Քաղաքականություն

ՌԴ-ում շարունակում են ակտիվորեն քննարկել եւ վերլուծել պրիգոժինյան «ապստամբությունը»

ՌԴ-ում շարունակում են ակտիվորեն քննարկել եւ վերլուծել պրիգոժինյան «ապստամբությունը»

Պրիգոժինյան մեկօրյա «ապստամբությունից» հետո, ինչպես նշում են ռուս փորձագետները, բավականին աճեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի կշիռը ոչ միայն բուն Ռուսաստանում, այլ նաեւ Եվրոպայում կամ նույնիսկ՝ աշխարհում։ Ի վերջո, եթե Ռուսաստանում կիրառվեր ապստամբության ճնշման կոշտ սցենար, կամ ապստամբությունը վերաճեր լուրջ առճակատման, կարեւոր չէ՝ բացահայտ կամ խուլ, միեւնույն է, տուժելու էր ողջ աշխարհը՝ չմոռանալով, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է, որն օդում, ջրում եւ ցամաքում ունի միջուկային զինանոց։

Վերլուծաբաններն արձանագրում են, որ թե՛ Լուկաշենկոն եւ թե՛ Դյումինը «խաղի մեջ մտան» այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն օդ ու ջրի պես պետք էր, եւ գործեցին չափազանց արդյունավետ։ Դյումինի պարագայում ամեն ինչ հասկանալի է՝ նա ռուսական էլիտաների ներկայացուցիչ է, Պուտինի մերձավորներից մեկը, որոշ փորձագետների կարծիքով (նաեւ՝ արեւմտյան փորձագետների), Պուտինի հնարավոր «գահաժառանգը» կամ «գահաժառանգներից մեկը»։ Լուկաշենկոյի մոտիվացիան էլ առավել քան հասկանալի էր՝ Ռուսաստանը եթե փլվեր, ապա վերջինիս փլատակների տակ կմնար Բելառուսը (հանուն արդարության նշենք՝ նաեւ՝ Հայաստանը)։

Ըստ փորձագետների, իշխանության համար տեղի ունեցածը, իհարկե, աննախադեպ սթրես-թեստ էր, որը վերջինս կարողացավ հաղթահարել։ Սակայն սա չի նշանակում, թե հետեւություններ չեն արվի։ Հետեւություններ, իհարկե, կարվեն, եւ թեկուզ «գործարքի» պայմանների համեմատ, իշխանությունն առաջիկայում կգնա կադրային բավականին լուրջ փոփոխությունների։ Նաեւ կփորձի հասկանալ, թե բուն էլիտաների ներսում ինչ տրամադրություններ կան, որպեսզի ըստ այդմ ձեւակերպի իր առաջիկա անելիքները։

Մյուս հարցը, որը հատկապես քննարկվում է այժմ, այն է, թե ինչ է լինելու «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ապագան։ Ամենայն հավանականությամբ, այն որոշակի փոփոխություններով կշարունակի գոյություն ունենալ եւ պահպանել իր ազդեցությունը։ Սակայն այստեղ հետաքրքիր է այն, որ «Վագների» համակարգային զորահրամանատար Դ․ Ուտկինը կշարունակի մնալ պաշտոնին։

Վերլուծելով հարցը, թե տեղեկատվական առումով ինչ իրավիճակ էր ապստամբության ժամերի ընթացքում «ռունեթում», մասնագետները նկատում են, որ, ամեն դեպքում, «Վագների» դեմ հնարավոր եղավ իշխանությունների կողմից այդ լարվածության պահերին ապահովել գրեթե ամբողջական տեղեկատվական-լրատվական բլոկադա։ Բացի այդ, «Վագների» ապստամբ գործողությունների հանդեպ Ուկրաինայից հնչած դրական արձագանքները եւ այն, որ ապստամբությունը լավ առիթ է, որպեսզի ուկրաինական զինուժն ակտիվացնի հակահարձակումը, չաշխատեց ի նպաստ ապստամբների եւ որոշակիորեն բացասական ինֆորմացիոն-լրատվական ֆոնի պատճառ դարձավ։ Դա նաեւ հասկացավ հենց Պրիգոժինը, եւ այն հանգուցալուծման մեջ, որը եղավ, այդ հանգամանքն էլ ունեցավ իր նշանակությունը։

Բայց միջադեպը նաեւ որոշակի բացասական արձագանքների է արժանացել՝ այն առումով, որ խռովություն իրականացրած, զոհերի ու կորուստների պատճառ եւ ըստ այդմ՝ հանցանք կատարած անձինք մնացին անպատիժ։ Պուտինամետ զանգվածն անգամ դրանից դժգոհ է եւ զարմացած, քանի որ Վլադիմիր Պուտինը, որպես կանոն, տեռորիստների ու հանցագործների հետ գոնե արտաքուստ համաձայնությունների չի գնում եւ օրենքի հանդեպ բոլորի հավասարության ջատագովն է եղել մինչ այժմ։ Հիմա իր իսկ հրահանգով կարճեցին գործը եւ հանցագործների հանդեպ ներողամտություն դրսեւորեցին, ինչը շարքային ռուս մարդկանց սրտով չէ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image