Հասարակություն

Տիկինն առաջարկել է նայել տարեկան հաշվետվությունները

Տիկինն առաջարկել է նայել տարեկան հաշվետվությունները

Կարծես թե ստիպված եմ ինքս հերքելու նախորդ օրը հայտնածս կարծիքը: Կարծում էի, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կնոջ ագրեսիվ վարքագիծն ուղղված է ընդամենը փոքրաթիվ անոանմանների ու տեղական և պետական չինովնիկների հարազատների զգացմունքները «բավարարելուն»: Բայց այն փաստը, որ համատարած քննադատությունից հետո նա շարունակում է իր ոչ կոռեկտ վիրավորանքներն ու որակումներն այս կամ այն ընդդիմադիր անձնավորության հասցեին, պարզ է, որ դա պայմանավորված է ոչ թե ինքնակրթվող տիկնոջ գեղցիական խառնվածքով, այլ հստակ ծրագրով: Այն նախատեսում է սխալ հանել բոլորին, ովքեր համարձակվում են հակառակվել նրան: Ինչն, ի դեպ, ամրագրվել է վերջինիս ֆեյսբուքյան էջի գլխագրում: Ու այդ պատճառով հետևում է առավել տարածված հարթակներում հյուրընկալված անձանց խոսքին: Ի դեպ, այդ անձանց բանավոր խոսքն, ի տարբերություն գրավորի, ավելի ազատ է ու այդ պատճառով էլ՝ ավելի խոցելի: Որովհետև գրավոր խոսքը հրապարակայնացնելուց առաջ մարդը ստուգում է այն, խմբագրում թե՛ բովանդակային և թե՛ քերականական թերությունները: Ինչպես նաև ուշադրություն է դարձնում այս կամ այն դատողության հիմնավորված լինելուն: Ինչը հնարավոր չէ անել բանավոր խոսքում, ու այդ պատճառով էլ այն ավելի խոցելի է: 

Երկրորդ, իր ղեկավարած հիմնադրամի առումով փորձելով սխալ հանել իր ընդդիմախոսներին՝ վարչապետի կինը հիմնվում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունների վրա: Նույնը պահանջում է ընդդիմախոսներից: Նախկինում գործի բերումով ծանոթ լինելով այդ ոլորտին՝ կարող եմ ասել, որ այն ձևականորեն բաց է, սակայն իրականում առկա են բազմաթիվ խութեր: Որովհետև ընդդիմախոսին դեմ է տրվում ընդամենը բանկային փոխանցման անդորրագիր «իքս» կամ «իգրեկ» կազմակերպության բանկային հաշվեհամարին: Իսկ թե հետո ինչ է եղել այդ գումարների հետ՝ դա կարող է վեր հանել միայն վերահսկող պետական մարմնի իրականացրած ստուգումը: Այսինքն, ստուգողներն այդ անդորրագրերի պատճեներով պետք է մուտք գործեն գումար ստացած կազմակերպության հաշվապահական փաստաթղթերի մեջ: Ու ստուգեն փոխանցված յուրաքանչյուր դրամի ծախսը հավաստող փաստաթղթերը: Ու միայն այդ դեպքում է հնարավոր պնդել, որ գումարն իրոք տեղ է հասել և օգտագործվել ըստ նպատակի:

Չալարեցի ու տիկնոջ հրապարակած հղումով մուտք գործելով այդ հիմնադրամի տարեկան հաշվետվությունների բաժինը՝ բացեցի 2020 թվականինը: 18 էջից բաղկացած էլեկտրոնային հաշվետվությունում ներկայացված են ոլորտային ծախսերը: Որոշեցի նայել հենց առաջին բաժինը՝ գիտակրթականը: Ներկայացված է արտասահմանյան բուհերում կրթություն ստացող հայաստանյան դիմորդների քանակն` ըստ բուհերի և ըստ կրթական աստիճանի: Անվանապես ներկայացված է 12 բուհ, ընդ որում՝ վերջին երեքում մեկական ուսանողով: Ու չգիտես ինչու, կան այլ բուհեր ևս, որոնք նշված են «Այլ համալսարաններ» անվանման ներքո: Թե ինչու են Հարվարդը, Օքսֆորդն ու Լոնդոնի համալսարանական քոլեջը նշված մեկական ուսանողով, իսկ մնացածները՝ չնշված, դժվար է ասել: Ինչևէ, ուսանողների քանակը 42 է, իսկ հաշվետվության վերջին էջում նշված է, որ այդ ծրագրով հիմնադրամից հատկացվել է 1 միլիոն դոլարից մի փոքր ավելի:

Ինչպես տեսնում ենք, չկան տեղեկություններ ուսանողների վերաբերյալ: Կարծում եմ, որ դրանք չեն կարող լինել մասնավոր բնույթի, ու հայաստանյան հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են կրթություն ստացել արտասահմանյան բուհերում: Ով որ բուհում է ուսանել և ինչքան գումար է վճարվել դրա համար: Քանի որ այդ ամենը բացակայում է, ապա կարելի է պնդել, որ այդ հաշվետվությունն ընդամենը ձևական բնույթի է: Միայն ՊԵԿ-ը կարող է մեկ առ մեկ ստուգել փաստաթղթերը և ճշտել այդ հարցերը: Բայց պարզ է, որ դա կարող է արվել միայն իշխանափոխությունից հետո, քանի որ չեմ կարծում, թե պետական այդ կառույցում կարող են գտնվել այնպիսիք, ովքեր այսօր կհամարձակվեն պարզել, թե ինչն ինչոց է: Բայց այս պատմության ողջ զավեշտը նրանում է, որ վարչապետի աթոռից կառչած անձի քաղաքացիական կնոջ առաջարկը կարդացող հազարից մեկը կամ նույնիսկ 10 հազարից մեկը կունենա իմ համբերությունը, որպեսզի մուտք գործի հիմնադրամի հաշվետվությունների էջն ու ուսումնասիրի գոնե մեկ տարվա հաշվետվության մեկ բաժինը: Իսկ մնացածները երևի կմտածեն՝ ճիշտ է, էլի, ասում մեր («մեծարգո» կամ «ապաշնորհ»՝ ըստ ճաշակի ու վերաբերմունքի) վարչապետի կինը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image