Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի քանդման հարցով տարվող քրեական վարույթի հիմնական մասի քննությունն ավելի քան 5 տարի ձգձգվում է։ Նոր ահազանգ է հնչեցնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ տեղեկացնելով, որ այս թեմայով դատական գործը շարունակվում է։
«Քննիչը փորձառու Խաչատուր Գալստյանն է, որն օբյեկտիվ քննության փոխարեն ամեն ինչ անում է, որպեսզի Վարդան Սիրմակեսին պատկանող «Օլդ Սիթի» ընկերության տնօրեն Գեւորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ Վարդան Սիրմակեսին ընդհանրապես չի հարցաքննել եւ գործին չի ներգրավել։ Եվ այս ամենը կատարվում է դատախազության համաձայնության ներքո։
Նախորդ անգամները տարբեր դատարանների 8 տարբեր դատավորներ վերացրել են Գեւորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անօրինական որոշումները՝ բավարարելով մեր հայցը: Սակայն քննիչն ու դատախազն արդեն 3-րդ անգամ դարձյալ դադարեցնում են Գեւորգ Մաչանյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը՝ կատարելով թերի քննություն, ստացված տվյալներն էլ բացահայտ ու անհիմն կերպով մեկնաբանելով հօգուտ մեղադրյալի։
Այժմ հակակոռուպցիոն դատարանում քննվում է այս՝ հերթական անհիմն որոշման դեմ մեր բողոքը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի։ Դատախազությունը եւ հատկապես Քննչական կոմիտեն դատարանում, մեր գնահատմամբ, կրկին բացահայտ հանդես եկան Գեւորգ Մաչանյանի պաշտպանության դիրքերից։
Վերջին դատական նիստը կայացել է 2025 թվականի ապրիլի 29-ին։ Հատկանշական է, որ քննության թերությունների կապակցությամբ մի շարք կարեւոր հարցերի քննիչ Խաչատուր Գալստյանը չկարողացավ պատշաճ պատասխանել, օրինակ, թե ինչու չեն հարցաքննել Վարդան Սիրմակեսին (այդ թվում՝ հեռահար, որի իրական հնարավորությունն առկա է) եւ այլն։ Դատավորի որոշումը հրապարակվելու է օրերս»,- նշվում է հայտարարության մեջ: