Հասարակություն

Մենք էլ «քյասիբի ռադիո չենք», ուզում ենք պարզել՝ ո՞վ ա ում ձեռ առնում, պարոն վարչապետ

Մենք էլ «քյասիբի ռադիո չենք», ուզում ենք պարզել՝  ո՞վ ա ում ձեռ առնում, պարոն վարչապետ

Վերջերս տեղի ունեցած կառավարության նիստում իրավապահ համակարգի հասցեին հնչեցրած կոշտ քննադատություններին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն իր համար կարծես բացահայտումներ արեց․ հայտնեց, թե ուժային կառույցների, դատաիրավական համակարգի ղեկավարների վատ աշխատանքի հետ կապված որն է իր համար ամենամեծ պրոբլեմը:

«Ամենամեծ պրոբլեմը ուրիշ բան ա, մարդիկ չեն հավատում, որ էդ բոլոր բեմականացումների տակ ես չեմ ստորագրում,չեն հավատում , որ կարա ըտենց բան ըլնի ու սա լրջագույն քաղաքական խնդիր ա, ես չեմ ուզում հասնենք նրան,որ մենք էլի գնանք բաներ՝ շենքեր շրջափակենք, էս անենք,էն անենք: Կներեք, ոնց որ քյասիբի ռադիո ըլնեմ, գալիս եմ Ձեր միջոցառումներին ելույթ եմ ունենում, ասում,խոսում, դուք էլ ծափ եք տալիս,ես թողնում եմ գնում:Հետո հաջորդ տարի գալիս եմ նույն ելույթն եմ ունենում,ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում գնում եմ, էս ո՞վ ա ում ձեռ առնում,սրա վերջը էկել ա»,-ասաց նա: Տեսանք՝ ինչ եղավ․ այս հայտարարությանը հետևեց պաշտոնանկությունների շղթան :

«Հիմա մեկ այլ հարց, եթե պայմանականորեն ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել, ապա ո՞վ է ստորագրել, ինչո՞ւ նույն հրապարակայնությամբ չի բացահայտում ստորագրողին: Նիկոլ Փաշինյանին հայտնի չէ՞ ստորագրող անձի ինքնությունը կամ առհասարակ ու՞մ է վստահվել բեմականացումների տակ ստորագրելու առաքելությունը, իհարկե հայտնի է,ուղղակի միամտություն կլինի հակառակը կարծել: Հիմա ումի՞ց է դժգոհ, ու՞մ է քննադատում՝ անհասկանալի է: Միգուցե երկրում ահագնացող հանցագործությունների աճի ցուցադրական մտահոգության պատրա՞նք է, հուսահատությու՞ն, թե՞ արդարադատության ձևական պահանջ…

Եթե դիտարկենք ներկա պահի և առհասարակ դատաիրավական համակարգի բոլոր սահմաններն անցած կոռումպացված վիճակը,որն օր-օրի ավելի է լկտիանում և դրա ներքո՝ հասարակության ծայրաստիճան անվստահությունն ու դժգոհությունը, ապա դժվար չէ հասկանալ , որ վարչապետի հնչեցրած քննադատությունը որևէ կապ չունի իրավական ոլորտում՝ մարդու, ՀՀ քաղաքացու նկատմամբ պետության պարտականության, օրենքների ու օրինականության պահանջների հետ և այն պարզապես կադրային փոփոխությունների մոտիվներով նախազգուշացում էր՝ ուղղված համակարգի ղեկավարներին, որով կարող է ընդամենը կարճաժամկետ նպաստել հանրային կարծիքի ձևավորմանը ,  որն էլ ըստ Փաշինյանի՝ լրջագույն քաղաքական խնդիր է»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց  «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը:

«Սպասելի էին  Քննչական վարչությունը «բարդակ»-ի վերածած քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Հակակոռուպցիոն կոմիտեն հանցագործ քննիչներ «բուծող», սեփական տնտեսության վերածած՝ Սասուն Խաչատրյանի պաշտոնանկությունները, իսկ ամենաուշագրավը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սրտաճմլիկ հայտարարությունն էր: Արդյո՞ք Արգիշտի Քյարամյանի, Սասուն Խաչատրյանի,Կարեն Անդրեասյանի պաշտոնանկությունը կարող է որևէ նշանակություն ունենալ  քրեական գործերով օբյեկտիվ նախաքննություն, արդար և անկողմնակալ դատաքննություն ապահովելու համար, խորապես կասկածում եմ և հակված եմ նրան, որ սա ևս կարող է լինել հերթական բեմականցումը: Իսկ գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանի պաշտոնանկությունը կարծես ուշանում է, «Մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները» ամենամեծ դակողին՝ Աննա Վարդապետյանին չե՞ն վերաբերվում: Փաշինյանն ինքն էլ խոստովանեց, երբ ասեց, որ դատաիրավական համակարգին տվել են այն ամենը, ինչ պահանջել է, կառույցներ են ստեղծել, սարքեր-սարքավորումներ, ավտոմեքենաներ են առել, օրենքներ են փոխել, եղել է՝ 7-տարի դատաքննություն է գնացել, բայց․․․․: Այստեղ ուզում եմ կանգ առնել ու հարց տալ Փաշինյանին՝ «7-տարվա դատաքննությունի՞ց եք տեղյակ,զարմացա՞ծ եք, իսկ 10-տարվա տևողությամբ դատաքննությունից տեղյակ չեք...Որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործը 10-տարի է քննության է առնվում Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որից 6-տարին՝ գործող վարչապետիդ օրոք, արդեն թվով 5-րդ դատավոր  Հայկ Իսրայելյանի վարույթում է, ով վերջին դատական նիստը 9 ամիս առաջ՝ ապրիլի 11-ին է կայացրել: Արտյոմի խմբակային սպանությունը կատարողներից մեկին է մեղադրանք առաջադրված և միակ ամբաստանվողն ազատության մեջ է, մյուսների մասով գործն ընդգծված ցինիզմով առ այսօր փորձում են կոծկել: Այս փաստերին զուգահեռ, համակարգային հանցավոր բանդայում հարմար տեղավորված դատավոր Հայկ Իսրայելյանը դիտավորությամբ նիստեր չի նշանակում՝ նպատակ հետապնդելով սպառելու ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանին տվյալ պահին մեղսագրված արարքի վաղեմության ժամկետները ՝ ապրելու իրավունքից զրկված որդուս գործի քննության ողջամիտ ժամկետների հաշվին: Դատավոր Հայկ Իսրայելյանը դատական նիստեր չնշանակելով, ավելի քան մեկ տարի իր կողմից նվեր է արել ազատության մեջ գտնվող ամբաստանյալին: Մինչդեռ, քրեական գործի փաստական տվյալների համաձայն՝ արարքը ենթակա է վերաորակման: Իսկ, երբ սպանության գործը քննող դատավորն ընդգծված վարքագծով ցուցաբերում է հանցավոր անգործություն՝ նա իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից վճիռ կայացնել,նա իրավունք չունի դատավոր կոչվել, նա պարզապես «Արդարադատության գող է»,-հավելեց տիկին Ադանալյանը՝ ընդգծելով․

«Ո՞վ է տեսել տուժողի իրավահաջորդն ընկնի դատավորի հետևից, որ նիստ նշանակի, սա առնվազն կարող է փաստել անբարոյականության  գենետիկայի մասին: ԲԴԽ-ն դեռևս 2021թվականից ուղենիշային ժամկետներ էր սահմանել՝ իբր նպատակ ունենալով ապահովել դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և լուծումը, բայց սա գործնականում երբեք չի արտացոլվել Շիրակի մարզի դատարանում: Ըստ հավաստի աղբյուրների՝ այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին նախատեսված է Հայկ Իսրայելյանին տեղափոխել այլ դատարան: Հարցում եմ ուղարկել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, տեղեկություն են տրամադրել, թե ներկա պահին նման հարց չի քննարկվում, բայց  միաժամանակ հայտնել են, որ հետագայում՝ գրությամբ նշված հիմքերով նման հարցի առաջ գալը կանխատեսելի չէ: Սպասենք դատավոր Հայկ Իսրայելյանին այլ դատարան տեղափոխելու հետագա «անկանխատեսելի » զարգացումներին: Հա, մեկ էլ ՝  ո՞վ է ստորագրել որդուս սպանության իրական շարժառիթը կոծկելու , խմբի կողմից կատարված սպանությունը հովանավորելու, հանցագործության գործիքները պարտակելու, քրեական գործից իրեղեն ապացույցները գողանալու և խեղաթյուրելու,դատաքննությունը 10 տարի  ձգձգելու և ինձ հոգեկան տառապանքներ պատճառելու պատվերի տակ: Իմ օբյեկտիվ գնահատմամբ` գործող իշխանության ղեկավարը, քանի որ այս ամենի միակ պատասխանատուն է, իսկ եթե ոչ,ապա՝ ո՞վ է ա՛յն ստորգրողը, որ կարող է «Պետության մեջ ընդհանրապես թպրտա»: Ի միջիայլոց՝ մենք էլ «Քյասիբի ռադիո չենք» և ուզում ենք պարզել, թե ի վերջո՝ «Էս ո՞վ ա ում ձեռ առնում»։ Նույն ամբիոնից, պարո՛ն վարչապետ, հրապարակային պատասխան եմ ակնկալում»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image