Անհամաձայնություններ, օրենքի խախտումներ, ճնշումներ․ ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ այսքան բուռն հետընտրական պրոցեսներ չէին եղել։ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքն ամենավիճահարույցներից է։ Ճիշտ է՝ մեծ ճնշումների գնով, մեկ ձայնի առավելությամբ, ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանն ընտրվեց համայնքապետ, սակայն համայնքային ընդդիմությունը բոյկոտում է անգամ նրա երդմնակալության արարողությունը, եւ նա չի կարողանում ստանձնել իր պարտականությունների կատարումը։ Ինքը՝ Սափեյանը, հայտարարել է․ «Այս ամենով հանդերձ, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լծվելու սիրելի ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը, չտրվելու զանազան սադրանքների, տեր կանգնելու մեր ազնիվ հաղթանակին»։ Թալինի ավագանու 3 խմբակցությունները՝ «Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնք», համատեղ հայտարարել են, որ ՔՊ թեկնածուն չի կարող ընտրված համարվել, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից։
«Զարթոնք» կուսակցության թեկնածու Մնացական Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց՝ սպասում են դատարանի վճռին․ «Օրակարգում հաստատվել էր 3 հարց՝ համայնքի ղեկավարի ընտրություն՝ 21-ը կողմ են քվեարկել, երդման արարողությունը եւ նիստերի կազմակերպման գրաֆիկը։ Որոշվել է, որ յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը գումարվի ավագանու նիստ։ Հիմա, կա՛մ իրենք պետք է սպասեն հաջորդ ամսվա վերջին չորեքշաբթի օրվան, կա՛մ ավագանին իր 1/3-ով նիստ գումարի։ Քվորում կլինի, թե չէ՝ ավագանին իրավունք ունի նիստ հրավիրի ու օրակարգում նորից այդ հարցը դնի, այսինքն՝ քանի երդման արարողությունը չի եղել, համայնքի ղեկավարը չի կարող անցնել իր պարտականությունների կատարմանը»։
Մնացականյանի համոզմամբ, օրենքում հստակ նշված է, թե ով իրավունք ունի առաջադրելու համայնքի ղեկավարի թեկնածու․ «Խմբակցությունները կարող են առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածուներ՝ ուրիշ ոչ ոք։ Նիստը սկսելուց անձամբ ես վարողին տեղեկացրել եմ, որ պետք է առաջադրեն խմբակցությունները, եւ 3 խմբակցությունները ներկայացրել են իրենց ե՛ւ կանոնադրությունը, ե՛ւ նիստի արձանագրությունը, թե ովքեր են ընտրվել խմբակցության ղեկավար եւ քարտուղար։ ՔՊ ներկայացուցիչները պնդել են, որ դրա անհրաժեշտությունը չկա, յուրաքանչյուրը կարող է առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։
Մենք երեքով առաջարկեցինք՝ եկեք նիստը դադարեցնենք, ժամանակ տանք, որպեսզի ներկայացնեն իրենց կանոնադրությունն ու օրենքի սահմանում առաջադրեն թեկնածու։ Իրենք ասացին, որ մենք իրավունք ունենք առաջադրել, ու խմբակցությունից Սերգեյ Մկրտչյանը՝ որպես ավագանու անդամ, առաջադրեց թեկնածու։ Ներկա էր նաեւ մարզպետարանի ներկայացուցիչը, նա զանգեց տարածքային կառավարման նախարարություն, էնտեղից ասացին, որ կարելի է նիստ անցկացնել»։
Մնացականյանի խոսքով, քվեարկությունը կայացել է 11 ձայնով, «մեկին՝ կարմիր բերետավորների ուղեկցությամբ, զոռով-շառով բերեցին քվեարկության, որը եւ կողմ քվեարկեց»։ Եվ ավագանու 10 անդամներով դատական հայց են ներկայացրել դատարան։ Իսկ «վարչական դատարանից հետո մի ուրիշ դատարան կա, մենք մինչեւ վերջ գնալու ենք»,- ասաց թեկնածուն։