Քաղաքականություն

Բաքուն «ծափահարում» է Փաշինյանին. ի՞նչ նոր խաղ է սկսել

Բաքուն «ծափահարում» է Փաշինյանին. ի՞նչ նոր խաղ է սկսել

«1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ, հետեւաբար, այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- ֆեյսբուքյան իր էջում երեկ նման գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը փոթորկել էր հայկական հանրային դաշտը:

Սակայն, ինչպես սպասվում էր, Փաշինյանի խոսքերը ջերմությամբ են ընդունել Ադրբեջանում: Այդ երկրի ԶԼՄ-ները, որոնք, որպես կանոն, ծաղրում ու հեգնում են ՀՀ կառավարության ղեկավարին, այս անգամ հատուկ դրական լույսի ներքո են ներկայացրել նրա անկեղծ խոստովանությունը: Եվ դա բնական է, քանի որ Փաշինյանի ասածն ալիեւյան ռեժիմի հաստատուն քաղաքականության եւ ՀՀ-ին ուղղված վերջնագրերի, սպառնալիքների տրամաբանության մեջ է` նրանց թեզերի մեկը մեկին կրկնությունը: «Պետք էր նախապես հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջան է». իշխանական խմբակի «անարժանապատիվ» առաջնորդի խոսքերն այսպես է վերնագրել ադրբեջանական մասմեդիան: Ցավալին, սակայն, ոչ թե հարեւան ոչ բարեկամ երկրի ցնծագին արձագանքն է, այլ ՀՀ վարչապետի խոստովանության անսպասելիությունը, եւ սա կարող է մի քանի բան նշանակել:

Իսկ ի՞նչ խաղ է սկսում Փաշինյանը: Նախ, այս տեքստով նա, հնարավոր է, «հող» է նախապատրաստում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերահաս կնքման համար: Կամ հերթական անգամ մեղքը բարդում է «նախկինների» վրա՝ «ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» տխրահռչակ թեզի շրջանակներում: Ողջամիտ է նաեւ այն տարբերակը, որ այս երկու նպատակներով հանդերձ, Նիկոլը մեղքերի «ապաշխարության է» գնում, մանավանդ վերջին շրջանում սկսել է սրտաճմլիկ եւ «նոստալգիկ» գրառումներ անել իր ազատազրկման տարիներից: Եվ ոչ միայն:
Կա եւս մեկ գործոն. նախկին խմբագիրը փորձում է խմբագրել իր քաղաքական կարիերան եւ աստիճանաբար դուրս գալ գլխավոր դերից: Նա հետեւողականորեն եւ կանոնավոր կերպով անդրադառնում է կնոջ՝ Աննայի կերպարին, հիշելով իրենց ամուսնության տարեթիվը, մանրամասները, համատեղ լուսանկարներ է հրապարակում, ռոմանտիկ գրառումներ անում եւ այլն: Այդ ամենից հանրությունը սկսել է ենթադրել, թե առաջին տիկինը կարող է դառնալ երկրի առաջին դեմք:

Համենայնդեպս՝ տպավորություն է, թե դա է Փաշինյանների ընտանեկան տանդեմի բաղձալի նպատակն առաջիկայում: Այդ է վկայում նաեւ Աննայի հանրաքաղաքական-ֆեյսբուքասոցիալական գերակտիվ ու լայնածավալ արշավը: Բացառված չէ նաեւ, որ հասկանում է մոտալուտ Դատաստանի անխուսափելիությունը, թեեւ իր դեպքում դա ամենավերջին հավանական տարբերակն է: Նման հույս փաթաթելով հասարակության՝ առանց այն էլ տկար պարանոցին, նա հերթական անգամ մոլորեցնելու է բոլորիս եւ խաղալու է իր նոր խաղը՝ նոր դերով, նոր վտանգավորությամբ եւ, վախենամ` բնորոշ բառով՝ անդառնալիության կետով...
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image