Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, բայց դրա համար նրանք պետք է ատեստավորում անցնեն։
Նպատակը, ըստ նախարարի, պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռությունը մեծացնելն է, դրա համար իրենք նախատեսում են պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով։
«Նախագծերի համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը»,-ասաց Պապիկյանը։
Այդպիսով նա հույս հայտնեց, որ մեր պայմանագրային զինծառայողները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ աշխատավարձ։
Նիստը վարող Նիկոլ Փաշինյանն էլ ուղղեց նրան՝ առաջարկելով ասել ոչ թե «արժանապատիվ աշխատավարձ», այլ «բարձր աշխատավարձ»։