Քաղաքականություն

Գողապետական բնույթի անձնիշխանությունը

Գողապետական բնույթի անձնիշխանությունը

Սուրբ Էջմիածին՝ Գարեգին Բ-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցելությանը Նիկոլն ու նրա կամակատարները չէին կարող չարձագանքել: Զարմանալի է, որ ժամը 17.00-ի դրությամբ՝ երբ խմբագրվում են այս տողերը, եղել է ընդամենը 3 արձագանք: Արձագանքել է ինքը՝ Նիկոլը, նրա նշանակած ԱԺ նախագահ Ալենը և փողոցում նրա հավաքագրած թիմի անդամ Ալեքսանյան Վահագնը: Երրորդի անուն-ազգանուն ամբողջությամբ եմ ներկայացնում, քանի որ շատերը չեն իմանա, թե ով է այդ Վահագնը՝ եթե միայն անունը նշեի: Ինչևէ, երեքն էլ իրար արժեն՝ ճիշտ այնպես, ինչպես իրենց արձագանքները:  

Սկսենք, բնականաբար, Նիկոլից: Այն անձից, ով ի դժբախտություն Հայաստան աշխարհի, 2018 թվականի մայիսից զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Նիկոլը, չգիտես ինչու, հիմա է հիշել, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է»: Իսկ երբ 2007-ին կանգնել էր նրա կողքը ու նույնիսկ մրցակցում էր Լևոն Զուրաբյանի հետ ՀՀ առաջին նախագահի աջ ձեռքը լինելու պատվի համար, նման բան չէր հիշում: Հատկապես որ 2007-ին շատ ավելի հեշտ էր հիշել դրանից 10 տարի առաջվա իրադարձությունները, քան 2025-ին: Ասվածը նշանակում է, որ ինքը առողջական լուրջ խնդիր ունի և որպես պետության ղեկավար պետք է համապատասխան զննություն անցնի: Իսկ եթե 2007-ին էլ էր հիշում 1996 թվականի իրադարձությունները, բայց, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի կողքին էր ու համարում էր, որ վերջինս միշտ ճիշտ է դուրս գալիս, նշանակում է, որ ինքը դեռևս երիտասարդ տարիքում կեղծիքից չէր խուսափում, չնայած իրեն ազնիվի տեղ էր դնում. դա երևաց  Լևոն Զուրաբյանի այսօրվա գրառումից: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ կեղծարարն բարոյական իրավունք չունի մեկ ուրիշին անվանելու կեղծարար: Ֆեյսբուքում անընդհատ սաղմոսներ տեղադրող Նիկոլը պետք է հիշի Մարիամ Մագդաղենացուն քարկոծելուն պատրաստ ամբոխին հասցեագրված Հիսոււսի խոսքը. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա քար գցի դրա վրա»: Ինչպես հայտնի է, այդպիսի մեկը չգտնվեց, և ամբոխը ցրվեց: Փաստորեն, այդ ամբոխն ավելի բարոյական էր, քան ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը:

Անցնենք առաջ: Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ Նիկոլն ինչ-որ մեկին թիրախավորեր ու նրա կողմից հավաքագրված թիմը ու հատկապես ԱԺ նախագահ նշանակված Ալենը չձայնակցեր: Դա ցույց է տալիս, որ Նիկոլի օրոք մեր երկրում իսկապես ձևավորվել է ինստիտուցիոնալ համակարգ: Սակայն դա ոչ թե պետական կառավարման (կամ որ տվյալ դեպքում նույնն է, թե ժողովրդավարական), այլ գողապետական համակարգ է: Քանի որ ժողովրդավարականի դեպքում, ինչը դեռևս պահպանվել է Արևմուտքում, վարչապետի ոչ տեղին, մեղմ ասած, խոսքն անմիջապես կենթարկվեր քննադատության՝ ուր մնաց, թե ավելի ծավալվեր հարձակումը: Ինչևէ, Ալենը միայն այսօր է հիշել, որ Տեր-Պետրոսյանը 2008-ի մարտի 1-ին լքել է փողոցում հավաքված ժողովրդին, իսկ 2019-ին ոչ թե այդ հանգամանքն էր նրա ուշադրության կենտրոնում, այլ այն, որ վերջինս Սարգսյան Արմենի հետ միասին եղել է միակ ընտրված նախագահը: Հետաքրքիր է՝ 2019-ին Ալենը կպատկերացնե՞ր, որ 2025-ին իր վերադասը ճիշտ հակառակ տեսակետ է բարձրաձայնելու ՀՀ առաջին նախագահի առումով: 

Շարունակենք Ալենին դիտարկելը: Իր իսկ խոսքից ոգևորված՝ Սիմոնյան Ալենը Տեր-Պետրոսյանին մեղադրում է «բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների» սիմվոլ լինելու մեջ: Ինչպես նաև, ինչն ավելի դաժան է, Տեր-Պետրոսյանը հանիրավի մեղադրվում է այն բանում (ընկերների գլուխ ուտելը), ինչում 2020-ի աշնան վերջից հայաստանյան հասարակությունը մեղադրում է հենց իր «մեծարգո վարչապետին»: Սակայն ոչ թե ընկերների, այլ այդ «մեծարգոյին» հոգով ու մարմնով նվիրված երիտասարդների առումով: Այնպես որ այդ մեղադրանքները հասարակությունը վաղուց ամրագրել է իր վերադասի անվանը: Իսկ իշխանափոխությունից հետո դա, վստահաբար, կստանա իրավաբանական բնորոշում՝ հայաստանյան անկախ դատական համակարգի վճռի տեսքով: Ու այդ դեպքում Ալենի այսօրվա խոսքը կհիշվի որպես սեփական իշխանության ձեռառնոցի: 
Ինչ մնում է Ալեքսանյան Վահագնի ասածին, ապա Ալենի խոսքի համատեքստում այն այնքան աղոտ է ու աննշան, որ նույնիսկ արժանի չէ հիշատակվելու: Մի խոսքով, ունենք ոչ թե իրական ժողովրդավարություն, այլ գողապետական բնույթի անձնիշխանություն: 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image