Հասարակություն

Բենզինիստներն էժան հաճույք եւ կարճ կյանք են ունենում

Բենզինիստներն էժան հաճույք եւ կարճ կյանք են ունենում

Թմրամոլների մի տեսակ կա՝ բենզինիստներ, որոնք բենզին են սրսկվում։ Թմրամոլության ամենախայտառակ տեսակն է սա, օրգանիզմն ամենաարագն է քայքայվում, եւ մահը շատ շուտ է վրա հասնում, բայց բենզինն էժան է։ Փաշինյանի կառավարող խմբակը՝ ինքը, բենզինիստ լինելով, երկիրն է վերածում բենզինիստի, Հայաստանը նստեցրել է իբրեւ թե ադրբեջանական եւ իբրեւ թե էժան բենզինի ասեղի վրա, որի վերջն արագ մահն է՝ Հայաստանի պետականության։
Փաշինյանի մոտ էկոնոմիկայի նախարար աշխատող Գեւորգ Պապոյանը չի մեկնաբանում Ադրբեջանից շաքարավազ ներկրելու մասին «Հրապարակի» գրածը տեղեկությունը․ «Էս փուլում չեմ կարող մեկնաբանել դա»։

Մինչդեռ, ըստ փաշինյանական իշխանության տրամաբանության, իրենք պետք է հպարտանային նման տեղեկությամբ, դա ներկայացնեին որպես «խաղաղության դարաշրջանի» հերթական ձեռքբերում։ Բայց շնորհիվ հանրային ճնշման, Նիկոլ Փաշինյանը եւ անգամ Գեւորգ Պապոյանն են հասկացել, որ Ադրբեջանից ինչ-որ ապրանք, հեթական խմբաքանակ ներկրելը ոչ թե հաջողության, այլ Ադրբեջանի առեւտրային կցորդի վերածվելու մասին ապացույց է։ «Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել․ մենք ցանկեր ենք փոխանակել, ասել ենք` մենք սա ենք արտահանում, դուք սա ներմուծում եք, ոնց որ թե մեր արտահանման եւ ձեր ներմուծման մեջ կա նույնություն։ Իրենք էլ նայել են, ասել են` ճիշտ եք, տվել են իրենց գործարարներին։ Նույնը իրենք են արտահանում, մենք ենք ներմուծում։ Հիմա մեկ ապրանքատեսակ գիտեք` բենզինը»,- խոր հոգոց հանելով՝ ասում է Պապոյանը եւ նոր ու ավելորդ հարցերից խուսափելու համար շատ հրատապ հեռանում։

Ադրբեջանը չի ցանկանում եւ կարիք չունի Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման, բենզինն ընդամենը նախընտրական նվեր կամ աջակցություն է Փաշինյանի իշխանությանը՝ քարոզչություն իրականացնելու համար։ Փաշինյանի նախընտրական քարոզչության տնտեսական մասը հիմնված է այն թեզի վրա, որ եթե իրենք Հայաստանը ենթարկեցնում են Թուրքիային եւ Ադրբեջանին՝ «խաղաղության դարաշրջան» բերում, բացվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները, այդ երկրների հետ առեւտուր է իրականացվում, դրա արդյունքում Հայաստանում ապրանքների գներն էականորեն նվազում են, մարդկանց կյանքը բարելավվում է։ Բայց որպեսզի այս քարոզչությունը մերկապարանոց չհնչի, պետք է ցայտուն օրինակ՝ բենզինը․ մինչեւ Ադրբեջանից բենզին ներմուծելն այն արժեր 520 դրամ, իսկ Ադրբեջանից ներմուծելուց հետո դարձել է 430, փոփոխությունն ակնհայտ է եւ տեսանելի։ Բայց որ սա նախընտրական տրյուկ է եւ կվերջանա հենց ընտրության հաջորդ օրը, ցույց են տալիս նույն բենզինի շուկան եւ գինը, ռեգուլար տեսակի բենզինը, որ մինչեւ ադրբեջանական բենզինի մուտքն արժեր 500 դրամ, հիմա արժե 470։ Նման բան ուղղակի չի կարող լինել, չի կարող ավելի բարձր օկտանային արժեք ունեցող բենզինն անհամեմատ էժան լինել ավելի ցածր օկտանային արժեք ունեցողից, բացի Հայաստանից, ոչ մի ուրիշ տեղ չկա նման բան։ Սա ընդամենը մի բանի ապացույց է․ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանից աջակցություն է խնդրել՝ սեփական հասարակությանը խաբելու համար, եւ այդ աջակցությունը մեծահոգաբար տրամադրվել է։ Ալիեւի իշխանությանը եւս ձեռնտու է Փաշինյանի վերարտադրությունը, նա օգնության ձեռք է մեկնել։

Փաշինյանը, ըստ էության, ուրիշ բան չի էլ կարող ասել հասարակությանը, չի կարող խոստանալ ներդրումներ, նոր ձեռնարկությունների ստեղծում, նոր աշխատատեղեր, դրա համար են ՔՊ-ականները սարսափում, երբ իրենց քաղաքական հակառակորդները հասարակությանը Հայաստանի տնտեսական զարգացման իրական այլընտրանք են առաջարկում՝ նոր ձեռնարկությունների եւ հարյուր հազարավոր աշխատատեղերի ստեղծման տեսքով։ Չեն կարող ոչ միայն այն պատճառով, որ արդեն ութ տարի իշխանության լինելով՝ ոչ մի էական արտադրություն երկրում չի ստեղծվել, ոչ մի նոր գործարան չի կառուցվել, տնտեսության որեւէ ճյուղ չի զարգացել, բացառությամբ խաղային բիզնեսը, այլ որովհետեւ իրենց կառավարության գործունեությունն ուղղված է գործարարության եւ բիզնեսի դեմ։ Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղը բանկային ոլորտն է, այսպես կոչված, ֆինանսական ծառայությունները, ամենաեկամտաբեր ոլորտը, ամենաշահութաբերը, որով Փաշինյանն ուրախանում եւ հպարտանում է, մինչդեռ դրանից պետք է ամաչեր։ Բանկային ոլորտը քաշում է ամբողջ տնտեսության մեջ եղած փողը, բարձր տոկոսադրույքները, անվերահսկելի գործունեությունը, ամեն ինչից փող սարքելու, ամեն առիթով քաղաքացու գրպանը մտնելու հնարավորությունը բանկային ոլորտը դարձրել է ոչ թե տնտեսության շարժիչ ուժ։ Էն, որ ասում են` փողն ու բանկերը երկրի արյունատար անոթներն ու արյունն են, մի հսկայական չարորակ ուռուցք է` իր մետաստազներով, որ ուտում է այն ամենը, ինչ ստեղծվում է երկրում, ինքը մեծանում եւ ուժեղանում է, երկրի տնտեսությունը ոչնչանում եւ մեռնում։
Առաջիկա ընտրությունները նաեւ տնտեսական մոդելների ընտրություն են կամ առաջին հերթին երկրի զարգացման տնտեսական հեռանկարի ընտրություն․ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, սեփական ապրանքների մատակարարման եւ իրացման շուկա՞, թե՞ զարգացած արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն ունեցող երկիր։

Գեւորգ Պապոյանն իզուր է սպասում, որ Ադրբեջանը պետք է քննարկի եւ թույլ տա, որ իրենց գործարարները սկսեն Հայաստանից ինչ-որ ապրանքներ ներկրել, այն ապրանքները, որոնք հիմա նրանք ներմուծում են այլ երկրներից, ներմուծեն Հայաստանից։ Ադրբեջանի քաղաքականությունն ինչպես նախորդ 35 տարիներին, այնպես էլ հիմա շարունակում է մնալ նույնը՝ Հայաստանի տնտեսական մեկուսացման միջոցով հասնել թուլացմանը եւ ոչնչացմանը, ուղղակի մի քիչ բենզին են տվել, մասամբ էլ երկաթգիծն են բացել` իրենց օգնելու համար, համարելով, որ իրենք լավագույն գործընկերն են՝ այդ գործը համատեղ ուժերով իրագործելու համար։ Պապոյանը երեւի ինքն էլ է գլխի ընկնում, թե ինչն ինչոց է, բայց դրանից միայն ուրախ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image