Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, պատրաստվում է մեկնել Գյումրի՝ մասնակցելու պատարագի։ Ուշագրավ է, որ, ըստ լուրերի, նա պատրաստվում է ներկա գտնվել Գյումրու ծայրամասային` Անի թաղամասում գտնվող Հակոբ Մծբնա եկեղեցում նախատեսված պատարագին։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը վերապահում ունի Գյումրու կենտրոնական հրապարակում գտնվող երկու եկեղեցիների` Յոթ Վերքի և Ամենափրկչի նկատմամբ։ Յոթ Վերքը, որին կից է Շիրակի թեմի առաջնորդարանը Փաշինյանի համար անընդունելի է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պատճառով, քանի որ այնտեղ սրբազանի ներկայությունն ու շունչն է առկա։ Իսկ Ամենափրկիչը վերանորոգվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ջանքերով. այնտեղ էլ Ղուկասյանի ներկայությունն է զգացվում։ Թերևս դա է պատճառը, որ նա նախընտրում է Հակոբ Մծբնա եկեղեցին։
Նշենք, որ Սրբազանի կալանավորումից հետո Շիրակի թեմի քահանաներից շատերը վարչապետի ներկայությունը հոգևոր արարողություններին անընդունելի են համարում։ Ըստ լուրերի` Հակոբ Մծբնա եկեղեցում պատարագը պիտի կատարի Տեր Ռուբենը, որը համարվում է իշխանություններին մտերիմ հոգևորականը։ Ի դեպ, այդ եկեղեցում ավագ քահանա է Տեր Վարուժը, և նա է անցկացնում կիրակնօրյա պատարագները։ Նշենք նաև, որ hraparak.am-ի տեղեկություններով, Տեր Ռուբենի որդին պետական ապարատում` ուժային կառույցում է աշխատում։
Ուշագրավ է նաև, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն` Փաշինյանի պատվին պատարագ մատուցելու կազմակերպչական հարցերը ընկած են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչներից մեկի՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի վրա։ Արդյո՞ք Փաշինյանն ու իր թիմն այս կիրակի հերթական արտագնա պատարագն են բեմադրելու Գյումրիում, փորձեցինք սա պարզել նախ Շիրակի թեմի առաջնորդարանից։ Միքայել Սրբազանի եղբոր որդին` Արտաշես սարկավագը մեզ ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի։ Առաջնորդարանից տեղեկացրին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին` ժամը 10:30-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում Յոթ Վերքում, պատարագը կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:
Տեր քահանա Ռուբենից ևս հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վարչապետի պատվին պատրաստվում է պատարագ մատուցել, որը ենթադրում է, որ պատարագի ընթացքում զեղչելու է կաթողիկոսի անունը։
«Ես պատարագ կմատուցեմ այնտեղ, որտեղ կասի վերադասը։ Կաթողիկոսի անունը ո՞նց կարող ենք զեղչել, դա անեծք է, եթե կաթողիկոսի անունը զեղչում ես, նզովվում ես, իսկ պատարագ, ասացի` որ եկեղեցում վերադասը հանձնարարեց, այնտեղ էլ կանեմ»,֊ասաց Տեր Ռուբեն քահանա Տերտերյանը։
Hraparak.am-ը զրուցեց նաև Կարեն Պետրոսյանի հետ, պարզելու, թե որքանով են ճիշտ այն տեղեկությունները, թե ինքը հանձնարարություն է ստացել կազմակերպել իշխանության կողմից նախատեսվող հերթական կիրակնօրյա շոուն։ «Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, որտեղ թեմի առաջնորդի կողմից նշանակված են քահանաներ, ամեն կիրակի սուրբ պատարագ է մատուցվում։ Այս ամսվա առաջին շաբաթ օրը Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցու տոնն է, ես իմ ընկերների հետ միշտ գնում եմ։ Եթե վարչապետը որոշի գա, կգա, պատարագին չեն հրավիրում, ինչ վերաբերվում է իմ անվանը, թե պատարագ եմ կազմակերպում, ասեմ` պատարագ չեն կազմակերպում, այն իրականացվում է։ Եթե նման ձևով որոշ մարդիկ դիվիդենտներ են ուզում շահել, դա այլ հարց է։ Վարչապետն ամեն կիրակի մի տեղ պատարագի մասնակցում է, լրիվ անկեղծ ասեմ` ես չգիտեմ` այս կիրակի որտեղ կմասնակցի, անկախ նրանից կգա Գյումրի, թե չի գա, ես պատարագի գնալու եմ։ Իսկ ընդհանրապես վարչապետն իր օրինակով պրոպագանդա է անում` ապրել քրիստոնյա, մասնակցել սուրբ պատարագներին, որը կարևոր երկու խորհուրդ ունի` սուրբ հաղորդություն և մեղքերի թողություն։ Եկեղեցին պիտի ուրախ լինի, որ երկրի առաջին դեմքն է նման պրոպագանդա հաղորդում»,֊մեզ հետ զրույցում ասաց Կարեն Պետրոսյանը։
Դիտարկմանը, որ վարչապետի որոշ պատարագները կարգալույծ քահանաների կողմից են մատուցվում, Պետրոսյանը հակադարձեց. «2018թ֊ից մենք պայքարում էինք հոգևորականների ապօրինությունների դեմ, դեռ էդ ժամանակից էդ խեղճ քահանաներին մանիպուլյացնելով սպառնալիքների մեջ էին պահում, թող այնքան գրագիտություն ունենան` նախ ասեն այդ պատարագները վավեր են, թե ոչ, այլ բան է, երբ իրենց տեսանկյունից ասում են` օրինական չէ, միգուցե, բայց վավերական է։ Էդ կարգալույծերն էլ օրինակա՞ն է, թե՞ ոչ: Հայր Կորյունին ֆեյսբուքով կարգալույծ արեցին։ Քրիստոսին որ խաչեցին, վերջին խոսքն ասաց, լսեցին...»,֊ասաց նա:
Ապա հավելեց. «Ինչ վերաբերում է, որ մարդիկ եմ հավաքում, պատարագ տանում, այո, եթե ես բաշարեմ ամեն կիրակի մեր ցանկացած եկեղեցի մարդ տանեմ պատարագի, ուրեմն գովելի է, կոնկրետ անձի համար մարդկանց պատարագի չեն տանում: Միակ կենդանի ներկայությունը, որի համար գնում ես պատարագի, Հիսուս Քրիստոսն է, որը ամեն կիրակի սուրբ խորանին է, և մենք զգում ենք նրա ներկայությունը»։