Ազգային ժողովում արդեն ավանդույթ է դարձել միմյանց փոխադարձ վիրավորանքներ հասցնելն ու փողոցային պահվածքով ելույթներ ունենալը։ Ընդդիմադիր պատգամավորներին «ԿԳԲ-ի պադվալներ» լցնել խոստացող, «համբալ» անվանող Փաշինյանի թիմակից Հակոբ Արշակյանն է հիմա էլ ԱԺ ամբիոնից սպառնում ընդդիմադիր պատգամավորին, որ եթե չլռի, դուրս կշպրտի Ազգային ժողովի դահլիճից։ Լեւոն Քոչարյանի ելույթից այսահարված Արշակյանը, դիմելով վերջինիս, ասաց․ «Չափերդ ճանաչի, արա, Լեւոն, արա, այ տղա, նստի տեղդ ու լսի, թե քեզ ինչ եմ ասում, հանգստացի մի հատ, դուս արի ստեղից, էս ինչ լկտիություն ա, հանգստացեք մի հատ։ Տեղդ նստի ու մի խոսի, արա, հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից, խանգարում ես իմ ելույթը, Լեւոն, քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես չեմ ընդհատել»։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այս խորհրդարանը պետք է ապալեգիտիմացվի, ցրվի, նոր խորհրդարան ձեւավորվի։ Շեշտում է՝ առողջ խորհրդարան կլինի, երբ առողջ ուժեր լինեն․ «Դեռ Սրբազան շարժման ժամանակ ենք ասել՝ ընդդիմադիր պատգամավորները մի անելիք ունեն՝ դելեգիտիմացնելու Ազգային ժողովը»։ Թանդիլյանը նկատում է՝ մանդատները դնելն իրավական չէ, բայց քաղաքական հիմք է։ «Իրենք դա պետք է անեին դեռ այն ժամանակ, սակայն ընդդիմության որոշումն այլ է եղել, զբաղվել են այլ բանով։ Ես խորապես համոզված եմ, որ դա սխալ է, եւ պահել այսպիսի Ազգային ժողով՝ խայտառակություն է ամբողջ ազգի համար։ Այն, ինչ կատարվում է այնտեղ, ուղղակի ամոթալի է, ես ամոթից ԱԺ նիստեր չեմ նայում՝ այս խորհրդարանի ձեւավորումից ի վեր, որովհետեւ առաջին իսկ օրից պարզ էր, թե ինչ է սպասվում։ Ընդդիմադիր խմբակցությունները միակ բանը, որ կարող են անել՝ մանդատները վայր դնելն ու քաղաքական ճգնաժամ ստեղծելն է»,- ասաց նա։
Նախկին պատգամավորը վստահ է՝ ճգնաժամ կստեղծվի, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ չլինեն։ «Իշխանությունները սարսափում են դրանից, որովհետեւ ներկայանում են որպես ժողովրդավար երկիր եւ բաստիոն, այնինչ իրենց պառլամենտում եւ պատվիրակություններում ընդդիմադիր խմբակցությունների բացակայությունը կխոսեր երկրում տիրող իրավիճակի մասին։ Այո, իշխանությունը սարսափում է, որ ընդդիմադիրները մանդատները վայր կդնեն։ Բայց ընդդիմությունն այդ ճանապարհով չի գնում»,- ասաց Թանդիլյանը։
Արդյո՞ք իմպիչմենտի գործընթաց սկսելով՝ հաջողության կհասնեն։ Թանդիլյանի դիտարկմամբ՝ այնքան ստորագրություն չունեն, որ դա հաջողություն ունենա։ «Ես չեմ կարծում, որ դա է այն ճանապարհը, որ հաջողության հասնեն, բայց մեկ տարի հետո կարող էին կիրառել, անգամ դա չեն արել մինչեւ այսօր։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչի համար են պահել այդ մանդատները։ Եթե դնեին, քաղաքական ճգնաժամ կառաջանար։ Չէր կարող գործել մի Ազգային ժողով, որտեղ չկա ընդդիմադիր խմբակցություն»։
Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի օրերին, երբ հարց էր ծագել մանդատները վայր դնելու վերաբերյալ, Բագրատ սրբազանը շեշտել էր, թե ընդդիմադիրները կառչած չեն մանդատներից։ «Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ լինի։ Մանդատները խորքում որեւէ նշանակություն չունեն։ Իրենք էլ են ասել, որ մանդատներ վայր դնելու հարցն օրակարգում միշտ էլ կա, կախում ունի, թե դրա արդյունավետությունը որն է լինելու, ինչ ժամանակ, ինչպես։ Անիմաստ կերպով մանդատ վայր դնելն ինչի՞ է ծառայելու, բայց օրակարգում կա դա, իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում»,- ասել էր նա: Ընդդիմադիրները կարծում են, որ մանդատներից հրաժարվելը խորհրդարանական ճգնաժամի չի հանգեցնի, բացի այդ՝ իրենց կանվանեն «թռնող»։ «Իսկ կարո՞ղ է այդ մանդատները դնելուց հետո նույն մարդիկ ասեն՝ գիտեիք, որ կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրվում, դրեցիք-թռաք։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե այդ մանդատները մեզ լրացուցիչ կշիռ են տալիս կամ բարեկեցություն, սխալվում են»,- ասել էր Իշխան Սաղաթելյանը։ «Եթե դուք ինձ բացատրեք, թե ինչ օգուտ կտա մանդատները վայր դնելը մեր ընդհանուր պայքարին եւ ինչ արդյունք կունենա՝ հիմա քննարկենք մանդատները դնելու հարցը»։ Ըստ Արծվիկ Մինասյանի էլ՝ ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, սակայն, դրան գումարած, պետք է լինի հանրային ընդվզում: «Որեւէ բան չի խանգարում, բայց եթե չկա հասարակական այն ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որը թույլ չի տա այս կառավարության վերարտադրումը, մենք այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք»,- ասել էր նա:
Նկատենք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասել էր, որ եթե ընդդիմադիրները մանդատները վայր դնեն, ոչինչ էլ տեղի չի ունենա։ «Չի կարող որեւիցե պատգամավորի կամ փոքրամասնության վարքագծի պատճառով խորհրդարանի բնականոն գործունեությունը խաթարվել։ Դա լավագույն լուծումը չէ, դա լուծում է, որը որոշակի առումով համահունչ չէ ժողովրդավարական զարգացումներին, բայց դրան ոչինչ չպետք է հետեւի։ Պատկերացրեք, օրինակ, փոքրաթիվ խմբակցությունը դուրս է գալիս ԱԺ-ից, եւ սա հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը կամ արձակմանը։ Սա նշանակում է, որ անընդհատ կարող ենք ունենալ պերմանենտ ճգնաժամեր, որոնք որեւիցե կերպով չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկություններին»,- ասել էր Վարդանյանը։