Մշակույթ

Անիի մայր տաճարը վերանորոգումից հետո կվերաբացվի իբրեւ մզկի՞թ

Անիի մայր տաճարը վերանորոգումից հետո կվերաբացվի իբրեւ մզկի՞թ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ասորի պատգամավոր Ջորջ Արսլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber կայքը: 

Հարցումը վերաբերում է Անիի մայր տաճարին, թե արդյո՞ք վերանորոգումից հետո վերջինս այցելուների առաջ բացվելու է որպես մզկիթ։ Պատգամավորի հարցման տեքստում Անին բնորոշվում է որպես հայերի պատմական նշանավոր կենտրոն։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը գրել էր, որ այժմ վերանորոգվում է մզկիթի վերածված Անիի մայր տաճարը. «Վերանորոգումից հետո մզկիթը կվերաբացվի»։

Արսլանը նշել է, որ Անիի մայր տաճարի նման՝ Թուրքիայում հարյուրավոր պատմական եկեղեցիներ եւ վանքեր անտերության են մատնված եւ վերանալու վտանգի առաջ են, իսկ դրանց մի մասն էլ մզկիթների է վերածվել։ Պատգամավորը շեշտել է Անիի մայր տաճարի կարեւորությունը՝ որպես համաշխարհային մշակույթի ժառանգության մաս, եւ նախարարից մասնավորապես հետաքրքրվել է, թե արդյո՞ք ճիշտ են պնդումները, որ Անիի մայր տաճարը վերանորոգումից հետո բացվելու է որպես մզկիթ։ Արդյո՞ք նշյալ պատմական կառույցի կրոնական ինքնության փոփոխության ու մզկիթի վերածման որոշումը չի հակասում Թուրքիայի բազմակրոն եւ բազմամշակույթ էությանը։ Արդյո՞ք վերանայվելու է Անիի մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական եւ հատուկ ինքնությունը։ Որո՞նք են այն վանքերն ու եկեղեցիները, որոնք մզկիթի են վերածվել ձեր՝ նախարար լինելու ժամանակաշրջանում։ Վերջին 20 տարում որքա՞ն վանք ու եկեղեցի է մզկիթի վերածվել։ Պատգամավորը նույն հարցադրումներով դիմել է նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովին (Մեջլիս)։ 

Նշենք, որ Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ մայր տաճարը կառուցվել է 10-րդ դարում։ Շինարարությունը սկսել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Բագրատունին՝ 989թ., իսկ ավարտել՝ հայոց թագուհի Կատրանիդեն՝ 1001թ.։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image