Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով՝ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, փետրվարի 16-19-ը։ Նկատենք, որ այն նախատեսված էր հրավիրել 2025-ի դեկտեմբերին, սակայն հետաձգվեց, եւ իշխանությունները տոնում էին այդ առիթով` պնդում, որ Վեհափառը վախեցել է իրենցից, որ այն իրենց հերթական հաղթանակն է եւ այլն: Մենք այդ օրերին տեղեկություններ ունեինք, որ մեծ ճնշումներ են գործադրվել Եկեղեցու վրա, մասնավորապես՝ սպառնալիքներ են տեղացել, թե նոր ձերբակալություններ կլինեն, դրսից ժամանած եպիսկոպոսներին կարող են թույլ չտալ, որ հեռանան իրենց ծառայության երկրները, այդ մտավախություններն են եղել հետաձգման պատճառը: Եպիսկոպոսաց ժողովի եւ այլ թեմաներով զրուցել ենք Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ:
- Ինչո՞ւ է Մայր Աթոռը որոշել, որ դրսում հրավիրի ժողովը, հատկապես` Ավստրիայում, այս ժողովի հետ կապված՝ կա՞ն ճնշումներ Եկեղեցու նկատմամբ:
- Այո, նորմալ է, որ նման իշխանություն ունենալու պարագայում Մայր Աթոռը դրսում է Եպիսկոպոսաց ժողով անցկացնում: Որպեսզի ժողովականներն ավելի անկաշկանդ լինեն, ճիշտը հենց դրսում ժողով անելն է: Այս իշխանություններն ունեն սովորություն՝ միջամտելու այն ամենին, ինչն իրենց չի վերաբերում: Ասեմ, որ 2018 թվականի դեպքերից հետո եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերը իշխանավորները վերցրել են: Այժմ մի շարք եպիսկոպոսներ չունեն դիվանագիտական անձնագրեր:
- Ո՞վ է վերցրել:
- Իշխանությունները: Եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները դիվանագիտական անձնագրեր ունեին եւ կարողանում էին դրսում տեղի ունեցող միջոցառումներին անկաշկանդ մասնակցել եւ այլն: Հիմա նրանց զրկել են այդ ամենից, ուստի դրսում ժողով անելն այս պահին շատ ճիշտ որոշում է, որպեսզի ժողովական եպիսկոպոսների վրա ճնշումներ չլինեն: Լավ գիտեք, թե ինչեր են կատարվում: Գեւորգ Սարոյանն էլ այս գիշեր քահանաների նկատմամբ պրոցեսներ է կազմակերպել, բանակում եւս հոգեւոր սպասավորները ենթարկվում են ճնշումների: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԱԱԾ աշխատակիցները բարեկամաբար, ընկերաբար են մոտենում իրադարձություններին, բայց մենք երբեք չենք ունեցել նման ընկերներ ու բարեկամներ, որ գան եւ մեզ նման խնդրանքներով դիմեն, իսկ մենք էլ մերժենք նրանց խնդրանքները: Դրսում ժողով անելը տալիս է անկաշկանդ լինելու հնարավորություն: Դրսի թեմերը Հայաստանում կարող են կաշկանդվել: Սա խելացի որոշում է, թեպետ աննախադեպ չէ, տարբեր առիթներով Եկեղեցին Հայաստանից դուրս միջոցառումներ կազմակերպում է: Նիկոլի օրոք այնպիսի բաներ են կատարվում, որ միամիտ սփյուռքահայ թեմի առաջնորդները կարող են զարմանքից քարանալ՝ եկեղեցում տեսնելով ԱԱԾ-ականներին: Կամ, ասենք, դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի բակում բռնություն էր գործադրում, պատկերացնո՞ւմ եք՝ այդպիսի մեկը հանդիպի դրսի թեմերի առաջնորդներին: Ես ուրախ եմ, որ նման որոշում է կայացվել: Ինչքան շատ շփվեն Հայաստանի իրավապահ մարմինների հետ, Հայաստանն այնքան շատ կվարկաբեկվի, հավատացեք` մենք դրանից չենք ուրախանում, հակառակը: Դրսում ծառայող, հայրենիքը սիրող հոգեւորականները խիստ ծանր կտանեն՝ տեսնելով Նիկոլի կամակատարներին: Ավելի լավ է՝ այդ մարդիկ չտեսնեն այդ ամենը:
- Կիրակի օրը Չարենցավանի եկեղեցու բակում, անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, արցունքն աչքերին, խնդրում էր կաթողիկոսին, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյք «պատարագից» հետո մաքրման աշխատանքներ կազմակերպեն իրենց եկեղեցում, որպեսզի ինքը` որպես հավատացյալ, ամեն կիրակի կարողանա մասնակցել պատարագին, աղոթք անել ու դրանով սփոփվել: Տեղյա՞կ եք` արվե՞լ են նման մաքրման աշխատանքներ:
- Նիկոլից հետո բոլոր եկեղեցիները պետք է ախտահանվեն:
- Բայց ախտահանվո՞ւմ են:
- Չենք ուզում այժմ որոշ կոնֆլիկտներ առաջացնել: Ամսի 15-ին Հովհաննես Մկրտչի ծննդյան օրն էր, ուզում էինք Կարբիից ոտքով ուխտագնացություն իրականացնել դեպի Հովհաննավանք: Բայց երբ եւս մեկ անգամ իմացանք, որ այնտեղ ոստիկանները հոգեւորականներից շատ են, կան նաեւ սադրիչներ, այդ պատճառով մենք այդպես էլ չգնացինք այնտեղ: Անպայման պետք է ախտահանել եկեղեցիները, ես համաձայն եմ տիկնոջ հետ, մենք նրա համար հնարավորություն կստեղծենք: Թալինում իրականացրել ենք աշխատանքներ, մյուս տեղերում էլ անպայման կանենք…. մենք բոլորի հետ փորձում ենք մեր հարաբերությունները լավ պահել, այդ թվում՝ Չարենցավանի քահանայի, սակայն այդ մարդկանց մի մասին շահագրգռել են, մի մասին` շանտաժի ենթարկել, բայց մենք փորձում ենք բոլորին ըմբռնումով մոտենալ, չլարվել ու սադրանքներին չտրվել: