Քաղաքականություն

«Բալասանյան դաշինք, ինչի՞ն եք կողմ քվեարկում»․ Գյումրու ավագանին ընդունեց դատախազի առաջարկը

«Բալասանյան դաշինք, ինչի՞ն եք կողմ քվեարկում»․ Գյումրու ավագանին ընդունեց դատախազի առաջարկը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի 26-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է արտահերթ նիստ, որտեղ քննարկելու են Գյումրու քաղաքապետի 24 որոշումները անվավեր ճանաչելու և վարչական դատարան ներկայացնելու հարցը:

ՔՊ-ականները փորձում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից բռնագանձել Գյումրու «Սև բերդ» ամրոցը և մի շարք այլ շինություններ, որոնք ավագանու որոշումներով օտարվել էին, ապա վաճառվել:
Ավագանու հրավիրած արտահերթն նիստը կայացավ, քանի որ քվորումն ապահովվեց, նիստին ներկա չէր միայն ՀՀԿ խմբակցությունը, որի մասին մենք նախապես գրել էինք, քանի որ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն արդեն իսկ մեզ հետ զրույցում ասել էր, որ  իրավական խնդիր են տեսնում այդտեղ եւ նիստին չեն մասնակցելու: 

Մինչդեռ, որքան էլ տարօրինակ է, քվորումն առաջին հերթին ապահովվեց Բալասանյան դաշինքը, ներկա էին նաև մյուս խմբակցության անդամները : Առանձնահատուկ պաթոսով ելույթ ունեցավ փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը՝ Սամվել Բալասանյանի զարմուհին, նշելով, որ Բալասանյան դաշինքը նախագծին կողմ է քվեարկելու, քանի որ իրենց համար էլ առաջնային է իրականության բացահայտումը՝ միաժամանակ կոչ արեց գործընկերներին՝ չքաղաքականացնել, անձնավորված մեղադրանքներ չհնչեցնել : Ավագանու անդամներից մեկն էլ նկատեց, որ չի կարելի չքաղաքականացնել, քանի որ հստակ անձերի անուններ է տրվում:Խոսքը վերաբերվում է նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանին եւ Սամվել Բալասանյանին:

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ևս օրեր առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր իրենց դիրքորոշումը :Ավագանու նիստին նա վերահաստատեց խմբակցության որոշումը՝ ասելով, որ իրենք նախագծին կողմ չեն քվեարկի, քանի որ դատախազությունն արդեն իսկ 2023թ-ին գործ է հարուցել, ունի գործով հստակ փաթեթ, եւ հիմա էլ ճիշտ կլինի, որ հայցը ներկայացնի հենց դատախազությունը, ոչ թե ավագանին, ավելին, ըստ Մալխասյանի՝ մինչ այդ ավագանու մյուս խմբակցությունները ևս իրենց հետ համաձայն են եղել, քանի որ նիստերից որևէ մեկում երբևէ չեն ներկայացրել այդ հարցը:

Անկախ ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն էլ նկատեց․ «Մենք  էստեղ ի՞նչ ենք անում, հարգելի ավագանու անդամներ, եթե դատախազությունն հստակ ասում  է, որ մեկ ամսվա ընթացքում տեղեկատվության բացակայության դեպքում ինքը հայց կներկայացնի, իսկ ասեմ , որ դատալեքսում արդեն կա, որ երկու գործի հետ կապված հայց է հարուցված, 2 գործով դատարանն արդեն դիմել է վարույթի: Մենք դատախազության նշած 30-օրյա ժամկետում ոչինչ չենք ներկայցրել , դա նշանակում  է, որ բոլորս արդեն քվեարկել ենք՝ հայտնելով մեր դիրքորոշումը: Ես ոչ մեկի պաշտպանը չեմ, բայց քանի որ դատախազությունը մեզ դիմել էր ավելի վաղ, ինչո՞ւ 26-ին չբերեցինք ավագանու նիստին նախագիծը, անցել է դատախազության տված ժամկետը, հարգելի Բալասանյան դաշինք, ինչի՞ն եք կողմ քվեարկում » :

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նախագծում 3 նկատառում արեց ՝ տեխնիկակական, ժամկետի եւ փաստաբանի ծառայության հետ կապված,  խնդրեց ընդմիջում, որի ընթացքում քննարկվեցին եւ ներառվեցին այդ առաջարկությունները ևս: 
Ինչևէ, արտահերթ նիստում դատախազության առաջարկը՝  հայց ներկայացվելու օրակարգային հարցը , ընդունվեց ՝ 19 կողմ ձայնով․ ՔՊ-ական 11   եւ 8 Բալասանյան դաշինքից  ավագանու անդամներ կողմ քվեարկեցին Շիրակի մարզի դատախազի առաջարկին:

Հիշեցնենք, որ նիստը նախաձեռնել էր ՔՊ-ն՝ պարզաբանելով նպատակը․ «Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է հետևյալը (մեջբերեմ 2 օրինակ)․ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ «Կումայրի» արգելոց-թանգարան»-ը՝ որպես համայնքային գույք փոխանցվել է Գյումրի համայնքին՝ որպես սեփականություն: 2001թ․-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին: Կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ենթակա չէր օտարման: ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնված Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասը՝ «Սև Ղուլ» պատմական ամրոցն ու հողամասը, 2018 թվականին Գյումրի համայնքին են փոխանցվել սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այդ նույն տարում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով «Սև Ղուլ» պատմական ամրոցն օտարվել է նախ Սիրական Մկոյանին, այնուհետ՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին: Եվ սա այն պարագայում, երբ տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէին կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և ենթակա չէին օտարման: Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շահագրգիռ է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝ վիճարկելու համայնքի ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույք՝ դրանք վերադարձնելով համայնքին» :

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image