Կառավարությունը հավանություն տալով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին անհանգստություններ է առաջացրել իշխող ֆրակցիայում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխող թիմում մեծ խումբ դեմ է գործընթացին՝ համարելով այն սոսկ արկածախնդրություն՝ տարածաշրջանային լարված իրավիճակում։ Անգամ հանրահայտ սորոսական ՔՊ–ականների շրջանում կան ադեկվատ մարդիկ, որոնք ներքին զրույցներում կարծիք են հայտնել, որ այս գործընթացը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի վրա՝ վերջնականապես կտրելով հայ–ռուսական մազից կախված հարաբերությունները, այն պարագայում, երբ ԵՄ–ում գրկաբաց չեն սպասում Հայաստանին։ ՌԴ-ն արդեն իսկ սկսել է պատժիչ գործողությունները, նախագիծը դեռ չի հաստատվել խորհրդարանում, սակայն սկսել են սահմանափակումներ կիրառել որոշ ապրանքների ներկրման հարցում։
Հիշեցնենք՝ 2023-ի հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Այս հայտարարությունից ամիսներ անց Երևանում Փաշինյանը ասաց, թե չգիտի՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն ընդունել Հայաստանին որպես կառույցի լիիրավ անդամ։
Օրինագծի հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե» նախաձեռության անդամներն են։ Նրանք նախագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչ այս հավաքել էին անհրաժեշտ 50 հազարի փոխարեն մոտ 60 հազար ստորագրություն։