստանի ու Արցախից մնացած հատվածի անվտանգության հարցը։ Հարց, որին հայ հասարակությունը, քաղաքական ուժերն ու փորձագետները դեռ պատրաստ չեն պատասխանել։ Այն է` որքանո՞վ է նպատակահարմար գերիների փոխանակումը քարտեզների հետ, հատկապես որ նոյեմբերի 9-ի պայմանագրով ամրագրված է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց», այլ ոչ «թե քարտեզներ՝ գերիների դիմաց» սկզբունքը։ 

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը վերջին մեկ ամսում զբաղված է քարտեզների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ, որը, փորձագետի խոսքով, թե՛ հակասական է, թե՛ ռազմական ու պետական գաղտնիքի տարրեր ունի եւ թե՛  մանիպուլյատիվ է՝ մյուս կողմից։ «Իշխանությունը, որն այդ քայլին է դիմել, ամեն կերպ քարտեզների կարեւորությունը նսեմացնում է, իսկ ընդդիմությունն էլ ամեն կերպ մեծացնում է։ Հիմա էս դեպքում, իրոք, դժվար է կարծիք հայտնել, եւ նաեւ խնդիրն էմոցիոնալ տարր ունի, քանի որ վերաբերում է մեր հայրենակիցների կյանքին ու ազատությանը։ Եթե ասում ես, որ քարտեզները չպիտի տանք, այս մարդկանց հարազատները քեզ մեղադրում են անմարդկային լինելու մեջ, եթե տալու կողմնակից ես, ապա ստացվում է, որ Ալիեւն անընդհատ կարող է գերի բռնել եւ քայլ առ քայլ մեզնից մեր գաղտնիքները վերցնել։ Ընդ որում՝ ամեն մի վերցնելուց հետո նա ավելի է ուժեղանում։ Այսինքն՝ նոր գերիների հավանականությունն ավելի է մեծանում․ վերցրեց՝ տվեցիր, ավելի շատ գաղտնիք է ուզում, տվեցիր՝ էլի է վերցում»,- ասաց փորձագետը։ 

Իշխանական ճամբարից հնչող պնդումներին, թե քարտեզները կարեւոր չեն, Մհեր Հակոբյանը հակադարձում է․ «Ո՞վ ասաց։ Ես կարծում եմ, որ կարեւոր են անգամ թշնամու թիկունքում գտնվող ականապատ տարածքները․ դրանք սահմանափակում են թշնամու մանեւրելու հնարավորությունը, նաեւ դրանք ինտեգրելու առումով է սահմանափակում թշնամու հնարավորությունները։ Ի վերջո, բացառված չէ, որ կանցնեք հակահարձակման, եւ էդ դեպքում դու գիտես քո հին պաշտպանական դաշտերը։ Թշնամին՝ ինքը, 10 տարի ժամանակ պետք է ծախսի 100 հազար ական գտնել-հանելու համար։ Ամեն ականի վրա էլ 1000 դոլար ծախսի»։

Իսկ հարցի պատասխանը, ըստ փորձագետի, կարող է լինել միայն այն, եթե մի օր լինի իշխանափոխություն եւ քիչ թե շատ օբյեկտիվ քննություն։ Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե նախկին արտգործնախարար Արա Այվազյանն իր նախկին պաշտոնում աշխատել է Նիկոլ Փաշինյանի թիմի դեմ եւ ստել է, թե ականապատ քարտեզներ գոյություն չունեն՝ այսպիսով խոչընդոտելով գերիների վերադարձի գործընթացին։ «Ընդհուպ մինչեւ մայիսի 27-ը մեր գերիների հարցը լուծում չէր ստանում։ Երբ Արա Այվազյանը (Հայաստանի նախկին արտգործնախարար) հրաժարական տվեց, գերիների հարցն արագ լուծվեց: Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք արդեն փոխանցել ենք: Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծել այս հարցը:

Նա ոչ միայն ստում էր, այլեւ տորպեդահարում էր: Այվազյանը չէր ցանկանում լուծել Հայաստանի անվտանգության հարցերը: Նա ավելի շատ ուզում էր մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել: Նա լքեց պաշտոնը, պատկերավոր ասած, լինելով մարտի դաշտում: Բացի այդ, նա տորպեդահարում էր խնդիրների լուծման մեր հնարավորությունները: Մի քանի ամիս այս հարցը չէինք կարողանում լուծել: Հենց որ պաշտոնյան հրաժարական տվեց, երկու շաբաթվա ընթացքում, երբ նա չէր մասնակցում բանակցություններին, հարցը լուծվեց»,- ասել էր Գրիգորյանը: 

Արա Այվազյանն էլ News.am-ին տված հարցազրույցում սա որակել էր որպես զրպարտություն, որը չի մեկնաբանում։ Միայն ասել էր․ «Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եվ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image