Վարչապետը սովորել է նվագել ակուստիկ հարվածային գործիքներով։ Դա, իհարկե, ավելի լավ է, քան մարդկանց նյարդերի վրա նվագելը, որը, սակայն, չի նահանջել, այլ զուգահեռաբար շարունակվում է․ հիմա ուղղակի ավելացել է թմբուկը։
Եվ մտածում ենք՝ գուցե կա գաղտնիք․ օրվա կեսը զարկում ես մարդկանց նյարդերի լարերին, մյուս կեսը՝ ազնվորեն զարկելու համար նախատեսված թմբուկներին։ Պարապած մարդու համար դա, ուրեմն, դժվար չէ։ Իսկ ընդհանրապես դա բավականին դժվար է, նկատի ունեմ՝ թմբուկ զարկելը։
Հարց ընկերոջը՝ ամենագետ ChatGPT-ին՝ խնդրում եմ օգնել ինձ. որքա՞ն ժամանակ է հարկավոր վատնել, որպեսզի սովորես թմբուկ զարկել։
«Ոչ պրոֆեսիոնալ, բայց դրան մոտ հմտությունների համար սովորելու միջին տեւողությունը, եթե ամեն օր պրակտիկա ես անում՝ 1-2 ժամ, առանց ընդհատումների, պահանջվում է մոտ 2-3 տարի։ Եթե պրակտիկան ավելի ինտենսիվ է (օրական 3-4 ժամ), կարող է արագանալ՝ մոտ 1,5-2 տարի։ Աշխատանքի հիմնական ուղղությունները նշված դեպքում․ հիմնական ռիթմերը՝ 4/4, 3/4, 6/8, տաբլայի (բոնգոյի) սեթի ռիթմերը։ Դասական ու ջազ երաժշտության հարվածային նրբություններ՝ դինամիկա, ֆիլինգ, սոլո հնարքներ։ Բազմաշերտ ու համակցված գործիքներով՝ ձեռքեր + ոտքեր + միջին պերքյուսիոն գործիքներ միաժամանակ օգտագործելու համար ամենաքիչը անհրաժեշտ է սովորել 1-1,5 տարի՝ յուրաքանչյուր պարապմունքը՝ 1-2 ժամ, շաբաթը առնվազն 3 օր։ Եվ, իհարկե, ջանքերը պետք է կրկնապատկել, եթե որոշել եք ցուցադրել կորպորատիվ նվագ՝ խմբի հետ ճիշտ ժամանակացույցի մեջ գործիքներին համապատասխանելով»։
Վարչապետը, իր ասելով, դա սովորել է կարճ ժամանակում։ Արհեստական բանականությունը նրա ընդունակությունները չափել չկարողացավ, ոչ էլ ազնվությունը որակեց՝ սովորելու իրական ենթադրել ժամկետների մասով։ Ինչեւէ։ Փաստ է, մարդը հարվածում է, նվագում է, կազմել է համույթ, հրավիրել է համերգ։
Ես, անկեղծ ասած, չունեմ այդքան ազատ ժամանակ։ Ես չեմ կարող իմ ամենասովորական պարտականություններին օրվա մեջ ավելացնել ակուստիկ հարվածային գործիքների վրա անգամ մեկ ժամ զարկելու հաճույքը, փաստորեն, որովհետեւ` ես գործեր ունեմ, ես վարչապետ չեմ։
Մինչդեռ պետք էր կարծել, որ օրվա 24 ժամը՝ բավականին մեծ խնդիրներ ունեցող երկրի ղեկավարի համար, խիստ անբավարար է աշխատելու համար, բայց․․․ այ քեզ հրաշք․ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է հեծանիվ քշել, զարգացնել երաժշտական ընդունակությունները, հետեւել բոլորի սոցցանցային գրառումներին, պատասխանել դրանց, լսել եւ խմբագրել գաղտնագրված աուդիո եւ վիդեո նյութեր, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, ուղեւորվել գործուղումների, հրահանգավորել կուսակցականների ելույթներն ու հարցերը, ժամանակացույց կազմել պատարագակենտրոն քաղաքականության համար, ցանկավորել մասնակիցներին, չաղոթել կաթողիկոսի համար՝ բարենորոգել Եկեղեցին, առավոտյան ընտրել երաժշտություն` ռիլի համար, սիրել բոլորին, ուղարկել SMS-ներ նրանց, ում արդեն չի սիրում, նվագել ակուստիկ հարվածային գործիքներով, հանդերձափոխվել, գնալ հեծանիվ քշելու, լինել կուսակցության գրասենյակում եւ երկարատեւ քննարկումներ անել թիմակիցների հետ, անգամ` անձնական թեմաներով, կարդալ եւ քննարկել նրանց անձնական նամակները, անել էլի բաներ, որպեսզի... պետության համար օգտակար ոչինչ չանել։
Իսկ ե՞րբ է նա հասցնում աշխատել իր պաշտոնի անձնագրից՝ օրենքից բխող պարտականությունների շրջանակում։ Տարբեր ոլորտների բազմապիսի խնդիրները ե՞րբ է հասցնում քննարկել, վերլուծել, որոշել եւ լուծել՝ վերջապես։ Ինչպե՞ս է կարողանում այդքան արդյունավետ օգտագործել այդ եղած-չեղած 24 ժամը, որի մի որոշ հատված, այնուամենայնիվ, պետք է նվիրի քնին, ուտելուն, օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող այլ անհետաձգելի կարիքներին։ Ինչպե՞ս։
Մեկ հոդված, մեկ ռեպորտաժ, միայն մեկ անգամ սննդի ընդունում, լուրերին հետեւելու համար մի փոքր ժամանակ, սուրճի 2 ընդմիջում, մի քանի հեռախոսազանգ, մեկ հարցազրույց եւ մեկ լոգանք, եւ օրն արդեն ավարտված է, պարոնայք։ Հարվածային գործիքները մնացին, հեծանիվի մասին հիշելու ժամանակ էլ չեղավ։ Հաշվեք, դիտարկեք ձեր օրը․ ինչո՞ւ չեք զարկում թմբուկ եւ քշում հեծանիվ, քանի՞ ժամ, րոպե ամսվա մեջ կարող եք ձեզ թույլ տալ անգործություն եւ չկորցնել աշխատանքը։
Գաղտնիքը, որ որեւէ պետական հիմնարկ ուղղակի չի աշխատում, որեւէ հարցով, բողոքով, խնդրով որեւէ գերատեսչության դիմելն անիմաստ է, հենց սրանում է։ Պետությունը, փաստորեն, չի կառավարվում․ կա մեկ գերնպատակ՝ PR, այսինքն՝ զարմացնել, հիացնել, գայթակղել, մոլորեցնել հանրությանը, այսինքն` ընտրողին, ինչպես նաեւ՝ վարկաբեկել, չեզոքացնել մրցակիցներին, եւ այդ նպատակի համար ծախսվում են օրվա բոլոր ժամերը։ Այդպես է արդեն տեւական ժամանակ եւ այդպես կլինի մինչեւ ընտրությունները, իսկ պետական մարմիններն ինքնահոսի մատնված՝ դեռ կան, իներցիոն վիճակում, թերեւս որովհետեւ «նախկին վատ իշխանությունները», այդուամենայնիվ, թողել են աշխատող կառույցներով մի պետություն, որտեղ հնարավոր է ահա այսպես ոչինչ չանել եւ գործը մի կերպ գլորել՝ մնալով վարչապետ։ Բայց այդ ռեժիմով կյանքի պարագայում հերթական անգամ ընտրվելը պետք է, որ արդեն շատ դժվար լինի, գուցե` անհնարին։