Հարցազրույց

«Հրապարակ». Փաշինյանը լեգիտիմության հատակին է հայտնվել

«Հրապարակ». Փաշինյանը լեգիտիմության հատակին է հայտնվել

Նիկոլ Փաշինյանի` միմյանց հակասող հայտարարությունների, Ալթայի Հան­րապե­տություն Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու եւ ՀԷՑ-ի մասին զրուցել ենք քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի հետ:

- Չնայած Փաշինյանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու, որ Արցախի կորստի հարցում ՌԴ-ն է մեղավոր, սակայն մեկնում է ՌԴ, դրանից առաջ Եվրոպայում էր: Ի՞նչ է անում նա` գուցե սա շատ խորամանկ քաղաքականությո՞ւն է, որը մենք չենք հասկանում:

- Այստեղ խորամանկության խնդիր չկա․ իրենց մեկնաբանությամբ՝ դա կոչվում է բալանսավորված քաղաքականություն կամ բազմավեկտոր քաղաքականություն: Այդպես կոչվում է ընդամենը, իսկ խորքային առումով սա անսկզբունք արտաքին քաղաքականություն է, որը շատ ավելի նման է տարերային քաղաքականության, քան հստակ պլանավորումներ ունեցող: Ամենակարեւորը՝ այդ պլանավորումն արդյունքին միտված քաղաքականություն հնարավոր չէ որակել: Նույնիսկ վերջին հարցումներով արտաքին քաղաքականության նկատմամբ Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունն ունի շատ տարբեր պատկերացումներ: Դա նախեւառաջ խոսում է այն մասին, որ հասարակությունը եւս կոնկրետություն չի տեսնում: Այսինքն՝ մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին, բայց դրա անդամ դառնալու հավանականությունը մի 20 տարի չի երեւում: Խոսում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, բայց ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե այդ վեկտորի նկատմամբ Հայաստանի կողմից գնացող մարտահրավերները եւ արեւմտյան քաղաքական աշխարհի կողմից Հայաստանը որպես հակառուսական տեղական քաղաքական գործակալ օգտագործելու հնարավորություններն ինչքան են մեծանում: Եթե Դուք փնտրում եք Փաշինյանի քաղաքականության մեջ կոնկրետություն, ապա սխալվում եք, այդտեղ կան պատեհապաշտության հնարավորություններ, թե շատ կոնկրետ եւ կարճ ժամանակահատվածում որ արտաքին վեկտորի շահերը կկարողանա բավարարել՝ ակնկալիք ունենալով սեփական իշխանության ամրապնդման համար, այլ ոչ թե Հայաստանի համար ընկալելի, կանխատեսելի գործընկեր լինելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած է ոչ թե Հայաստանի ազգային, պետական եւ անվտանգային շահերի սպասարկումը, այլ բացառապես սեփական իշխանության անվտանգության երաշխիքների փնտրտուքը:

- Ի՞նչ ակնկալիքով է նա մասնակցում այդ համաժողովին:

- Ես կարծում եմ, որ այդ մասնակցությունը կրելու է բացառապես ֆորմալ բնույթ: Խորքային առումներով մենք հասկանում ենք, չէ՞, որ լինելով ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, Հայաստանն իր լիազորությունների եւ պարտականությունների չափաբաժնի մեջ ունի խոր թերացումներ՝ հատկապես ՀԱՊԿ-ի առումով: Այս ֆորմատները ենթադրում են ե՛ւ հավատարմություն, ե՛ւ ճշտություն, ե՛ւ ճշգրտություն՝ անդամակցության եւ պարտականությունների, լիազորությունների իրականացման, այլ ոչ թե սիտուատիվ եւ շահերի ներկայացման առումով: Այս տեսանկյունից է այս այցը ֆորմալ բնույթ կրում` ցույց տալու, որ մենք դեռեւս շարունակում ենք մնալ այդ անվտանգային եւ տնտեսական ֆորմատների անդամներ:

- Փաշինյանը տեւական ժամանակ չէր մասնակցում ո՛չ ԱՊՀ, ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ՀԱՊԿ հանդիպումներին: Հնարավո՞ր է, որ Ալիեւի՝ Ստեփանակերտում վերջերս արված հայտարարությունում հնչած ուղերձները պատճառ դարձան, որ Փաշինյանը որոշեց գնալ այդ համաժողովին:

- Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, փորձում եք հասկանալ, թե արդյոք Աբու Դաբիից եւ Անկարայից հետո Նիկոլ Փաշինյանը նորից փոխո՞ւմ է վեկտորը դեպի Ռուսաստան, արտաքին լեգիտիմության որոշակի պաշարներ կրկին փորձելով հավաքել այնտեղից: Բայց ես կարծում եմ, որ արտաքին խաղացողները՝ հատկապես Փաշինյանի քաղաքական վարքաբանության առումով ունեն իրենց եզրակացությունները, եւ դրանք վերջնական են: Եվ այդ արտաքին քաղաքական լեգիտիմության փնտրտուքն այնքան բաց է անում, այնքան ոչ քողարկված, որ այդպիսի խաղացողի նկատմամբ միշտ արտաքին բեւեռներն ունենում են հարգանքի ոչ արժանի մոտեցում: Ուստի, կարելի է ենթադրել, որ այդ լեգիտիմության փնտրտուքը, մեծ հաշվով, եւս ձախողվելու է:

- Միջազգային արբիտրաժային դատարանն արգելեց ՀՀ կառավարությանը՝ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ղեկավար կազմը եւ այլն: Ի՞նչ կլինի, եթե ՀՀ կառավարությունը հրաժարվի կատարել այդ պահանջը, եւ դա ինչպե՞ս կազդի Փաշինյանի կարգավիճակի վրա:

- Իմ խորին համոզմամբ, ՔՊ-ի վարքաբանությունը եւ իրավաբանությունը անհամատեղելի երեւույթներ են, առավել եւս, որ ՔՊ-ն վերջին գոնե 6-7 ամիսների ընթացքում իր քաղաքական վարքաբանությունը փոխել է դեպի ավտորիտար կառավարման մեթոդաբանություն, ինչը ենթադրում է լայն հանրային շերտերի կարծիքի հաշվառման բացակայություն, սեփական իշխանությունը պահպանելու մեջ ժողովրդավարական եղանակների եւ մեթոդների ընտրության, իրավունքի, սահմանադրականության ստորադասում եւ այլն: Փաշինյանը գտնվում է մի այնպիսի իրավիճակում, որ հասկացել է` այլեւս ոչ ավտորիտոր մեթոդներով իր իշխանությունը պահելու հնարավորությունները շատ քիչ են՝ ժողովրդավարություն խաղալու ժամանակ այլեւս չի մնացել: Ընտրությունները շատ մոտ են, եւ նա պետք է ամբողջությամբ հավաքագրի իր լեգիտիմության ռեսուրսը ներսում, որովհետեւ արտաքին աշխարհից այդպիսի ազդակներ այլեւս չկան: Լեգիտիմությունը շատ կարեւոր է, ինչու, որովհետեւ դու դա կա՛մ ստանում ես ներսից, կա՛մ դրա փնտրտուքով զբաղվում ես դրսում: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը տատանվում է 10-15 տոկոսի շրջանակում, սա յուրաքանչյուր քաղաքական իշխանության համար լեգիտիմության հատակն է՝ դրանից ներքեւ դժվար է պատկերացնել, որ կիջնի: Եվ սա ստիպել է նրան գնալ այնպիսի քայլերի, որ ներքին ռեսուրսը, ուժային, մարդկային ռեսուրսը հավաքագրելու մեծ խնդիր ունի, եւ այդ խնդիրը լուծելու համար նա օրինականության եւ ոչ օրինականության, արդարության եւ ոչ արդարության, իրավականության եւ ոչ իրավականության միջեւ այլեւս տարանջատում չի դնում: Նա իշխանությունը պահելու խնդիր ունի եւ այդ ճանապարհին այլեւս այնպիսի մեթոդների է դիմում, որոնք իրենց բնույթով խոր ավտորիտար են:

- ՀԷՑ-ի իրավիճակի հետ կապված:

- Մինչ այժմ որեւէ տրամաբանական հիմնավորում, թե ինչու է տեղի ունենում ՀԷՑ-ի հետ այդ ամենը, ինչու է Սամվել Կարապետյանի հետ տեղի ունենում այն ամենը, որը տեղի ունեցավ, ուղղակիորեն չկա: Կա մեկ հանգամանք՝ ավտորիտար կամքի պարտադրում, որն իրավաբանության հետ որեւէ առնչություն չունի:

- Փաշինյանը հայտարարել է Վեհարանը գրոհելու մասին: Հնարավո՞ր է, որ այդ գործընթացը հակառակ էֆեկտը տա:

- Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքաբանությունը քաղաքագիտական տեսանկյունից դիտարկելը շատ դժվար է, ինչո՞ւ, որովհետեւ քաղաքագիտությունն ունի հստակ նորմեր, սկզբունքներ: Դժվար է մեկնաբանել, վերլուծել այն բառակազմությունը, այն մտահորիզոնը, որը շատ լուրջ շեղումներ ունի քաղաքականության, բարոյականության մշակույթից: Այո, Հայ առաքելական եկեղեցին ունի մեծագույն ազդեցություն հայ հասարակության վրա: Դա օդում ասվող խոսքեր չեն, ապացուցման ենթակա երեւույթներ են: Ավելին, քաղաքագիտությունից քիչ թե շատ հասկացող մարդը պետք է հասկանար, որ վերջին մեկուկես ամսվա արշավը շատ ավելի բարձրացրել է Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը ու նրան շատ ավելի տեսանելի ու հասանելի է դարձրել հանրության համար: Սեւ փիառի գործիքը, որն ուղղվում է Փաշինյանի կողմից դեպի Եկեղեցին, տվել է հակառակ էֆեկտը, եւ նա լրջագույն խնդիրներ ունի այդ առումով, մարտավարական խնդիրներ: Ավելին, ես կպնդեմ, որ այս արշավի մեջ նա արդեն պարտվել է, եւ այդ պարտությունը կա՛մ նրան տանելու է այս երեւույթից հրաժարման ճանապարհով, կա՛մ շատ ավելի ագրեսիվ ճանապարհով, ինչի մասին ինքը վերջին շրջանում իր ստատուսներով փաստում է՝ գրավում եւ այլն: Եթե նա շատ կտրուկ քայլերի չդիմի, իր հակաեկեղեցական արշավն ուղղակի շնչահեղձ է լինելու: Ես տեսնում եմ, որ լինում է: Այս իրավիճակում նա այլ լուծումներ չունի, քան ավելի շատ ագրեսիվ քայլերի գնալը, բայց որքան հայ հանրությունը դիմադրի ու սատար կանգնի իր Եկեղեցուն, այնքան կձախողվեն Փաշինյանի նույնիսկ ագրեսիվ պլանները: Եթե մեթոդաբանությունը Սերժ Սարգսյանին հեռացնելու դեպքում այն էր, որ այնտեղ կան քաղաքական գործիքներ եւ լուծման տարբերակներ, ապա Հայ առաքելական եկեղեցու կամ Վեհափառի պարագայում չկա այդպիսի բան: Այստեղ քաղաքական, ընտրական գործիքներն ուղղակի չեն աշխատելու, աշխատելու են այլ գործիքներ, որոնք մեծ բարդություններ են առաջացնում հենց հիմա որոշում ընդունելու առումով Նիկոլ Փաշինյանի համար:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image