Քաղաքականություն

«Հրապարակ». Սերոբ Գասպարյանի քննիչը բարձր պաշտոնի է նշանակվել

«Հրապարակ». Սերոբ Գասպարյանի քննիչը բարձր պաշտոնի է նշանակվել

«Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի գործը քննող քննիչի վերաբերյալ Ֆեյսբուքում հրապարակում էր արվել: Օգտատերերից մեկը` Գեւորգ Գրիգորյանը գրել էր, որ, ըստ շրջանառվող լուրերի, Գասպարյանի գործով քննիչը ճնշում է գործադրել վկաների վրա՝ ցանկալի ցուցմունքներ ստանալու համար․ «Ըստ շրջանառվող լուրերի՝ վարույթ իրականացնող մարմնի քննիչը, պաշտոնական դիրքը չարաշահելով, ճնշում է գործադրել եւ վախեցրել է «Սեւ հովազ» ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանի գործով վկաներին՝ կեղծ ցուցմունքներ կորզելու համար։ Ըստ օդում կախված լուրերի՝ քննիչ Սիսակ Հայրապետյանը նոր պաշտոն է ստացել՝ շինծու գործ սարքելու համար, հասարակ քննիչից դառնալով քննչական վարչության պետ»:

«Հրապարակի» հարցին ի պատասխան, Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանն ասաց, որ Սիսակ Հայրապետյանն այժմ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում է: «Սիսակ Հայրապետյանն այժմ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Դա, որպես այդպիսին, առաջխաղացում չի համարվում»: Մեր ճշտող հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Գեւորգ Գրիգորյանի հրապարակումն այն մասին, որ այս նշանակումը եղել է որպես խրախուսում՝ նշված գործով անցնող վկաների վրա ճնշում գործադրելու, խոսնակն ասաց. «Իրականությանը չի համապատասխանում»:
Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանին ձերբակալել էին 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, նրան առաջադրվել է իշխանության յուրացման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու մեղադրանք: Որ նա Ռուսաստանի ռազմական ճամբարներից մեկում հատուկ ջոկատ է մարզել, որ գան Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեն: Սակայն գործն ամբողջությամբ կառուցված է մի քանի տարեց եւ խնդիրներ ունեցող մարդկանց ցուցմունքների վրա, որոնց հետ անգամ առարեսումներ չէին իրականացվում: Եվ չնայած փաստաբանների բազում միջնորդություններին` Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը չեն փոխում, նա մինչ օրս կալանավորված է: Նրա պաշտպանները պնդում են՝ Գասպարյանի կալանքի անընդհատ ձգձգումն իրավական որեւէ հիմք չունի, իսկ գործով անցնող վկաների ցուցմունքները ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց սեփական ենթադրությունները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image