Մշակույթ

«Հրապարակ». ՀԷՑ-ի պետականացումից հետո ոչ ոք այլեւս չի ցանկանա Հայաստանում ներդրում անել

«Հրապարակ». ՀԷՑ-ի պետականացումից հետո ոչ ոք այլեւս չի ցանկանա Հայաստանում ներդրում անել

Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է լրացումներ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում։ Նախագծերի հիմնական նպատակն է՝ հնարավորություն ստեղծել՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) ազգայնացնելու համար։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը հայտարարեց, որ հասունացել է պահը, երբ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)», եւ դա արեց այն բանից հետո, երբ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ կանգնած է Եկեղեցու կողքին եւ թույլ չի տալու, որ Եկեղեցու դեմ արշավը շարունակվի:

Էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը, անդրադառնալով ՔՊ-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում, ինչպես նաեւ այն հարցին, թե որոնք են լինելու ՀԷՑ-ի հնարավոր պետականացման հետեւանքները, մեզ հետ զրույցում նկատում է․ «Առաջին հերթին դա կբերի մեր ներդրումային միջավայրի ոչնչացմանը, պարզ է, որ սրանից հետո, երբ տեսնեն, թե ինչպես են անօրինական ճանապարհով սեփականաշնորհում ուրիշի ընկերությունը, ոչ ոք այլեւս չի ցանկանա Հայաստանում ներդրում անել, իսկ այն մարդիկ, ովքեր արդեն արել են այդ ներդրումը, ի դեպ, ես արդեն ունեմ տեղեկատվություն, որ շատերն արդեն սկսել են իրենց ներդրումները հանել Հայաստանից։ Այսինքն՝ սա արդեն իր հետեւանքներն ունեցել է»։

Փորձագետը նկատում է, որ ինչքան էլ իշխանությունն ուզում է օրենք փոխելով սեփականաշնորհել ՀԷՑ-ը, միեւնույն է՝ շատ դժվար է լինելու, որովհետեւ այն միջազգային պայմանագրերով է պաշտպանված․ «Ավելին՝ արդեն «Տաշիր գրուպը» հայտարարել է, որ ինքը միջազգային արբիտրաժային դատարան է մտնելու, ու ես գրեթե համոզված եմ, որ արբիտրաժային դատարանը հենց ի օգուտ «Տաշիր գրուպի» է որոշում ընդունելու, որովհետեւ, բացի նրանից, որ այդ համակարգը բավականին մեծ գնով են գնել, մոտավորապես 220 մլն դոլար իր արժեքն է եղել, եւ դեռ 680 մլն դոլարի էլ ներդրում է իրականացվել, այսինքն՝ ինչ-որ մեկը պետք է փոխհատուցի, չէ՞, այդ գումարները։ Եթե պետությունն է փոխհատուցելու, սա նշանակում է, որ մեր եւ ձեր գրպանից են տալու։ Եթե չեն փոխհատուցելու, ապա, կրկնում եմ՝ բավականին լրջագույն արբիտրաժային գործընթացների մեջ ենք մտնելու, որը բերելու է Հայաստանում տնտեսական իրավիճակի էլ ավելի վատթարացման, որովհետեւ ՀԷՑ-ը մեր էներգետիկ անվտանգության կարեւոր բաղադրիչներից է։ Այսինքն՝ այս գործընթացը բավականին մեծ խնդիրներ է իր հետ բերելու, ու եթե, Աստված չանի, որոշեն անօրինական ձեւով մեկին վաճառել, չնայած չեմ կարծում, որ ինչ-որ մեկն այն կգնի, բայց ցանկացած մեկն էլ, որ գնի, առաջին պայմանը, որ դնելու է, սակագների բարձրացումն է լինելու՝ առնվազն կրկնակի, այսինքն՝ էլեկտրաէներգիայի համար մենք կրկնակի թանկ ենք վճարելու․․․»։

Փաշինյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ, քանի որ վերջին շրջանում ուր գնացել է՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, հյուրանոցներ, ռեստորաններ, հոսանքը կա՛մ անջատված է եղել, կա՛մ ընթացքում է անջատվել։ «Վարչապետ կոչված անձը սուտ է խոսում, այդ ստախոսությունը հեշտ է բացահայտել, գոյություն ունի գների կառավարման պետական հատուկ հանձնաժողով, որը որոշում է ՀԷՑ-ի գինը եւ ամեն տարի զեկույց է հրապարակում, եթե նայեք 2024-ի զեկույցը՝ ՀԷՑ-ի աշխատանքի հետ կապված, կտեսնեք, որ ՀԷՑ-ի աշխատանքը բավականին բարձր գնահատականի է արժանացել։ Նշվել է, որ թեպետ անջատումներ կան, բայց նախորդ տարիների համեմատ անջատումները բավականին կրճատվել են, էլեկտրաէներգիայի կորուստ կա, բայց նախորդ տարիների համեմատ այդ կորուստները կրճատվել են, եւ վիճակը տարեցտարի բարելավվում է։ Այդ զեկույցը պետական զեկույց է, որն ամեն տարվա վերջում արվում է եւ, վստահաբար, դրված է նաեւ վարչապետ կոչվածի սեղանին»։   

ՀԷՑ-ի պետականացման խնդիրը տնտեսակա՞ն է, թե՞ քաղաքական, եւ ինչո՞ւ հենց այս փուլում իշխանությունը որոշեց այն պետականացնելու գործընթաց սկսել։ «Խնդիրը զուտ քաղաքական է, որովհետեւ Եկեղեցու դեմ սկսված հարձակումը եւ պաշտպանելու ցանկացած փորձ իրենք հիվանդագին, թուրքի նման են ընդունում։ Ի դեպ, ուզում եմ մի բան հիշեցնել՝ կապված Մայր Աթոռի վրա հարձակման հետ․ նույնիսկ խորհրդային տարիներին ոստիկաններին արգելված էր զինված մտնել Մայր Աթոռի տարածք, քանի որ պարտավոր էին զենք հանձնել, այսինքն՝ առաջին անգամ խախտվեց սա, ու զինված մարդիկ ներխուժեցին Մայր Աթոռ՝ փորձելով մտնել Վեհարան։ Սա ամոթալի երեւույթ էր ու կապված էր այն բանի հետ, որ Սամվել Կարապետյանը հայտարարեց՝ իր համար անընդունելի է Եկեղեցու դեմ այս արշավը, այսինքն՝ խնդիրը զուտ քաղաքական է, եւ ոչ մի տնտեսական բան չկա»։

ՔՊ-ն չի էլ թաքցնում իր նպատակները, բայց գործընթացը ներկայացնում է այսպես․ «ՀԷՑ-ը խլելու ենք՝ տանք ժողովրդին», թե ինչքանով կհաջողեն ժողովրդին այս տեսակ պոպուլիզմով կերակրելով, Մանվելյանը նկատում է․ «Իրենք ունեն որոշակի ընտրազանգված եւ աշխատում են միայն այդ ուղղությամբ, որոնք կազմում են ընտրողների 10-15 տոկոսը։ Հնարավոր է՝ այդ զանգվածը դա կուլ տա, չնայած իրենց մոտ էլ է հիմա մեծ հիասթափություն, որովհետեւ 7 տարի է՝ սրանք իշխանության են, նախկինների թալանն էին հետ բերում, կերակրում էին դրանով, բայց մինչ այսօր ոչինչ չեն արել կամ արել են լիքը բան, բայց դրել են իրենց գրպանները, այ, դա արել են»։

Նախկինում նման գործընթացներ եղե՞լ են, երբ պետությունը փորձել է շուտափույթ մասնավորի այս կամ այն գույքը պետականացնել։ «Օրենսդրական մակարդակով չեմ հիշում, բայց հիշում եմ՝ նախկինում ինչպես Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» վերցրին՝ հարկերը չմուծելու դիմաց, բայց դա ոչ թե օրենսդրական փոփոխությամբ արվեց, այլ դատական համակարգով՝ հարկեր չմուծելու անվան տակ, սակայն ՀԷՑ-ի օրինակն ավելի մեծ գործ է, որը համեմատելու էլ չէ «Բջնիի» հետ, քանի որ ՀԷՑ-ի գնումը տեղի է ունեցել 220 մլն դոլարով, 10 տարում ներդրումները կազմել են 680 մլն դոլար, այսինքն, ամենահամեստ հաշվարկով՝ մոտ 900 մլն-ի գումար է «Տաշիր գրուպն» այնտեղ ծախսել, ո՞վ պետք է վերադարձնի այդ գումարը, կամ այդ ներդրումների հարցը ո՞նց են անելու։ Եթե պետությունն իրեն է պահելու ընկերությունը, ուրեմն ներդրումներ ինքը կարող է անել՝ միայն ներսից կամ դրսից վարկեր վերցնելով ու նորից՝ մեր հաշվին։ Եթե վաճառելու են մեկ ուրիշի, ապա ցանկացած դեպքում ՀԷՑ-ը պետության առաջ դնելու է սակագների բարձրացման կրկնակի պահանջ։ Բայց ոչ ոք չի գնի ՀԷՑ-ը, որովհետեւ արբիտրաժային գործը որ սկսվի, տեւելու է տարիներ, ու մինչեւ միջազգային արբիտրաժը որոշում չընդունի, ոչ ոք ռիսկ չի անի նույնիսկ քաղաքական դրդապատճառներով ՀԷՑ-ը վերցնել, իսկ ՀԷՑ-ի մեջ եթե արագ ներդրումներ չանես, շատ արագ մաշվելու է եւ 1-2 տարի հետո դադարի գործել։ Սրա հետեւանքով էլ տնտեսական իրավիճակը բավականին բարդանալու է, այս մարդիկ, իրենց շահերից ելնելով, Հայաստանի տնտեսությունը դնում են կատաստրոֆայի առաջ»,- եզրափակում է զրուցակիցս։   

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image