Դիլիջան համայնքի բնակիչներից բողոք էինք ստացել միջպետական ավտոճանապարհին, Դիլիջան քաղաքի հարավային ծայրին գտնվող «Հաղարծին» ռեստորանի մոտ, Դիլիջանի առաջին ոլորանի մոտ տեղակայված էկոպարեկների «պոստում» ստուգողների գործելակերպից։ Այդ ոլորանում էկոպարեկային ծառայությունը պահակակետ էր դրել, որպեսզի ստուգի Դիլիջանից փայտ տեղափոխող մեքենաները եւ կանխարգելի ապօրինի ծառահատումներից գոյացած փայտի տեղափոխումը Տավուշի մարզից։ Հայտնաբերի ապօրինի ծառահատումներ իրականացնողներին։ Դիլիջանցիների վկայությամբ՝ այդ պահակակետում աշխատողները խտրական վերաբերմունք են ցուցաբերում․ փայտի բիզնեսով զբաղվող իջեւանցիներին, Իջեւանից փայտ տեղափոխողներին պահակակետի էկոպարեկներն անարգել ճանապարհ են տալիս, իսկ դիլիջանցի փայտ տեղափոխողներին նեղում են, սպառնում նրանց ավտոմեքենաները տանել ոստիկանության տուգանային հրապարակ։
Դիլիջանցիների խոսքով՝ այդ պահակակետի էկոպարեկները փայտ տեղափոխող վարորդների հետ տհաճ վեճեր են ունեցել եւ այլն։ Հոկտեմբերի 9-ին եւ 10-ին անձամբ այցելեցի նշված տարածք։ Եվ պարզվեց, որ էկոպարեկների՝ դժգոհությունների տեղիք տված պահակակետը հանվել է։ Երեւի դիլիջանցիների բողոքը հասել է «վերեւներին», որոշել են ոչ թե արդարություն հաստատել՝ բոլոր համայնքների ապօրինի ծառահատներին բռնելով, այլ պահակակետը հանել, որ բոլորն անարգել փայտը հանեն Տավուշից։ Դիլիջանցիների դժգոհությունը, փաստորեն, «տեղ է հասել»։