ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատական հայցեր են ներկայացրել պալատի դեմ։ Մեր տեղեկություններով, արդեն մոտ տասնյակ նման հայցեր կան։ Դրանց թիվն օր օրի ավելանում է։ Վերջերս պալատի դեմ հայց է ներկայացրել նաև 6–րդ վարչության պետ Վարդան Առաքելյանը։ Աշխատողները, որոնց մի մասն արդեն ազատված են աշխատանքից, գտնում են, որ Հաշվեքննիչ պալատի մասին նոր օրենքը, որով պալատի բոլոր աշխատողները՝ կրտսեր հաշվեքննիչից մինչեւ անդամ, պետք է ունենան աուդիտորի որակավորում, խախտում է իրենց իրավունքները։ Նրանց պարտադրում էին քննություն հանձնել եւ ստանալ այդ որակավորումը, մինչդեռ նրանք տարիներով այդ գործառույթն իրականացրել են:
Կազուսն այն է, որ իր իսկ աշխատողներից դատարաններում պաշտպանվելու համար Պալատի խորհուրդը որոշում է կայացրել մոտ 3,5 մլն դրամ հատկացնել փաստաբանական ծառայությունների համար։ Այս գումարը ծախսվելու է Պալատին պետբյուջեով հատկացվող միջոցներից։ Եւ սա այն դեպքում, երբ Հաշվեքննիչ պալատը ունի առանձին իրավաբանական ծառայություն, որը կարող էր իրականացնել հիմնարկի դատական պաշտպանությունը` առանց լրացուցիչ ուժեր ներգրավելու եւ լրացուցիչ ֆինանսներ ծախսելու։
Հաշվեքննիչ պալատի մեր աղբյուրը վստահեցնում է, որ 3,2 մլն դրամը ֆինանսների նախարարությունը հատկացնելու է ընդամենը չորս աշխատողների հայցերին պատասխանելու համար։ Փաստորեն, բյուջեի հաշվեքննության համար տրամադրվող հարկատուների գումարները ծախսվում են սեփական աշխատողներից պաշտպանվելու համար, իսկ բյուջեի ուսումնասիրությունները տապալվում են։ Հիշեցնենք, որ անցած տարի Պալատը չի կատարել իր գլխավոր գործառույթը` բյուջեի հաշվեքննություն չի իրականացրել: Առհասարակ, հաշվեքննիչ պալատի գործունեությունը չափազանց թանկ է նստում ՀՀ հարկատուների համար։ Պալատի նախագահը, ինչպես հայտնի է, պահանջել էր բարձրացնել իր աշխատավարձը, հասցնելով այն ամսական 4 մլն դրամի։ 80-90 տոկոս կազմող «պրեմիաների» հետ այն հասնում է ամսական մոտ 20 հազար դոլարի։
