Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի պահվածքը մեծ զայրույթ է առաջացրել արցախահայության եւ Արցախի թեմական խորհրդի շրջանում: Նրանք հանդես եկան հայտարարությամբ` առաջարկելով փոխել իրենց թեմի առաջնորդին, որը դավաճանել է Եկեղեցուն եւ Վեհափառին: Հիշեցնենք, որ 10 եպիսկոպոսները, այդ թվում՝ Վրթանես սրբազանը, հանդես էին եկել հայտարարությամբ, որով Վեհափառից պահանջում էին «կամովին հեռանալ հանգստի»: Հատկապես լուրջ քննադատությունների արժանացան Վրթանես եպիսկոպոսը, որը ծնունդով Արցախից է, եւ Արցախը հանձնած Փաշինյանի հետ նրա հանդիպումը ոչ մի կերպ մարդիկ չեն հասկանում:
Արցախի թեմական խորհրդի անդամ, պատմաբան Ալեքսան Հակոբյանը մեզ հետ զրույցում նախորդ օրը հայտնել էր, որ չորեքշաբթի հանդիպում են ունենալու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի հետ եւ ամեն հնարավոր բան անելու են, որ Սրբազանին դարձի բերեն: Այդ հանդիպման մասին զրուցել ենք Ալեքսան Հակոբյանի հետ:
- Պարոն Հակոբյան, երեկ տեղի ունեցա՞վ հանդիպումը Արցախի թեմի առաջնորդի հետ: Ստացվե՞ց նրան դարձի բերել:
- Մեկուկես ժամ զրույց ենք ունեցել:
- Եկա՞ք ընդհանուր հայտարարի:
- Ընդհանուր հայտարարի եկանք այն իմաստով, որ շարունակելու ենք իրար հետ աշխատանքը եւ գտնելու ենք ձեւեր, որպեսզի հաշտեցնենք աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններին:
- Ի՞նչ է նշանակում հաշտեցնել: Հո նրանք երեխաներ չե՞ն:
- Հաշտեցնել, որպեսզի իրար հակառակ բաներ չանեն: Ի դեպ, մի կարեւոր բան իմացա, որ ես չգիտեի, համենայնդեպս, այդ հայտարարություններից չէր զգացվում: Տասը եպիսկոպոսները գնացել էին վարչապետի հետ հանդիպման մեկ խնդրով, որպեսզի ապահովեն կողմերի հաշտությունը.... փորձել են դա անել: Ինձ թվաց, թե վարչապետը ներկայացրել է այնպես, որ տասը եպիսկոպոսները գնացել են իր հետ քննարկելու այլ հարցեր:
- Բայց երեկ կրկին նույն այդ տասը եպիսկոպոսները նոր հայտարարություն էին տարածել եւ նույնիսկ մի քանի անգամ շեշտել, որ վերահաստատում են իրենց դիրքորոշումը:
- Սրբազանն ասաց, որ նպատակը եղել է կողմերին հաշտեցնելը: Գուցե տասից մեկն այլ բաներ է անում, ես չգիտեմ: Համենայնդեպս, Փաշինյանի հետ հաշտեցման խոսակցությունն այդպես էլ չի ստացվել: Նրանք վարչապետին հորդորել են դադարեցնել իր քայլերը, վարչապետն էլ իր հերթին հայտարարել է, որ միայն մեկ դեպքում կվերանայի իր դիրքորոշումը, եթե կաթողիկոսը հեռանա: Ուլտիմատում է դրել, իր վերջին խոսքը դա է եղել, եւ դրանով ավարտվել է խոսակցությունը:
- Իսկ Սրբազանը չասա՞ց, որ շանտաժ են արել իրենց նկատմամբ:
- Ոչ, ես հարգալից եմ հոգեւորականների նկատմամբ:
- Հոգեւորականներն էլ պետք է հարգալից լինեն հավատացյալների նկատմամբ, այլ ոչ թե գնան՝ Եկեղեցին, Վեհափառին հայհոյողի ձեռքը սեղմեն....
- Դե հիմա թուրքի կողքն էլ գնում կանգնում ենք, որ ավելի վատ բան չստանանք: Դիվանագիտություն է: Ռուսն ու ուկրաինացին էլ փորձում են իբրեւ լեզու գտնել, թեպետ 100 հազարավոր կյանքեր են խորտակել: Ամեն դեպքում, ես ուրախացա, որ սրբազանները Փաշինյանի մոտ գնացել են կոնկրետ խնդրով: Դրանից հետո այնտեղից դուրս են եկել, եւ ես չգիտեմ, թե դրանից հետո ինչ զարգացումներ են եղել: Մեր խնդիրն այն էր, որ իմանայինք, թե մեր սրբազանն ինչու է գնացել Փաշինյանի մոտ: Նա էլ ասաց, որ իր խնդիրը կողմերին հաշտեցնելն է եղել, որպեսզի վատ հետեւանքներ չլինեն: Ես առաջարկեցի, որ մենք էլ գնանք հանդիպման վարչապետի հետ, նա ասաց, որ չի կարող նման հարցում միջամտել: Ըստ երեւույթին, նա այդ հարցում չի եղել ամենաակտիվը: Նա կարծում է, որ եթե գնացել է որպես Արցախի թեմի առաջնորդ եւ այդպես էլ ներկայացել է, ապա այդ քայլով լեգիտիմացրել է Արցախի կառույցը կառավարական մակարդակներում` որպես գործող կառույց: Մենք սիրում ենք իրար, ներողամտաբար ենք իրար վերաբերվում եւ շարունակելու ենք մեր աշխատանքը: Աղոթում ենք, որ սխալ բաներ չլինեն: