Գաղտնիք չէ, որ հետխորհրդային տարածքում և մասնավորապես՝ Հայաստանում, գլոբալ խաղացողներն ունեն իրենց շահերը և դա նորմալ է, ինչպես՝ Հայաստանն ունի, ավելի ճիշտ՝ ոչ վաղ անցյալում փորձում էր իր շահերն առաջ մղել։
Սակայն եթե մենք խոսում ենք Հայաստանում տարբեր վեկտորների հանրայնացման ձեւաչափերի մասին, ապա միանգամից մեր մտքին գալիս են կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ից կամ Եվրոպայից։
Բավական է հիշել «Բաց հասարակության» հիմնադրամը (մենք այն գիտենք որպես «Սորոսի» հիմնադրամ) և տեղական ՀԿ-ների զանգվածը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում են արևմտյան աղբյուրներից։
Սակայն Հայաստանում աշխատում են նաև «փափուկ ուժի» ռուսական, իրանական, չինական, թուրքական և ադրբեջանական ձևաչափերը և ինչպես արդեն ասել ենք՝ արևմտյան կազմակերպությունները։
Արևմտյան և մնացած ֆորմատ-կազմակերպությունների մասին մենք անպայման կխոսենք ավելի ուշ, իսկ հիմա կխոսենք Հայաստանում Եվրասիական «փափուկ ուժի» մասին, քանի որ վերջին շրջանում մենք բավականին ակտիվ շարժում ենք տեսնում երկրում Եվրասիական գաղափարների և գաղափարախոսության հանրահռչակման ուղղությամբ։
Միանգամից ֆիքսենք, որ Եվրասիական վեկտորի գործունեությունը Հայաստանում դուրս է դասական «փափուկ ուժի» (soft power) շրջանակներից և չի հետապնդում իրականության ընկալման "նոր" սկզբունքների հանրայնացում կամ պարտադրում, ինչպես դա անում են, օրինակ, նույնաբովանդակ ամերիկյան կամ եվրոպական կազմակերպությունները Հայաստանում։
Եվրասիական գաղափարներն առաջ մղող հիմնական և փաստացի միակ կազմակերպությունը Հայաստանում «Եվրասիա» (ոչ առևտրային ավտոնոմ կազմակերպության) ներկայացուցչությունն է, որը գլխավորում է Հայաստանում `«Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը (սույն կազմակերպության կառավարչական խորհրդի անդամ):
Հայաստանում «Եվրասիա» ՀԿ գործունեության հիմնական խնդիրը Եվրասիական մայրցամաքի ժողովուրդների ընդհանրության հանրահռչակումն է, երկրների ազգային և համաեվրասիական պատմության պահպանումը և ավանդական ընտանեկան արժեքների պահպանման համար գործունեությունը:
Հետաքրքրական է, որ բուն կազմակերպության գործունեությունը հայկական ինքնությունը փոխելու կամ վերաձևակերպելու նպատակ չի հետապնդում, այլ հակառակը՝ հիմնական նպատակը հայերի ինքնագիտակցության մեջ ազգային-պետական բաղադրիչի պահպանումն է:
Իրականացվում է նաև եվրասիական մայրցամաքի երկրների երիտասարդներին միմյանց հետ ծանոթացնելու ծրագրերի հսկայական զանգված, որի համար գրեթե ամեն շաբաթ տարբեր երկրներում կազմակերպվում են ճանաչողական միջոցառումներ երիտասարդների համար, օրինակ՝ հայ ուսանողներն ու երիտասարդները պարբերաբար հիմնադրամի ջանքերով այցելում են Ռուսաստան՝ Եվրասիա ՀԿ-ի «Ճանաչիր Ռուսաստանը» ծրագրի շրջանակներում, միևնույն ժամանակ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Բադալյանը հայտարարեց, որ Հայաստան շուտով կայցելեն Եվրասիական մայրցամաքի երկրների ուսանողներ՝ ճանաչողական այցերի շրջանակներում Հայաստանին ավելի մոտիկից ծանոթանալու համար:
«Եվրասիա» կազմակերպության միջոցով ընթանում է նաև դրամաշնորհային ծրագրերի շատ ակտիվ բաշխում հայ երիտասարդների համար, ընդ որում դրամաշնորհների տրամադրման պայմաններն այնպիսին են, որ երիտասարդները պետք է իրականացնեն հայոց պատմության, մշակույթի, ինքնության գիտակցմանն ուղղված ծրագրեր, որոնց իմաստային հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի պետականության և ինքնիշխանության գաղափարը:
«Եվրասիա» -ի գործունեության ոչ ստանդարտ գործելաոճը (լավ իմաստով) հասկանալու համար հիշենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ տեղեկություն հայտնվեց վերոնշյալ կազմակերպության կողմից կազմակերպված «Առողջ Եվրասիա» ֆորումին հայ բժիշկների մասնակցության մասին, որտեղ բացարձակապես առանց որևէ քաղաքական բաղադրիչի հանդիպեցին Ռուսաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Ղազախստանի , Ուզբեկստանի, Հայաստանի բժիշկները՝ հետագայում փորձի և ավելի սերտ մասնագիտական փոխգործակցության համար։
Իսկ այս օրերին Մոսկվայում տեղի է ունենում «Եվրասիայի առաջնորդները» մեծ համաժողովը՝ հայ երիտասարդների հասարակական կարծիքի առաջնորդների մասնակցությամբ։
Եվս մեկ անգամ կրկնենք, որ «փափուկ ուժի» նոր ձևաչափի համատեքստում, ի դեմս «Եվրասիա» -ի, կիրառվում են Եվրասիական օրակարգի նկատմամբ հետաքրքրություն ներգրավելու ոչ ստանդարտ մեթոդներ, Ընդ որում ՝ Եվրասիական գոտու երկրներում ազգային, կրոնական և պատմական ինքնության պահպանման պարտադիր շեշտադրմամբ:
Փափուկ ուժի այս ձևաչափը թույլ է տալիս միանգամից որոշ ուղղություններով «թափ տալ» այն «մրցակցող կազմակերպություններին» ՝ի դեմս արևմտյան ՀԿ-ների, որոնց նպատակը հայերի ազգային ինքնության ոչնչացումն է կամ ազգային կոմպոնենտի լղոզումը։ Ի դեպ, «Եվրասիա» ՈԱԱԿ-ի ակտիվ աշխատանքը Հայաստանում, որոշ տվյալներով, անհանգստացրել է Հայաստանում արևմտյան ուժի կենտրոնի ներկայացուցիչներին... շարունակելի
Արման Աբովյան