Հարցազրույց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանի հետ:
- Քաղաքային իշխանությունները որոշել են երեւանցիներին ստիպել, որ հետ կանգնեն բոյկոտից եւ վճարեն 150 դրամ` 100-ի փոխարեն: Քաղաքապետի խոսնակը գրել էր, որ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները ստուգայցեր են կատարելու հանրային տրանսպորտում: Ինչի՞ մասին է խոսքը: Քանի՞ նման աշխատակից կա քաղաքապետարանում, ի՞նչ պետք է անեն նրանք:
- Հանրային տրանսպորտում չի կարող լինել հսկիչ կամ ստուգայց կատարող: Սկսենք նրանից, թե որ հոդվածի համաձայն են նման ծախսեր նախատեսում, եւ, բացի դա, ո՞վ է այս մարդկանց նման իրավասություն տվել: Սա ոչ իրավաչափ պրոցես է: Նման գործողություններն իրավաչափ համարելու համար օրենքի մակարդակով պետք է հստակ սահմանումներ տալ, քաղաքացիները պետք է նախապես իրազեկվեն, որ նման բան կարող է տեղի ունենալ: Ի՞նչ է նշանակում հանրային տրանսպորտում հսկիչ: Այս ամենը պետք է ունենա հստակ իրավական հետեւանք: Որեւէ օրենսդրական գործողություն չի արվել, հանրային դաշտ չի բերվել այս հարցը, չի եղել գեթ մեկ հանրային քննարկում: Փաստորեն, ո՛չ հասարակությունն է քննարկել այս հարցը, ո՛չ էլ ավագանին: Առհասարակ` ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա են նման քայլեր կատարում: Քանի՞ հսկիչ է անհրաժեշտ այս գործողության համար` 10, 100, 1000, գուցե՝ ավելի շատ: Այս ամենն անտրամաբանական է, բայց զարմանալի ոչինչ չկա: Հստակ ժամանակացույց է հարկավոր, բնականաբար, մարդկանց աշխատանքը չի կարող լինել անդադար, Աշխատանքային օրենսգրքով քաղաքացին կարող է աշխատել իքս ժամանակահատված: Հետեւաբար, նոր աշխատակիցներ են հարկավոր, նոր կադրեր, նոր ծախսեր:
- Այսինքն` քանի՞ աշխատակից է հարկավոր քաղաքապետարանին՝ երեւանցիներին հսկելու համար:
- 600+300+եւս 300 հավելյալ աշխատակից` հերթափոխի համար: Եթե անգամ լինի 100-200 նոր աշխատակից, եթե անգամ նրանք աշխատեն նվազագույն աշխատավարձով, ապա ո՞ր հոդվածով են այն հաստատելու ավագանու կողմից: Հնարավոր չէ այդ ծախսերը ծածկել նվիրատվությունների կամ ինչ-որ հիմնադրամների փոխանցումների միջոցով: Նրանք պետք է լինեն քաղաքապետարանի աշխատակիցները, եւ այդ բոլոր գործողությունները պետք է արվեն ավագանու մակարդակով: Մենք դեմ չենք հավելյալ աշխատակիցներ ընդունելուն: 10 տարի է՝ խոսում ենք, որ վարչական շրջաններում կարող են 40 տոկոսով կրճատումներ անել, քանի որ կան կադրեր, որոնք անգործության են մատնված, եւ այդ գումարները հատկացնեն այլ աշխատող կադրերին: Վերադառնալով բոյկոտի թեմային` հավատացնում եմ Ձեզ, որ քաղաքացիների անհնազանդությունը կանխելու առումով չկա իրավական որեւէ մեխանիզմ, որը կարող է քաղաքացուն տուգանքի կամ այլ պատասխանատվության ենթարկել: Քաղաքացիական անհնազանդությունը ժողովրդավարական, իրավական, սոցիալական երկրների համար սահմանված թիվ մեկ գործողությունն է, ինչն անգամ պարտադիր է: Բայց Հայաստանում իրավապահները բիրտ ուժի կիրառման են դիմում, անողջամիտ քայլեր են անում, սակայն նման գործողությունները տապալվելու են:
- Եթե հանրային տրանսպորտում հսկիչ կոչվածը միջամտում է քաղաքացու գործողություններին, քաղաքացին կարո՞ղ է դիմել ոստիկանություն:
- Այո, քաղաքացին անհնազանդության գործողություն կատարելու պահին ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով կարող է դիմել ոստիկանություն, որպեսզի կանխվեն անօրինական գործողությունները: