Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն մայիսին մտադիր է ԱՄն մեկնել՝ Թրամփի հետ քննարկելու ԱՄՆ-ի կողմից նոր սահմանված մաքսատուրքերի հարցը, հաղորդում է թուրքական Milliyet-ը: Հիշեցնենք, որ Թրամփի որոշմամբ, ի թիվս այլ երկրների, Թուրքիայի համար ԱՄՆ-ն սահմանել է 10 տոկոսանոց մաքսատուրք: էրդողանը հույս ունի իր այցելության ժամանակ համոզել Թրամփին՝ Թուրքիայի համար արտոնյալ պայմաններ սահմանել: Նկատենք, որ Թուրքիայի հանդեպ առանց այն էլ սահմանվել է նվազագույն մաքսատուրք:
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, եթե ԱՄՆ-ն չի վերանայելու իր արտաքին տնտեսական քաղաքականությունը, որը վերջերս է ընդունվել, ապա Թուրքիայի հանդեպ սահմանված նվազագույն տոկոսի մեղմացման մասին, ամենայն հավանականությամբ, անիմաստ է խոսել: «Գուցե Էրդողանն ուզում է ԱՄՆ գնալ՝ իր դիրքերը բարելավելու համար: Հայտնի է, որ Բայդենի հետ Էրդողանն ունեցել է վատ հարաբերություններ և ամենայն հավանականությամբ փորձելու է վերստեղծել հարաբերություններ արդեն Թրամփի հետ: Բայց 10 տոկոսը մեղմացնելն, իմ կարծիքով, չի ստացվի, առավել ևս, որ Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ դա նույնիսկ օգտակար է Թուրքիայի համար և իրենց ձեռնտու է այս 10 տոկոսանոց մյուս երկրների համար ԱՄՆ-ն ավելի բարձր տարիֆ է սահմանել»,-ասաց տնտեսագետը:
Արդյոք մաքսատուրքի սահմանումը խնդիրներ կառաջացնի Թուրքիայում, հարցին Միքայելյանը պատասխանեց, որ խնդիրներ կարող են լինել: Այն ապրանքները, որը ԱՄՆ-ն ներմուծում է Թուրքիայից, հիմնականում բավականին մշակված արդյունաբերական ապրանքներն են և Թուրքիայի արտահանման 6.2%-ն է միայն ուղղվում ԱՄՆ:
«Դա փոքր թիվ չի, չնայած դա վճռորոշ էլ չի, Թուրքիայի հիմնական տնտեսական գործընկերը Եվրամիությունն է: Բայց ամեն դեպքում ԱՄՆ-ն բավականին կարևոր գործընկեր է և այսպիսով, իմ կարծիքով Էրդողանի այցի նպատակը քաղաքական է: Ինչ վերաբերում է հետևանքներին, այս պահի դրությամբ 16.4 միլիարդ դոլարանոց շրջանառություն կա: Գուցե այդ շրջանառությունը նվազի ինչ-որ չափով և գուցե Թուրքիան որոշակի կորուստներ ունենա, բայց վճռորոշ դեր դրանք չեն խաղալու և Թուրքիայում մեծ երկրի մակարդակով չեն նկատվելու»,-ասաց Միքայելյանը:
Տնտեսական խնդիրների դեպքում Էրդողանը կփորձի նոր գործընկերներ գտնել, սակայն պետք է շեշտել, որ ԱՄՆ-ում շատ հեռանկարային չէր Թուրքիայի արտաքին առևտուրը և երբ Թրամփը արդյունաբերական վերակառուցման նպատակ է դրել՝ առհասարակ հնարավոր չէ, որ Էրդողանը ԱՄՆ-ում նոր շուկաներ գրավելու հնարավորություն ունենա:
Թուրքիայի համար Թրամփը բացառություն չի անելու՝ կարծում է տնտեսագետը, սակայն աշխարհաքաղաքական որոշակի վերադասավորումներ կարող են լինել: «Մենք գիտենք, որ Իսրայելի հետ Թրամփը շատ լավ է և նույնիսկ շատ ավելի մտերիմ է, քան Բայդենը: Թուրքիան հիմա Իսրայելի հետ խնդիր ունի Սիրիայի տարածքում, ինձ թվում է Էրդողանի այցը առաջին հերթին վերաբերելու է հակասիրիական, հակաիսրայելական, հակահունական ու հակահայկական օրակարգին»,-եզրափակեց իր խոսքը Հրանտ Միքայելյանը: