Այլ

«Ներողություն եմ խնդրում», բայց ոչ ձեր ցավի ու կորուստների համար

«Ներողություն եմ խնդրում», բայց ոչ ձեր ցավի ու կորուստների համար

Եթե Հակոբ Պարոնյանը կենդանի լիներ, Փաշինյանի «ներողությունից» կարող էր ստանալ իսկական սարկաստիկ «գոհար»։ Նիկոլ Փաշինյանի կեղծ ներողությունը բառացիորեն բացատրում է, թե ինչպես է նա «ներողություն խնդրում» առանց իրականում ներողություն խնդրելու։ Ոչ թե «ներողություն է խնդրում», որ երկիրը հասցրել է այս օրին, ոչ թե «ներողություն է խնդրում», որ Արցախի մասին խոստումներն ու երազանքները փոշիացան, այլ՝ կոնկրետ երկու արտահայտության համար։ Լսենք նրան․ 

«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում»։ «Ներողություն խմդրելով», միաժամանակ արձանագրում է․ «Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ»։

Այ սա է իսկական պետական մոտեցումը՝ ներողություն՝ մանրուքների համար, իսկ «մեծուքները» թող մնան անփոփոխ։ Փաշինյանը  «ներողություն է խնդրում» ոչ թե ժողովրդի կրած ցավի ու կորուստների համար, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «գրառումների» համար։ Իսկ ժողովրդին մնում է միայն կրկնել․ «Տեր օղորմեա»։  Ստացվում է, որ երկիրը կորավ, բայց արտահայտությունը մնաց։ Ներողություն բառն էլ, ինչպես մյուս արժեք ունեցողբառերը,  Փաշինյանի կողմից արժեզրկվեց, ինֆլացիայի ենթարկվեց։ Փաշինյանը ժողովրդին «ներողություն է խնդրում» այնպես, ինչպես չարաճճի աշակերտը, որին ուսուցիչն ասում է՝ «գրատախտակն ես քերել», իսկ նա լայն ժպիտով պատասխանում է՝ «դե լավ, ներողություն, այլևս տառերն այդպես չեմ աղավաղի»։ Բայց դասամիջոցին, ինչպես միշտ, շարունակում է պատերը պոկել։ 

Ինչ վերաբերում է նրա «հոգևոր նորոգման օրակարգին»՝ այստեղ միայն մի հարց է առաջանում․ ո՞վ պիտի նորոգի հենց Փաշինյանի հոգևոր շենքի տանիքը։ Այնտեղից վաղուց ջուր է հոսում, ու հնարավոր չէ, որ նման պայմաններում մարդիկ գոյատեն։ Պետք է ոչ թե նորոգել, այլ  փոխել տանիքը, որովհետև անձրևաջուրը ոչ թե կաթում , այլ շը՜ռռ ձայն հանելով «ջորդանից շռում է»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image