Մեր տեղեկություններով՝ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ եւ այն ուղարկել է ԲԴԽ՝ քննության։ Վարդան Գրիգորյանի դեմ, ըստ լուրերի, անփութություն դրսեւորելու համար են վարույթ հարուցել, սակայն, դատական համակարգում խոսում են, որ սա հերթական անկախ դատավորից ազատվելու հերթական քայլն է։
Հիշեցնենք՝ դեռեւս 2021-ին Վ. Գրիգորյանը հայտնվել էր իշխանության դատավորների «սեւ ցուցակ»-ում։ Նա սյունեցիներին չկալանավորած դատավորներից է․ խոսքը 2021-ի ապրիլին Սյունիքում Փաշինյանին հայհոյանքներով դիմավորելու գործի մասին է։ Այդ ժամանակ էլ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց եւ ԲԴԽ-ն նրան նկատողություն տվեց։ Գրիգորյանը համարվում է «ընդդիմադիր» դատավորներից մեկը, 2019-ին նրան էր մակագրվել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը, սակայն նա ինքնաբացարկ էր ներկայացրել՝ մատնանշելով 3 հիմք։ Մեկն այն էր որ սույն գործից անջատված մասերով նա դատարաններում իրականացրել էր երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն։ Երկրորդն այն էր, որ 2018 թվականի դեկտեմբերին իրեն էր մակագրվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Հրաչյա Մուշեղյանի միջնորդությունը` մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Այս գործով Գրիգորյանը, դատախազի միջնորդության հիման վրա ինքնաբացարկ էր հայտնել: Եւ Գրիգորյանը գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզել էր, որ ինքը ժամանակին աշխատել է Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանի ղեկավարությամբ եւ դա եւս ինքնաբացարկի հիմք է։