«Հրապարակի» զրուցակիցն է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
-«Հրապարակը» գրել էր, որ իշխանությունները փորձելու են ամեն կերպ խոչընդոտել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին: Վեհափառի դեմ հերթական մտացածին քրեական գործն են նախաձեռնել, բայց Եպիսկոպոսաց ժողովից ինչո՞ւ են այդքան «սարսափում»:
- Ինչի համար է Եպիսկոպոսաց ժողովը, այն գումարվելու է և շատ հարցերի պատասխան է տրվելու: Եվ այն եպիսկոպոսները, որոնք մասնակցեն, պետք է իրենց վճռական խոսքն ասեն այս իրավիճակի հետ կապված:
-Տիրադավների՞, թե՞ ընդհանուր իրավիճակի հետ կապված:
-Առհասարակ, միայն այդ տասը եպիսկոպոսների մասով չէ: Քահանաներ կան, տեսնում եք, իրենց կարծիքն են ասել, ինչ-որ օրակարգեր կան, ինչ-որ թերի հավաքած կանոնակարգ ունեն իրենք, և այլն, և այլն: Իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Այդ ամեն ինչի մասին պետք է անդրադարձ լինի վստահաբար և եթե Դուք ասում եք` սարսափում են, վախենում են, որովհետև, երբ Եպիսկոպոսաց ժողովը լինի, հետո հայտարարություն կլինի վստահաբար, իսկ այդ հայտարարությունը պիտի կարդա մեր հասարակությունը, հիմնականում մեր հավատացյալները:
-Ճի՞շտ եմ հասկանում, որ այդ հայտարարության մեջ որոշակի նորություններ են լինելու, որոնք սառը ցնցուղ են լինելու իշխանությունների համար:
-Տեսեք, հայտարարություններն արվելու են քննարկումներից հետո: Քննարկումները երեք օր են տևելու, և այդ քննարկումից հետո հստակ հայտարարություն կլինի: Եվ հասարակությունն էլ կտեսնի, որ մնացած մեր եպիսկոպոսները, սրբազան հայրերը Վեհափառ հայրապետի հետ ուս ուսի եկեղեցին ուզում են իրոք, իրենք բարեկարգում բառն են օգտագործում, եկեղեցին մշտապես էլ իրենք են ժողովների միջոցով, գործի միջոցով բարեկարգել: Հիմա դրանից հետո արդեն իրենց հայտարարությունները հիմնականում մեր ժողովրդի առջև կդառնան դատարկ, որովհետև եկեղեցու եպիսկոպոսների գերակշիռ մեծամասնությունը Վեհափառ հայրապետի գլխավորությամբ պիտի հայտարարությամբ, որոշումներով հանդես գա: Որոշում պիտի կայացվի, իսկ այդ որոշումը, որ մարդիկ կարդացին, արդեն կհասկանան, որ չէ` տեսեք, այսքան եպիսկոպոսներ՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած, բոլոր մեր թեմերից, հայտարարություն են անում՝ խնդրին հստակ լուծումներ տալու: Մյուս մասն արդեն հասկացող մարդու համար պարզից պարզ է, որ դատարկ, ուրիշ նպատակներ են հետապնդում:
-Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ներկայացրեց տարեկան զեկույց, որտեղ որևէ վտանգ բացառեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, սակայն մատնանշեց ներքին վտանգներ, վտանգավոր շրջանակներ, որոնց մեջ մտնում են հոգևորականները:
-Մենք ներքին վտա՞նգ ենք, թող իրենք շրջեն մեր հոտերով: Դե իրենք Միքայել սրբազանին էլ են վտանգ համարում:
-Սա Փաշինյանի քաղաքական ուղեգծի շարունակությու՞նն է, թե՞ բոլորն, ովքեր կհամարձակվեն իշխանություններին քննադատել, շուտով կհայտարարվեն ներքին վտանգ:
-Դա ծիծաղելի է, որովհետև հայ հոգևորականը երբեք հայի, հայ հասարակության և հայկական պետականության համար վտանգ չի եղել: Միքայել սրբազանն ինչի՞ համար է ազատազրկված, այդ մտացածին ներքին վտանգի համար, չէ՞: Բայց մենք լավ գիտենք, որ սա կեղծ է, որ սա սխալ է, և Միքայել սրբազանը հանիրավի կերպով է ազատազրկված, նույնը Բագրատ, Մկրտիչ, Արշակ սրբազանների մասով: Ես չգիտեմ ինչից են վախենում, բայց երբեք հայ հոգևորականը չի եղել ներքին վտանգ, միայն ու միայն օգտակար է եղել իր անձով, իր գործունեությամբ:
-Այստեղ հարց է առաջանում, թե հայ հոգևորականն ինչո՞վ է իրենց համար վտանգավոր: Միգուցե հենց պետականամետությամբ ու ազգային լինելո՞վ, միգուցե դա՞ է խնդիրը:
-Ճիշտ եք ասում, հայ հոգևորականը միշտ էլ եղել է պետականամետ, առաջին հերթին աստվածակենտրոն, հետո ազգային ու բնականաբար պետականամետ, եթե մարդիկ խնդիր են տեսնում այս երեք կարևոր ուղղությունների մեջ, որ հայ հոգևորականը միշտ պահել է ու պիտի պահի, տեսեք, մենք պաշտում ենք Աստծուն, Աստծով ծառայում ենք ժողովրդին, ազգային ամեն ինչը պահում ենք ու տարածում՝ սկսած տոներից, սովորույթներից և ուզում ենք, որ մեր պետությունը ուժեղ լինի: Հիմա դրա հակառակը ցանկացողները թող իրենց մեջ փնտրեն խնդիրը, թե ինչու է իրենց համար հայ հոգևորականը վտանգ, եթե այդպես են մտածում, որ վտանգ է, վախենալու է: Եթե ես պետականամետ եմ, իմ դիմացինը ինձ վտանգ է համարում, ուրեմն ենթադրությունը արեք:
-Ադրբեջանի իշխանություններն են հայ առաքելական սուրբ եկեղեցին վտանգ համարում: Փաշազադեն էլ Վեհափառին ռևանշիստ է անվանում:
-Փաշազադեն կարծեմ անցած տարի էր, որ ռևանշիստ անվանեց, հինգերորդ շարասյուն անվանեցին հայ եկեղեցուն: Սա կրկնել ուղղակի չի կարելի, հայ մարդը սա չպիտի կրկնի, այս բառամթերքը հայ մարդը անկախ պաշտոնից չպիտի կրկնի: Եկեք ու տեսեք, թե հայ հոգևորականն ինչով է զբաղված և դրանից ազնիվ, օբյեկտիվ ենթադրություն արեք, ոչ թե օդից կախված ինչ-որ ենթադրություններ: Հիմա տեսեք հակառակ կողմի կարգալույծ եղած նախկին հոգևորականների բառամթերքը, որն ուղղակի ծիծաղելի է:
- Մեկ այլ ցնցող հայտարարություն հնչեց ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի կողմից: Նա հայտարարեց, որ եկեղեցիներն ու վանքերը պիտի պատկանեն պետությանը և վաճառվեն` ծայրահեղ դեպքերում: Սա ուղղակի անգրագետ հայտարարությո՞ւն է, թե՞ այլ նպատակ ու բովանդակություն ունի:
-Ես չեմ կարծում, որ իրենք անգրագետ են, քավ լիցի, բնավ չեմ կարծում, վստահ եմ, որ սա շատ վտանգավոր տեղ կարող է տանել: Օրինակ, որ ասում են ծայրահեղ դեպքում կարելի է եկեղեցին վաճառել: Ի՞նչ է նշանակում ծայրահեղ դեպքում, ո՞վ է որոշելու, որն է ծայրահեղ դեպքումը: Նման բան մեկնաբանելը դատարկ գործ է մեզ համար, բայց մյուս կողմից էլ ժողովուրդը պիտի իմանա սա, որ եկեղեցին նույնիսկ կառուցելուց առաջ եկեղեցու հիմքերն են օծվում: Հիմա, եթե վաճառվի, ո՞վ պիտի գնի: Ես վտանգ եմ տեսնում այստեղ: Կարո՞ղ է մի օտարերկրացի, այլ կրոնի պատկանող անձ գնի:
-Օրինակ, ուդիները, ինչպես Դադիվանքում եղավ:
- Այո, ճիշտ եք, չնայած որ այդքան արձանագրություններ կան: Օտարերկրացին կարող է առնել, քրիստոնեական այլ կազմակերպություն կարող է գնել, եթե վաճառվի: Եկեղեցին միշտ էլ իրենց պատկանող եկեղեցիները խնամում է: Այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ եկեղեցին անվանեցին չուլան: Սա վերջին արարներն են:
-Կհաջողե՞ն, տեր Փառեն:
-Վստահաբար` ոչ: Ինչքան Դուք ինձ հարցրել եք՝ կհաջողե՞ն, ես վստահաբար ասել եմ ոչ ու մինչև վերջ էլ վստահաբար կասեմ՝ ոչ: