Հասարակություն

«Հրապարակ»․ Եթե վերընտրվի իշխանությունը, կգնամ. Հայաստանը կարմիր գաղութի է նմանվել

«Հրապարակ»․ Եթե վերընտրվի իշխանությունը, կգնամ. Հայաստանը կարմիր գաղութի է նմանվել

Վերջին 1-2 տարում հարկային պարտականությունների ավելացումները բերել են նրան, որ փոքր բիզնեսը սնանկանում է, մեծ թվով ձեռնարկություններ են փակվում։ Եկամտային հարկի բեռի կտրուկ բարձրացումը, շրջանառության հարկի կրկնակի բարձրացումը, միկրոձեռնարկությունների սպեցիֆիկ տեսակները (փաստաբան, նոտար, իրավաբան եւ այլն) հարկման ընդհանուր դաշտ տեղափոխելը բերում է նրան, որ փոքրերը վերանում են։ 

2025 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո Հայաստանում շեշտակի նվազեց փոքր ձեռնարկությունների քանակը։ Վիճակագրության կոմիտեի տվյալներով, 2025 թվականի վերջին ունեցել ենք մոտ 53 հազար այդպիսի ընկերություն, մինչդեռ 2024 թվականի վերջին դրանց թիվը 5,5 հազարով ավելի է եղել եւ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, կազմել է 59 հազար։ Չի բացառվում, որ փակվածների իրական թիվն ավելի մեծ է, քանի որ, ինչպես հայտնի է, Հայաստանում բիզնես բացելը հեշտ է, իսկ փակելը՝ դժվար, բազմաթիվ ստուգումներ են պահանջվում, հարկային պարտքերի բացակայություն, եւ արդյունքում բազմաթիվ ընկերություններ գոյություն ունեն թղթի վրա, բայց իրականում չեն գործում։  

Տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանն օրերս անդրադարձել էր այդ թեմային, հրապարակելով թվեր․ 2025-ի հունվարի 1-ից, ՊԵԿ-ի տվյալներով, 3500-3600 տնտեսվարող սուբյեկտ է փակվել, եւ 10 հազար մարդ կորցրել է աշխատանքը։ ՊԵԿ-ը շտապեց հերքել այդ տեղեկությունները. «2025 թվականին ակտիվ հարկ վճարողների քանակը բացարձակ թվով ավելացել 5,247-ով, այդ թվում՝ փոքր հարկ վճարողների քանակն ավելացել է 4,928-ով, հետեւաբար, Հայկ Ֆարմանյանի կողմից հնչեցված «3500-3600 տնտեսվարող սուբյեկտի փակման» վերաբերյալ պնդումը բացարձակապես հիմնազուրկ է եւ հակասում է պաշտոնական վիճակագրական տվյալներին»։ 

Ի՞նչ վիճակում են «փոքրերը», իրականում, ճի՞շտ է, որ ուղղակի մահանում են հարկային տեռորի տակ։ Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանից։ Այս ասոցիացիան մոտ 250 անդամ ունի։ Թե նրանց որ մասն է փակվել, նախագահը դեռ չգիտի։ «Մարտի վերջին մեծ համագումար է լինելու, ու այդ ժամանակ կերեւա, թե ով է կենդանի, ով է արտագաղթել»,- ասում է նա։ Բայց Ավագյանի ընդհանուր տպավորությունը բացասական է։ «Նրանցից շատերը խնդիրներ ունեն, բայց պաշտոնական թվերը պետք է ստանանք ՊԵԿ-ից, իսկ վիճկոմիտեի մեթոդաբանությունը փոքր-ինչ այլ է, որպես ուղենիշային՝ այն լավն է, բայց եվրոպական ստանդարտներին է համապատասխանում, աշխատողների թվով են առաջնորդվում, ոչ թե տարեկան շրջանառությունն է հաշվառում»,- ասաց նա։ Հակոբ Ավագյանը հարցում է արել ՊԵԿ եւ օրերս կստանա գրավոր պատասխան։ Հարցին, թե իրենց հետ շփումներում ինչ խնդիրներ են նշում ասոցիացիայի անդամները, նա պատասխանեց․ «Տարբեր։ Անցյալ տարի որ միտինգ էին անում, հիմնական խնդիրը հարկային փոփոխություններն էին, հետո, հուլիսին հաշվապահներն ու իրավաբաններն էին միտինգ անում, որոնք ՓՄՁ կամ ՓՄՁ սպասարկողներ էին, ոսկու շուկան՝ իր պրոբլեմներով, տոնավաճառում աշխատողներն են դիմում»։ 

Դիմեցինք նաեւ գործարարներին։ Փոքր ձեռնարկատեր Արման Մ․-ն երկար ժամանակ զբաղվել է արտաքին գովազդով, բայց հարկային «չարեփոխումներից» հետո՝ 2025 թվականի ապրիլին փակել է բիզնեսը։ «Պատճառը բարձր հարկերն էին, ուղղակի չկարողացա աշխատել, փակվեցի»,- ասում է գործարարը։ Հիմա նա չի կարողանում հստակ հաշվարկ մտաբերել, թե իր հասույթի որ մասն էր տալիս հարկայինին, բայց ասում է, որ այս իշխանության «հորինած օրենքները, բարձր հարկերը, տուգանքները խեղդել են բիզնեսը»։ Մեր հարցին, թե ինչպես է բացատրում այն, որ շատ ձեռնարկություններ էլ բացվել են, նա պատասխանեց․ «Ո՞վ է բացվել։ Էն, որ ստվերում աշխատում էին, եկան հարկային դաշտ, արդեն երեւում են, դրանց նոր բացված են համարում»։  

Նկարագրելով իր ֆինանսական «էվոլյուցիան», Արման Մ․-ն հիշում է, որ ներկայիս հարկերի պայմաններում կարողացավ աշխատել ընդամենը 5 ամիս։ «Հետո ընկա պարտքերի տակ, հետո՝ վարկերի, հետո փակվեցի, հիմա էլ հարկադիրում եմ։ Բայց դրանից առաջ ես էնքան լավ հաճախորդ եմ եղել բանկերում, որ իրենք էին վարկ առաջարկում, ես չէի ուզում»։ Արման Մ․-ն եւ նրա ընտանիքը սպասում են ընտրությունների արդյունքներին։ «Եթե վերընտրվի այս իշխանությունը, ես միանշանակ կգնամ երկրից։ Էս պայմաններում անհնար է ուղղակի ապրել։ Հայաստանը կարմիր գաղութի է նման։ Ամենուր ոստիկաններ, ամենուր տուգանքներ, սպանություններ»,- ասում է արդեն նախկին գործարարը։ 
Տուրիզմով զբաղվող Գ․ Գ․-ն էլ ասում է, որ դադարեցրել է իր բիզնեսը, բայց դե յուրե չի փակել․ «Հիմա միայն արկածային տուրերով եմ զբաղված։ Կարող եմ ասել, որ բիզնեսի վիճակը վատանում է, բայց հարցազրույց տալ չեմ ուզում»։ 

Փաստաբաններից մեկն էլ, որ ցանկացավ անոնիմ մնալ, ասաց, որ նախորդ տարի փաստաբանության մեջ նոր գործ չի վերցրել։ «Որովհետեւ մյուս ծառայություններս էլ էին ավելացված արժեքի հարկի դաշտ անցնում, ու ձեռնտու չէր գրեթե 40 տոկոս հարկով աշխատելը։ Առհասարակ, նորավարտ փաստաբանների համար շատ բարդ է լինելու ոլորտ մտնելը էս պայմաններում»։ 

Պետությունը չունի հստակ ռազմավարություն, որը բխում է փոքր բիզնեսի շահերից՝ վստահեցնում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Ինձ հայտնի չեն փոքր բիզնեսի օրինակներ, որոնք աճել են եւ դարձել են միջին բիզնես, եւ հայտնի չէ մի դեպք, երբ միջին բիզնեսը, հաղթահարելով խնդիրները, դառնա խոշոր բիզնես։ Բոլոր զարգացած պետություններն աջակցում են փոքր բիզնեսին, որովհետեւ հիմնական հարկ վճարողը ոչ թե խոշորն է, այլ՝ փոքրը, որը մեծ կումուլյատիվ էֆեկտ ունի»,- ասում է նա։ Բայց մեր պետությունը չունի նման նպատակային քաղաքականություն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image