Փաշինյանին իշխանությունը պահելու եւ այդ իշխանության անընդհատ աճող ֆինանսական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է փող: Ընդ որում՝ ռեժիմի պահպանության ծախսերն անվերջ ավելանում են, իսկ եղած ռեսուրսը պակասում է: Պակասը լրացնելու եւ հասարակությունից ավելի շատ փող հավաքել հնարավոր է երկու եղանակով` եղած հարկերն ավելացնելով կամ նորերը սահմանելով: Իշխանությունը երկուսն էլ անում է՝ քամելով երկրի տնտեսությունը եւ մարդկանց գրպանները որքան հնարավոր է ուժեղ:
Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին: Ըստ սահմանված ընթացակարգի, օրենքի ընդունումից հետո մեկշաբաթյա ժամկետում ԱԺ նախագահն այն ուղարկում է երկրի նախագահին՝ ստորագրելու համար, իսկ նախագահն իր հերթին 21-օրյա ժամկետում կարող է վավերացնել կամ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում: Բայց քանի որ Փաշինյանը գիտի, որ ՀՀ նախագահ կոչվող անձը երկրի կառավարման համակարգում ավելի ցածր կարգավիճակ ունի, քան որեւէ նախարարությունում աշխատող կրտսեր մասնագետ, եւ երբեք չի համարձակվի մեկ օրից ավելի հետաձգել իր իշխանությանը ֆինանսական ռեսուրս ապահովող օրենքի ստորագրումը, համարել է, որ օրենքը կարող է հանգիստ ուժի մեջ մտնել դեկտեմբերի 1-ից, այլապես գոնե ձեւի համար պետք է օրենքի՝ ուժի մեջ մտնելու համար ժամկետ սահմանեին դեկտեմբերի 10-ը, երբ նախագահն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում կորոշեր՝ ստորագրել այն, թե դիմել ՍԴ:
Հիմա անդրադառնանք այս օրենքի մյուս խնդրահարույց կողմին: Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը նախատեսում է, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է շահութահարկ վճարեն ոչ թե իրենց կողմից ստացվող փաստացի եկամտից, այլ ներմուծված մեքենայի մաքսային արժեքի, գումարած մաքսատուրքի եւ բնապահպանական վճարի հանրագումարի 20 տոկոսից: Իշխանությունն ապրիորի համարում է, որ ավտոմեքենա ներկրող ընկերություններն իրենց ներկրած մեքենաները վաճառում են ինքնարժեքից 20 տոկոսով ավելի թանկ: Մինչդեռ փաստն այն է, որ ավտոմեքենա ներկրող ընկերություններն աշխատում են ոչ թե գնի, այլ քանակի վրա, նրանք, ըստ էության, մեծածախ գնորդ վաճառողներ են, եւ այդ դեպքում 100 հազարը նրանց համար միանգամայն ընդունելի մարժա է, երբ խոսքը տարեկան մի քանի հազար մեքենայի ներմուծման մասին է: Իշխանությունը եւ հատկապես հարկային մարմինները դրա մասին շատ լավ գիտեն, գիտեն նաեւ, որ այդ ընկերությունների իրական եկամտի չափը շատ փոքր է, անհամեմատ փոքր, քան իրենց սահմանած շահութահարկը, եւ եթե հիմա այդ ընկերությունները սկսեն շահութահարկ վճարել արդեն իսկ իրենց կողմից գնված եւ Հայաստան ներմուծվող մեքենաների համար, ապա նրանք ոչ թե եկամուտ կունենան, այլ հակառակը՝ կաշխատեն վնասով: Պատկերացրեք՝ մեքենայի մաքսային արժեք, գումարած մաքսատուրք, գումարած բնապահպանական վճար հանրագումարը կազմում է 5 միլիոն դրամ միջին մեքենայի համար, դրա համար հարկային մարմինը հաշվարկում է 1 միլիոն եկամուտ եւ դրանից էլ հաշվարկում է 180 հազար դրամ շահութահարկ։ Այն դեպքում, երբ ընկերության իրական եկամուտը 100 հազար դրամ է: Օրենքի փոփոխության արդյունքում ստացվում է, որ ընկերությունը 100 հազար դրամ եկամուտ ստանալու փոխարեն 80 հազար դրամ վնաս է կրելու: Ավելի թանկ մեքենաների համար այս տարբերությունն ավելի մեծ է, հետեւաբար, ընկերությունների կրած ֆինանսական վնասի չափը եւս մեծանում է:
Խնդիրն այն է, որ մեքենա ներկրողները մեքենան գնում եւ Հայաստան են բերում 2-3 ամսվա ընթացքում: Այդ մեքենաներն առավելապես վթարված են, իսկ առանց վերանորոգման՝ ճանապարհային ոստիկանությունը դրանք չի գրանցում եւ հաշվառում: Վերանորոգման համար անհրաժեշտ է եւս 2-3 ամիս: Ստացվում է, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին գնված մեքենան դեռ չի հասել Հայաստան, եթե նույնիսկ հասել է՝ չի հասցրել վերանորոգվել, իսկ օրենքի փոփոխությունն ընդունվել է նոյեմբերի 16-ին: Սեպտեմբերին մեքենայի գնորդը կամ մեքենա ներմուծող ընկերությունը չէին կարող իմանալ, որ նոյեմբերին իշխանությունը կարող է նոր հարկատեսակ ներդնել, որով էականորեն վատթարացնելու է ներմուծողի եւ գնորդի ֆինանսական վիճակը՝ նրա վրա դնելով նոր ֆինանսական պարտավորություն: Պետությունը պարտավոր էր սահմանել ողջամիտ ժամկետ, որի ընթացքում մարդկանց տեղեկացներ եւ զգուշացներ, որ կատարվում է Հարկային օրենսգրքի փոփոխություն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենային ըստ դրա կարգավորել իրենց վարքագիծը․ որոշեին՝ գնե՞լ մեքենա, թե՞ չգնել:
Ինչո՞ւ իշխանությունը դա չի արել: Ինչպես արդեն նշեցինք, Փաշինյանի վարչակարգին փող է պետք, եւ այդ փողը պետք է շատ շտապ, որքան հնարավոր է շուտ` դեկտեմբերի 1-ին: Նրանք ժամանակ չունեն սպասելու 4-5 ամիս եւ մտածելու, որ այդ ընթացքում կորցնում են հարյուր միլիոնավոր դրամներ, եթե այդ գումարը կարելի է պարտադրանքով խլել քաղաքացիներից եւ ընկերություններից:
Սա ընդամենը մեկ օրինակ է: Հարկային օրենսգրքի այս փոփոխությունը չի կարող բավարարել ռեժիմի անհագ կարիքներն ու ախորժակը, առաջիկայում տնտեսվարողները պետք է պատրաստ լինեն նոր հարկատեսակների եւ հարկերի չափերի ավելացման: Ռեժիմին այլեւս չի կարող կանգնեցնել իր գործունեության արդյունքում առաջացող հանրային դժգոհության սպառնալիքը, որովհետեւ իշխանությունից գոհ մարդիկ այլեւս չկան: Բացի այդ, ռեժիմի համար փողն ավելի կարեւոր արժեք է, քան հանրային աջակցությունը կամ դրա բացակայությունը:
Արեգ Մարգարյան