Էջմիածնում առաջադրվել էր 5 ուժ, քաղաքապետ Դիանա Գասպարյանը հավաքեց 54․48%, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը՝ ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանի գլխավորությամբ, 36․52% քվե, «Հայրենատէրը»՝ Ջիվան Աբրահամյանը, 4․98% ձայն։ «Էջմիածին» դաշինքի առաջին համար Սեւակ Խաչատրյանին հարցրինք․
- Գո՞հ եք ընտրությունների արդյունքից։
- Շատ քիչ մասնակցություն եղավ՝ 25%-ի չափով: Ստացվեց այնպես՝ որտեղ ՔՊ-ն քաղաքում եղել է իշխանություն, կրկին հաղթեց, գրեթե նույն պատկերն է մեզ մոտ, ինչպես մյուս տեղերում՝ վարչական ռեսուրսի կիրառման, վախի մթնոլորտի, ոստիկանական ճնշումների․․․ այս ամեն ինչն իր դերն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։
- Մասնակցելո՞ւ եք ավագանու նիստերին։
- Իհարկե՛, մենք լուրջ 10 հոգանոց ֆրակցիա ունենք համայնքում, էն խնդիրներն ու պրոբլեմները, որ գույքագրել էինք եւ քաղաքացիներից լսել էինք՝ քաղաքի հետ կապված, փորձելու ենք վեր հանել եւ դրանց լուծումներ առաջարկել, որպեսզի քաղաքային իշխանությունը լուծում տա։ Մենք, ամեն դեպքում, աշխատելու ենք։
- Համագործակցություն որեւէ թիմի հետ կլինի՞։
- Համագործակցություն ասվածը չակերտավոր լինելու է ի շահ քաղաքի, եթե քաղաքի համար կան լավ ծրագրեր, մտքեր, մենք, բնականաբար, դեմագոգիայով չենք զբաղվելու։
Կարելի է տարակարծությունն օգտագործել ի շահ քաղաքի, մենք դա պատրաստ ենք անելու, եւ, բնականաբար, այդ պատրաստակամությունը եթե լինի իշխող ավագանու կողմից, կարծում եմ՝ ավագանու աշխատանքը, ընդհանուր առմամբ, կստացվի։ Իսկ գաղափարական եւ մնացած առումներով ՔՊ-ի հետ համագործակցություն բացառված է։