Քեսաբում վիճակը լավ է՝ Լաթաքիայից հյուսիս չանցան զինյալ խմբավորումները, ավելի հարավ գնացին՝ Տարտուս և այլն, խիստ հայաբնակ, քրիստոնյաներով խիտ բնակեցված շրջաններին չեն մոտեցել: «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Լաթաքիայի բնակիչներից մեկը, ում անունը անվտանգային նկատառումներից ելնելով չենք հրապարակում:
«Ահավոր ոճիրներ են գործել ալավիների նկատմամբ՝ հազարավոր զոհեր կան՝ մոտավոր տասը հազար: Կառավարության ուժերը չեն վերահսկում սրանց. վերջիվերջո, սրանք իրենց կրոնական ծայրահեղ խմբավորումներն են ու շատ ավերներ են գործում, գողություններ, տներ են քանդում, այրում, մարդկանց առևանգում: Բայց հիմա վիճակը մի քիչ թեթևացավ, հատկապես որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը քննադատեցին: Այսօր գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժողով կա Սիրիայի վերաբերյալ, բոլորը սպասում են, թե ինչ պիտի որոշեն, ինչ կլինի: Այսօր ՄԱԿ–ի խմբերն արդեն գտնվում են ծովամերձ շրջաններում, ամենուր պտտվում են, թե տեսնեն` ինչ է կատարվում: Միջազգային դատապարտող հայտարարություններից հետո սկսեցին հեռանալ ծովափնյա շրջաններից ու հեռանալ դեպի Իդլիբ, բայց դեպի Իդլիբ վերադարձի ճանապարհին ալավիներով բնակեցված գյուղեր կան ու դրանց վրա հարձակվում են: Մեծ քաղաքներից հեռացան, բայց գյուղերը վտանգի տակ են, իրենց վերադարձի ճանապարհին ինչ գյուղ գտնում են՝ հարձակվում են վրան, նույն գազանությունները գործելով»,-ասաց Լաթաքիայի բնակիչը:
Նա շեշտեց, որ այս բոլոր զինված խմբավորումները Թուրիքայի անմիջական վերահսկողության տակ են. դրանք օրենքով լուծարվել են, սակայն իրականում պահպանվել են, իսկ լուծարել էին իբրև թե բանակին անդամագրվելու համար:
«Խմբավորումների մեծ մասը Թուրքիայի հսկողության ու վերահսկման տակ են գտնվում ու Հալեպի հյուսիսային շրջաններում քրդերի դեմ կռվողներն են, որ գալիս են դեպի ծովափնյա շրջանները»,-ասաց Լաթաքիայի բնակիչը: Մեր հարցին, թե զինյալները ազգությամբ ովքեր են, «Հրապարակի» զրուցակիցը նշեց, որ մեծ ոճիրներ իրագործողներն ազգությամբ արաբներ չեն:
«Թուրքմեններ կան, ուզբեկներ կան, Չինաստանից եկած ույղուրներ՝ սրանց իսլամ մուհաջիր են ասում, գալիս են օտար երկրներից՝ ոճիրներ գործելու: Մոտավորապես տասը հազար ույղուր է այսօր գտնվում Սիրիայում՝ կենտրոնացել են Լաթաքիայի ծովափնյա զբոսաշրջային հատվածներում, և Ալ Քաիդայի պատասխանատու ալ Շարայի կառավարությունը մեծ պաշտոններ է տվել բանակի մեջ՝ հիմա այդպիսով իրենք գործում են: Չինաստանից ահաբեկիչներ, Ուզբեկստանից ահաբեկիչներ, մի մասը չեչեններ` ծայրահեղ, ուղղակի վարձկաններ են դրանք»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Ապահովության համար հայերը զգուշավորություն են դրսևորում՝ մարդիկ պատսպարվել են տներում, տներից հիմնականում դուրս չեն գալիս:
«Դեպի քաղաքներ չենք գնում՝ մնում ենք մեր գյուղերի մեջ և սպասում ենք, թե ինչ պիտի պատահի, արդյոք միջազգային կազմակերպությունները կամ երկրները ինչ-որ քայլեր կձեռնարկեն, թե ոչ»,-ասաց վերջինս:
Փաստ է, որ եթե միջազգային հանրության որոշ դերակատարների կողմից դատապարտող հայտարարություններ չլինեին, ապա կոտարածների թափը միայն ուժեղանալու էր, այսպես է կարծում Սիրիայի հասարակության մի հսկա շերտ:
«Եթե դատապարտում չլիներ, թերևս շատ ավելի վատ կլիներ վիճակը: Իշխանությունը սկզբում համամիտ էր տեղի ունեցողի հետ, սակայն հիմա սկսեց կարծիքը փոխել, որ հանկարծ դրսի պետություններն իրենց դեմ պատժամիջոցներ չսահմանեն: Բացի այդ մտավախություն ունեն, որ ռուսներն իերնց բազաներից օդանավերով կարող են հարվածել ահաբեկչական կենտրոններին՝ իրենք վախենում են դրանից, որ ինչ-որ պահի ռուս կամ ամերիկյան օդային ուժերը կարող են իրենց վնաս հասցնել: