Հասարակություն

Իրենք այսուհետ ու այլևս քոլեջի ճակատագրի հետ կապված մտահոգություն պիտի չունենան

Իրենք այսուհետ ու այլևս քոլեջի ճակատագրի հետ կապված մտահոգություն պիտի չունենան

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի՝ Կարեն Լազարյանի աշխատանքից ազատման հրամանը ստանալուց հետո քոլեջի 30 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել և հեռացել. «Գորիսի պետական քոլեջ»–ում դասապրոցեսը խաթարված է։ Տեղեկացանք, որ այսօր էլ դասախոսները և ուսանողները քոլեջի մուտքի մոտ են, իրենց խոսքով` դեմ են անարդարությանը, պահանջում են տնօրենի վերադարձը։ Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը  դեկտեմբերի 2-ին է ստացել ազատման դիմումը և նույն օրն արդեն դադարեցվել են իր լիազորությունները։ Լազարյանի գնահատմամբ, ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը զուրկ է իրավական հիմքերից։Կարեն Լազարյանն անհիմն է համարում աշխատանքից ազատման հրամանում նշված հիմնավորումը, թե ինքը խոչընդոտել է կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի N 441-Ա որոշման (Գորիսի երկու քոլեջի միաձուլման) իրականացմանը։ Լազարյանը վստահ է` իրեն գործից ազատել են Սյունիքի մարզպետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
 Գորիսի պետական քոլեջի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Արմինե Կոլյանին։Թե ստեղծված քաոսում ինչպես է պատկերացնում իր աշխատանքը, hraparak.am֊ը փորձեց պարզել հենց տիկին Կոլյանից։

«Նախօրեին երեկոյան իմացա,  որ Գորիսի պետական քոլեջը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 30 դասախոս սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, կարծում եմ, որ  իրենք այդ որոշումը կայացրել են լրջորեն ու մտածված, ես հարգում և ընդունում եմ իրենց որոշումը: Իրենք այսուհետ ու այլևս քոլեջի ճակատագրի հետ կապված որևէ մտահոգություն չպիտի ունենան, քանի որ կրկնում եմ՝ իրենք են որոշել սեփական դիմումի համաձայն լքել քոլեջը, իսկ եթե, այնուամենայնիվ, իրենք մտահոգված են քոլեջի հետագա գործունեությամբ, առհասարակ այս խնդրից հուզված, այս հարցով հետաքրքրված կամ մտահոգված բոլոր անձանց հավաստիացնում և հավատացնում եմ, որ քոլեջը չի տուժելու, ես Գորիս համանյքի լավագույն մասնագետներին կհրավիրեմ քոլեջում դասավանդելու, իսկ մինչ այդ, եթե 1-2 օր քոլեջի ուսումնական պրոցեսը չի ընթանա այնպես, ինչպես անհրաժեշտ է, ապա էլի  խնդիր չեմ տեսնում, այդ բացը կլրացնենք անպայման.  թույլ չեմ տա, որ քոլեջի որևէ ուսանողի կրթություն ստանալու իրավունքը խաթարվի: 
Եթե ես հանձն եմ առել քոլեջի ղեկավարման առաքելությունը, ապա այն կիրականացնեմ ամենայն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ՝  հանուն քոլեջի բարօրության ու բարգավաճման,   կրթության, քանի որ ես կրթության նվիրյալ եմ ու հայրենասեր»,- ասաց նա` որևէ խնդիր չտեսնելով ստեղծված իրավիճակում:

Նշենք,որ Արմինե Կոլյանը ոստիկանական ուժերի օգնությամբ մտել է Գորիսի պետական քոլեջ։

Նշենք նաեւ, որ կառավարությունը 2025 թվականի ապրիլի 17-ին «Գորիսի պետական քոլեջը» և «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը» լուծարելու և միաձուլելու որոշում էր կայացրել։ Համաձայն կառավարության որոշման, պետք է ստեղծվեր «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչը սակայն, ըստ, նախկին տնօրեն Կարեն Լազարյանի, դեռևս տեղի չի ունեցել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image