Երեկ ՔՊ-ական ուսապարկերը, իրար հերթ չտալով, հայտարարում էին, որ երջանկացրել են հայ թոշակառուներին` թոշակը մի ամբողջ 10 հազար դրամ ավելացնելով: Բայց անգամ այս հարցում ազնիվ չեն, չեն ասում, որ այդ 10 հազար դրամը բոլորը չեն ստանալու (հարաբերականորեն՝ բարձր թոշակ ստացողները, իսկ Հայաստանում 80 հազար դրամն առավելագույն թոշակ է, եթե մարդը նախկին զինվորական կամ դատավոր-դատախազ չէ): Այդ 10 հազարը հազիվ մի 70 հազար մարդ է ստանալու` 600 հազարից: Վարչապետ Փաշինյանը կարծում է, թե թոշակառուներին հնարավոր է 10 հազար դրամով խաբել, եւ հայտարարում է. «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրերը՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առեւտրից ստացվող հետվճարը, այսինքն՝ կենսաթոշակները բարձրանում են իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»: Այս որոշումը պայմանավորված է մի քանի գործոնով. «Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականին եղել է կանխատեսվածից ավելի բարձր, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից կանխատեսվածից, եւ սա լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, որ քաղաքացիները տեսնեն այդ աճի արդյունքն իրենց կյանքում: Հունվարի 1-ից ներդրված առողջության համապարփակ ապահովագրության համակարգի վերլուծությունը ցույց է տալիս, որ բյուջետային հատկացումները բավարարում են կարիքները հոգալու համար»։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը, ապա, այո, այն պետք է բարձրացվեր ավելի շատ, քան 10 հազար դրամը, մենք վաղուց ենք խոսել մեր պատկերացրած կենսաթոշակի չափի մասին, այն նվազագույն սպառողական զամբյուղի չափով է, մոտ` 80 հազար դրամի չափ: Այն թոշակառուին գոնե հնարավորություն կտա իր նվազագույն ծախսերը հոգալ: Այժմ ինչ անում է այս իշխանությունը, հերթական նախընտրական քայլն է: Բյուջեի հաշվին անում են այն, ինչ պետք է անեին վաղուց, ու այնպես են ներկայացնում, կարծես իրենց գրպանից են այդ գումարները տրամադրում: ՔՊ-ից էլ մարդ չմնաց, որ չխոսեր այդ մասին, անկախ այն բանից` կապ ունե՞ն ոլորտի հետ, հասկանո՞ւմ են ոլորտից, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ այս ամենն ունի քարոզչական նպատակ: Բյուջետային քաղաքականության տեսանկյունից նման ծախսերը նախատեսվում են տարեսկզբից՝ նախորդ տարվա բյուջեի հաշվարկներով պայմանավորված: Այժմ չկա որեւէ հիմնավորում: Վերջին ամիսների ցինիկ խոսույթը` պարգեւավճարների հետ կապված, վստահաբար, թոշակառուների մոտ եւս բացասական ընկալում է առաջացրել, ու հիմա ստիպված փորձում են մեղքերի թողություն կատարել եւ փոքրիկ գումարներով սիրաշահել թոշակառուներին, սակայն թոշակառուներն անպայման կհասկանան, որ ժամանակավորապես 10 հազար դրամը շատ ավելի փոքր արժեք ունի, քան այն աղետները, որոնք պետք է բերեն Հայաստանի գլխին: Թոշակառուն ունի արժանապատիվ թոշակ ստանալու իրավունք, եւ չի կարելի նրան օգտագործել նախընտրական փիառի տեսանկյունից: 10 հազար դրամ թոշակի ու, առհասարակ, Հայաստանի թոշակի մասին պետք է ամոթով խոսեն, այլ ոչ թե հպարտանան: Այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ կողքից նայողը մտածի՝ 10 հազար դոլարի, այլ ոչ թե դրամի մասին է խոսքը»:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նպաստառուների նպաստի հաշվարկման փոփոխություններ կատարեցին, եւ իշխանությունն ամեն ինչ անում է, որ նպաստառուների թիվը պակասի, ինչպե՞ս է ստացվում, որ նպաստառուի մասին չեն մտածում, թոշակառուի մասին մտածում են։ «Այո, նպաստների համակարգում արվող փոփոխությունները բերում են նաեւ անարդարությունների, իհարկե, կան նպաստառուներ, ովքեր ստացել են նպաստ՝ դրա կարիքը չունենալով, սակայն քիչ չեն նաեւ նրանք, ովքեր, ունենալով դրա կարիքը, զրկվել են գումարից: Աղքատությունը Հայաստանում շարունակում է բարձր մնալ, եւ շատ ընտանիքներ իսկապես դրա հաշվին են ապրում: Պաշտոնական վիճակագրությունը եւս փաստում է դա: Երբ աղքատությունն ամենաբարձր մակարդակի վրա է, անընդունելի է, երբ ասվում է, թե մարդիկ նպաստի կարիք չունեն: Շատ հաճախ ընտանիքի աղքատ լինելու հանգամանքն ինչ-որ մի գործոնով համապատասխան չափանիշներին չի համապատասխանում, այնպես որ, շեշտը դրա վրա դնելը սխալ է ու անընդունելի»: