Հարցազրույց

«Հրապարակ». Մենք սահմանը չենք փոխում, մենք գնում ենք Կալինինգրադի տարբերակով

«Հրապարակ». Մենք սահմանը չենք փոխում, մենք գնում ենք Կալինինգրադի տարբերակով

Մենք պատահաբար հանդիպեցինք Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին եւ մի քանի հարց ուղղեցինք։

- Տավուշի մարզում իրականացված սահմանագծման աշխատանքների արդյունքում Կիրանցի որոշ տներ հայտնվում են ադրբեջանական կողմում։ Այն սյուները, որ տեղադրվել են հայ-ադրբեջանական նոր սահմանին, անվտանգության երաշխիքներ տալի՞ս են սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

- Սահմանազատում ոնց ուզես, կարող ես անել, գլխավոր խնդիրը ճանապարհի հարցն է։ Մենք ընկնում ենք երեւույթների հետեւից՝ այս 4 գյուղը, հետո անկլավները, Սահմանադրությունը փոխենք, գերբը փոխենք եւ այլն։ Վերջում կանգնելու ենք ճանապարհը տալու փաստի առաջ։ Ես էլ ասում եմ. որոշեք՝ տալիս եք այդ ճանապարհը, որ Ադրբեջանը կարողանա Նախիջեւանի հետ Հայաստանի սուվերեն տարածքով շփում ունենա՞, եթե այո, ապա մնացած գործընթացներն ավելորդ են։ Կարող ենք այս գործընթացով ավելին ստանալ, քան կա։ Երկու կողմից ճանապարհներ են կառուցում Թուրքիան եւ Ադրբեջանը, Իրանն ասում է՝ իրենց համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքով ճանապարհ տալը։ Մենք սահմանը չենք փոխում, մենք Կալինինգրադի տարբերակով... դրա շրջանակում պետք է Ադրբեջանի հետ բանակցել եւ լուծումներ գտնել։ Այս պարագայում արդեն Տավուշի գյուղերը հանձնել պետք չէ։ Առաջին հարցը ճանապարհն է, պետք է այդտեղից սկսենք, մնացածն ինքն իրեն կլինի։ Այն տարածքով, որով մտել ենք Սովետմիության մեջ, ֆիքսում ենք այդ տարածքները, ոչ թե Միության փլուզումից հետո ֆիքսված տարածքները։ 

- Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» է ուզում Սյունիքից։

- Դուք ստում եք` վերցրեք Ադրբեջանի նախագահի խորհրդականի նոյեմբեր ամսի հայտարարությունը, որտեղ ասում է, որ պատրաստ են Կալինինգրադի տարբերակով քննարկման, իսկ դա միջանցք չի ենթադրում։

- Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Հիքմեդ Հաջիեւի գրասենյակը հայտարարեց, որ պետք է անհապաղ ազատել Տավուշի մարզի այդ գյուղերը, ընդ որում՝ մինչեւ սահմանազատման գործընթացը։ Եվ ինչպե՞ս եք մեկնաբանում Փաշինյանի՝ կիրանցիներին ուղղված հայտարարությունը` եթե չեք ուզում ադրբեջանցիներին տեսնել, ծառ կտնկենք։ 

- Նորից եմ ասում՝ ինձ տանում եք դրվագներին։ Ես չեմ ուզում քննարկել այդ դրվագները, այդպես սխալ է, ես առաջարկում եմ ռազմավարական թեման։ Ո՞ր բեւեռում ենք մենք, ո՞ւր ենք գնում։ Ինչպես Հայաստանի վարչապետն է ասում՝ մենք պետք է տնտեսապես, լոգիստիկ երկիր դառնանք։ Դա Թուրքիան, Ադրեջանը, Հայաստանը, Վրաստանը, Կենտրոնական Ասիան կապող ճանապարհներն են։ Ռուսաստանին հանում ենք` ազատ ապրում ենք։ Իրանը դրան դեմ է, դուք ասում եք՝ դեմ չէ։ Սպասենք՝ իրավիճակը հասնի այդ կետին, կտեսնեք։ Հետո ասելու եք՝ խաղաղություն էինք ուզում ունենալ՝ չունեցանք։ Պետք է հասկանանք, թե ռազմավարությունն ուր է տանում, մնում ենք Պարսկաստան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան պոստի՞ն, թե՞ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա ենք գնում, Արեւմուտքը դա է ուզում մեզնից։ Դուք դա չեք ասում, ժողովրդին խաբում եք, երեւույթներից եք խոսում, ասում եք՝ էս գյուղը, էն բլուրը, էն ծառը տնկենք։

- Բայց արդյո՞ք համակեցություն հնարավոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

- Ես դրա համար ասում եմ՝ պիտի գնանք նոր ընտրությունների։ Արեւմտամետ ուժերը կներկայացնեն իրենց տարբերակը, մյուս թեւն էլ առաջարկի՝ Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան տարբերակը, թող հասարակությունն էլ ընտրություն անի։ Ես ասում եմ՝ ժողովրդին խաբել ա․ Նիկոլ Փաշինյանը չի ասել՝ ինչ ծրագիր ա անում։ Իրենք կարողանում են տանել իրենց օրակարգով, ասում են՝ էս գյուղից խոսեք, էն ծառից խոսեք։ 

- Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին ի՞նչ կարծիք ունեք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

- Ես դեռեւս նոյեմբեր ամսին, երբ ինձ հրավիրել էին ԱԺ՝ քննիչ հանձնաժողովի նիստին, միջանցքում լրագրողին ասել եմ՝ մանդատներն ընդդիմությունը վայր է դնում, եթե չի դնում, ուրեմն ընդդիմություն չկա՝ բոլորը մի թիմ են։ 

- Ընդդիմությունն էլ չի վստահում իրենց ցուցակում գտնվող հաջորդներին, գուցե վերցնեն մանդատները։

- Ես ասում եմ՝ օրենք գոյություն ունի, պատգամավորները թող ցուցակից դուրս գալու դիմումները ներկայացնեն։ Ընդդիմությունն այսօր որեւէ ազդեցություն չունի Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա։ Նրանք ուղղակի օրինականացնում են իշխող ուժի բոլոր գործողությունները։ 

- Խորհրդարանական նոր ընտրությունների, նոր խորհրդարանի ձեւավորման պարագայում Արցախն իր ներկայությունը պե՞տք է ունենա Հայաստանի ԱԺ-ում։

- Ես գտնում եմ, որ ոչ։ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի հետ բանակցի իր վերադարձի հարցով, մնացածը թողնենք ապագային։

- Այսօր կա՞ն նման բանակցություններ՝ այդ հարցով։

- Շատ բան կախված է Հայաստանից։

- Իսկ Վարդան Օսկանյանի գլխավորած խումբը, որն այս օրերին Արցախի հարցով արտերկրում բանակցություններ է վարում, ի՞նչ արդյունք կունենա։ 

- Ես ողջունել եմ, թող աշխատեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image