Մշակույթ

«Հրապարակ». Ուսուցիչները դժգոհ են կամավոր ատեստավորման լրամշակված ուղեցույցից

«Հրապարակ». Ուսուցիչները դժգոհ են կամավոր ատեստավորման լրամշակված ուղեցույցից

Կառավարությունը հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխությունների մասին որոշումը: Ներկայացնելով փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021-ին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է` վերլուծության, ուսուցիչների առաջարկների հիման վրա:

Նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, մասնավորապես՝ ատեստավորման ընթացքում առաջացող տեխնիկական բնույթի խնդիրները տեղում քննելու հնարավորություն է սահմանվել: Գործող կարգում թեստավորման աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս էր գալիս քննասենյակից, իսկ այսուհետ՝ էլեկտրոնային թեստավորման դեպքում արդյունքների մասին ամփոփաթերթը ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է բողոքարկել արդյունքները։ Մասնակցի բողոքը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում խնդիրն արձանագրվում եւ բանավոր կերպով պարզաբանվում է:

«Նախորդ տարի, երբ էլեկտրոնային եղանակով առաջին անգամ իրականացվեց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, պարզ դարձավ, որ պետք է առանձնացնել բովանդակային բողոքարկումը, որը կարող է կապված լինել, օրինակ, թեստի որեւէ հարցի հետ: Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվել տեխնիկական հարցերի հետ կապված բողոքարկումն անել անմիջապես ատեստավորումից հետո, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել ուսուցիչների բարձրացրած խնդիրներին եւ տեխնիկական հարցերը լուծել տեղում»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Որոշմամբ հստակեցվել է նաեւ մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը: «Լրամշակած ուղեցույցներն օգտակար կլինեն ուսուցիչների համար: Հույս ունեմ, որ նոյեմբերին անցկացվելիք ատեստավորմանն ավելի քան 6 հազար ուսուցիչ կմասնակցի»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Սակայն այս տարվա դասվարների կամավոր ատեստավորման ուղեցույցը բազմաթիվ դասվարների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել։ Տելեգրամյան խմբերում քննարկում են անգամ բողոքի ակցիա կազմակեպել կամ պահանջում են գոնե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կար նախորդ տարվա թեստերում։  

Օրեր առաջ հրապարակված կամավոր ատեստավորման թեստերի ուղեցույցի հետ կապված՝ դասվարները շարադրել են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացնել ԿԳՄՍՆ-ին։

Այն է՝ ուղեցույցում այս տարի փոփոխություն է կատարվել միավորների բաշխման կարգում։ Մասնավորապես՝ եթե նախորդ տարիներին պնդումներ պարունակող առաջադրանքների համար նախատեսվում էր 2 կամ 3 միավոր՝ կախված պատասխանների ճշգրտությունից, ապա այս տարի դրանք գնահատվում են ընդամենը 1 միավորով։ «Սա նշանակում է, որ եթե ուսուցիչը, օրինակ, պետք է նշի 3 կամ 4 սխալ պնդում եւ մի դեպքում բացթողում կամ սխալ է անում, ապա ամբողջ առաջադրանքի համար չի ստանում որեւէ միավոր։ Մենք գտնում ենք, որ այս մոտեցումը չափազանց խիստ է եւ չի արտացոլում ուսուցչի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները»։

Բացի այդ, այս տարվա թեստերում ավելացվել է 5 նոր առաջադրանք։ «Հարց է առաջանում՝ արդյո՞ք նախատեսվում է թեստի անցկացման համար հատկացված ժամանակը երկարացնել, քանի որ առաջադրանքների ավելացման դեպքում նույն ժամանակահատվածում դրանք կատարելն առավել բարդ կլինի»։

Մեկ այլ խնդիր, որ մատնանշել են դասվարները․ «Ի տարբերություն առարկայական ուսուցիչների՝ դասվարները նույն թեստի շրջանակում միաժամանակ հանձնում են հայոց լեզու եւ դրա ուսուցման մեթոդիկա, մաթեմատիկա եւ դրա ուսուցման մեթոդիկա, ինչպես նաեւ՝ «Ես եւ շրջակա աշխարհը» առարկաները։ Այդ դեպքում տարրական դասարանների ուսուցիչների աշխատանքն անհամեմատ ավելի ծանրաբեռնված է։ Ավելին, եթե, օրինակ, պատմության ուսուցիչը հաջողությամբ հանձնում է իր առարկայի թեստը, դրանով դրական ազդեցություն է ունենում նաեւ իր դասավանդած հարակից՝ «Հասարակագիտություն» առարկայի համար, մինչդեռ մեզ՝ դասվարներիս, նման արտոնություն չի տրվում»։

«Ուղեցույցում նշված գրականության ցանկը նույնպես մտահոգիչ է։ Թեեւ հստակ ասվում է, որ հարցերը կազմվելու են հանրակրթական դպրոցների առարկայական ծրագրերի հիման վրա, այդուհանդերձ, ներկայացված է ծավալուն գրականության ցանկ, որտեղ ներառված են գրքեր, որոնք հանրակրթության դասագրքերում չեն օգտագործվում։ Մենք մտահոգ ենք, որ այդ գրքերից կարող են հարցեր ներառվել թեստում։ Բացի այդ, ցանկում հստակ նշված չէ, թե որ դասարանների առարկայական ծրագրերից են կազմվելու հարցերը, մինչդեռ տարրական դասարանի ուսուցիչը պարտավոր չէ տիրապետել 1-12-րդ դասարանների մայրենի լեզվի եւ մաթեմատիկայի բոլոր դասընթացներին»։
«Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է տրամադրել հստակ հարցաշարեր կամ շտեմարաններ, որպեսզի կարողանանք ավելի նպատակային եւ արդյունավետ պատրաստվել ատեստավորմանը։ Մեր կարծիքով, անարդարացի է մեզնից՝ գործնական ոլորտում աշխատող ուսուցիչներից պահանջել՝ կարճ ժամանակում յուրացնել այնպիսի ծավալուն տեղեկատվություն, որն ուսանողները սովորաբար ուսումնասիրում են տարիներ շարունակ։ Եվ վերջում հարկ ենք համարում նշել, որ ուղեցույցում ներկայացված գրականության որոշ աղբյուրներում հաճախ հանդիպում են սխալ լուծումներ, բարդ ու երբեմն երկիմաստ պնդումներ, ինչը եւս կարող է խոչընդոտել արդար եւ օբյեկտիվ թեստավորման կազմակերպմանը»,- բաց նամակում նշել են դասվարներն ու հույս հայտնել, որ իրենց առաջարկությունները եւ մտահոգությունները կընդունվեն ըմբռնումով ու հաշվի կառնվեն՝ արդար ու հավասարակշռված գործընթաց ապահովելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image