Ըստ մեղադրական եզրակացության՝ 1982-ին Երեւան քաղաքում ծնված Էդգար Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված, Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ ծառայել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կարեն Ալիխանյանի, Իջեւան քաղաքի բնակիչ Անտոն Օթարյանի եւ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ ՄՀԴ-ի հրամանատար Վահան Մանուկյանի հետ: Վերջինիցս տեղեկացել է նրա եւ աղջկա՝ Տ․ Մ․-ի սիրային հարաբերությունների մասին, որի ժամանակ Վահան Մանուկյանը խոստացել է այլեւս չշփվել նրա հետ:
2020 թ․ նոյեմբերի 29-ին Կարեն Ալիխանյանին պատկանող Տավուշի մարզի Աչաջուր գյուղի առանձնատանը հացկերույթի ժամանակ վերջինս հայտնել է, որ Վահան Մանուկյանը շարունակում է կապը Տ. Մ.-ի հետ, եւ նշել է, որ նա իրենց խաբել է, որից հետո Էդգար Սիմոնյանը Վահան Մանուկյանից իրենց խաբելու համար պահանջել է խոշոր չափերի՝ 600 հազար ՀՀ դրամ եւ սպառնացել բռնություն գործադրել մերձավորների նկատմամբ: Վ․ Մանուկյանը, վտանգ զգալով, 2020 թ․ դեկտեմբերի սկզբին Էդգար Սիմոնյանի կողմից օգտագործվող, Երեւան քաղաքում գտնվող ավտոտնակում նրան է փոխանցել պահանջված 600 հազար դրամը: 1982թ․ Իջեւան քաղաքում ծնված Անտոն Օթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ․ պատերազմական գործողությունների ավարտից հետո Վահան Մանուկյանից խոշոր չափերի գույքը` շորթման եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Կարեն Ալիխանյանի եւ Էդգար Սիմոնյանի հետ, 2020 թ․ դեկտեմբերի 28-ին Մանուկյանից իրենց խաբելու համար պահանջել է խոշոր չափերի՝ 1 մլն 500 հազար ՀՀ դրամ եւ մատնացույց անելով կացինը՝ սպառնացել հրաժարվելու դեպքում նախ կտրել ձեռքի երեք մատները, բռնություն գործադրել նրա մերձավորների նկատամբ, ծեծի ենթարկել նրան: Վահան Մանուկյանը, վտանգ զգալով, 2020 թ․ դեկտեմբերի 31-ին վճարային տերմինալի միջոցով Էդգար Սիմոնյանին փոխանցել է 100 հազար ՀՀ դրամ, իսկ նրա` Երեւանի Նորաշեն թաղամասի 30-րդ շենքի բակում գտնվող ավտոտնակում 2021 թ. հունվարի 21-ին Էդգար Սիմոնյանին կանխիկ տվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողների կողմից մշակված ընդհանուր 500 հազար ՀՀ դրամ, որից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները մուտք են գործել ավտոտնակ եւ բերման ենթարկել Էդգար Սիմոնյանին: Է․ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»), 182 հոդվածի 2-րդ մասի 2 եւ 3․1 հոդվածներով («Շորթումը, որը կատարվել է խոշոր չափերով») եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»). Անտոն Օթարյանին եւ Կարեն Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել 182 հոդվածի 2-րդ մասի 2 եւ 3․1 հոդվածներով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որը դատաքննության ընթացքում դատավորի որոշումներով փոխվել է չբացակայելու արգելքով։
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2021թ․ հոկտեմբերի 11-ին։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2025թ․ ապրիլի 25-ին Իջեւան քաղաքում կայացած նիստում դատավոր Մակար Կիրակոսյանը որոշել է տուժող Վահան Մանուկյանի լիազոր ներկայացուցիչ Գայանե Զաքարյանի հայցադիմումն ընդունել վարույթ եւ մեղադրյալներ Էդգար Սիմոնյանին, Անտոն Օթարյանին եւ Կարեն Ալիխանյանին ճանաչել գույքային պատասխանողներ: Սույն քրեական գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 22-ին։