Մշակույթ

«Հրապարակ». Ձայնագրություններն այս անգամ դատարան չեն ներկայացրել, որ նորից խայտառակ չլինեն

«Հրապարակ». Ձայնագրություններն այս անգամ դատարան չեն ներկայացրել, որ նորից խայտառակ չլինեն

2020-ի պատերազմից օրեր անց ԱԱԾ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրգործի շրջանակներում, որպես կասկածյալների, ձերբակալել էր մի շարք անձանց՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, գեղանկարիչ Աշոտ Ավագյանին, ինչպես նաեւ՝ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, որոնց՝ բոլորին, ծանր մեղադրանքներ էին առաջադրվել։

Այն ժամանակ էլ ձայնագ­րություններ էին հան­րայ­նացվել, որոնք իբրեւ թե փաստում էին այդ մտադրությունները` իշխանությունը բռնի զավթելու մասին: Ճիշտ այնպես, ինչպես օրեր առաջ ձերբակալվեցին Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, շարժման աջակիցներ եւ ընդդիմադիր պատգամավորներ. 15 մարդ կալանավորվեց` ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով: Հաջորդիվ ներկայացվեցին իրեղեն ապացույցներ, «հեղաշրջման պլանը», ձայնագրություններ, հրավառ ու ծխարձակող միջոցներ, որոնցով, ըստ իրավապահների, մեղադրյալները մտադիր էին վնասել փողոցում հոսանքի ու ինտերնետի լարերը:   
Թե ինչ ընդհանրություններ եւ նմանություններ կան այս 2 գործերի միջեւ, ազատամարտիկ, գեղանկարիչ Աշոտ Ավագյանն ասում է. «Նույն սցենարն է, նույն ձեռագիրը, երեւի նույն մարդն է սարքողը, բայց այդ «սարքողը» ստեղծագործող չէ, քանի որ ֆանտազիա չունի, որ գոնե մի քիչ փոփոխեր․․․ ինչպես մեր դեպքում, այս դեպքում էլ սարքված, փնթի գործ է»:

Ի տարբերություն իրենց գործի, այս գործի շրջանակներում հրապարակված 7 մասանոց ձայնագրություններից ոչ մեկը չի ներկայացվել դատարան, սա ինչի՞ մասին է խոսում։ «Որովհետեւ ոնց էլ անեին, դատարանում պաշտպանները պարզելու էին, որ դա մոնտաժ արված է, օրինակ՝ մեր ժամանակ այդ հեռախոսազրույցները ներկայացրին դատարան, եւ մեր պաշտպաններն ապացուցեցին, որ սա մոնտաժ արված է, ստեղից-էնտեղից վերցված։ Հիմա նույն պատմությունն է` ոչ մի տարբերություն չկա, երեւի այդ պատճառով էլ այդ ձայնագրությունները չեն ներկայացրել դատարան, միայն կալանավորելուց շուխուռ արեցին, բայց դատարան չներկայացրին, որ նորից չխայտառակվեն»։

Աշոտ Ավագյանն ասում է՝ ամենակարեւորն առաջին ազդեցությունն է, անկախ նրանից՝ այն, ինչ ներկայացնում ես, ճի՞շտ է, թե՞ սխալ, որովհետեւ «առաջինն է տպավորվում, այդ առաջնային ինֆորմացիայի ազդեցության էֆեկտի մասին նույնիսկ տարբեր հոգեբանական գրքերում է գրված, իրենք երեւի լավ գիտեն դրա մասին, որովհետեւ հետո թե ինչ է լինում, ընթացքում մոռացվում է»: Ա. Ավագյանը մատնանշում է մի ուրիշ հանգամանք եւս` մարդկանց հիասթափությունն ու զայրույթը. «Եթե, օրինակ, լսեն ժողովրդի հեռախոսային խոսակցությունները, օրական մի հարյուր մարդու պիտի որ բռնեն, որովհետեւ գրեթե նույնաբովանդակ բաներ են ասում, ընդ որում՝ առանց մոնտաժելու են ասում»։

Քանի որ սցենարը նույն է, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Հաջորդ քայլը լինելու է այն, որ փորձելու են երկար պահել այդ մարդկանց»,-ասում է ազատամարտիկ-գեղանկարիչն ու անդրադառնում այն իրեղեն ապացույցներին, որ քննչականն առգրավել էր ու ներկայացրել․ «Այդ զենքերը` որսորդական հրացանները, արմատուրաները, ուղղակի ծիծաղալու էին..., հիմա որ մտնեք Բազարչայ` բոլորի բակերում կան նման արմատուրաներ` հեղաշրջում անելու համար, այսինքն՝ յուրաքանչյուրի բակում նման սառը զենք կգտնես..., իսկ, օրինակ, այն ժամանակ մեր հրամանատարի որսորդական զենքերը մենք միասին ենք գնացել՝ ԿԳԲ-ից վերցրել, որովհետեւ ամեն ինչ օրինական էր»:

Զրուցակիցս ընդգծում է` այդ գաղտնալսումների, ձերբակալությունների, խուզարկությունների ցուցադրումն ու տարածումն էլ հանրության վրա առաջնային, ուժգին տպավորություն գործելու համար էին արված. «Անլուրջ է այս ամենն ու շատ փնթի արված, ամբողջ ազգին աշխարհով մեկ բեաբուռ են անում (ամոթով են թողնում)»:
Ավագյանն այս ձերբակալությունները դիտարկում է 2026-ի ընտրությունների համատեքստում. «Փաստորեն, բոլորը պատրաստվում են ընտրությունների, եւ սա ընտրությունների հետ է կապված, որովհետեւ ինքը պիտի վերարտադրվի...: Հետո՝ ինչքան ժամանակ է` իր եւ իր թիմի ռեյտինգն ընկած է, իսկ էս տեսակ քայլերով, իմ կարծիքով, մի քիչ բարձրացրել է իր ռեյտինգը, որովհետեւ մասսա կա, որոնց դուրը գալիս են նման բաները: Իմիջիայլոց, ինքն իր այդ արարքներով նաեւ շատ հեշտացնում է ընդդիմության գործը, այսինքն՝ ահագին մարդ սկսում է հիասթափվել, հատկապես նրանք, ովքեր իրեն դեռ պաշտպանում էին: Ինքը եթե զգաց, որ իր վերարտադրությունը չի լինելու, արտակարգ իրավիճակ է հայտարարելու, Ալիեւին ասի` մի հատ խփեք, ենթադրեք` Սիսիանին, ու ընտրությունները չեղյալ անի»։ Ա. Ավագյանը մտավախություն է հայտնում, որ նաեւ նման ծայրահեղ քայլերի կարող է դիմել երկրի ղեկավարը, որովհետեւ «եթե մարդն Աստված չունի, ինքը գնալու է մինչեւ վերջ»:

Ինչ վերաբերում է Եկեղեցու եւ անձամբ կաթողիկոսի դեմ իրականացվող արշավին, ապա «ինքն այստեղ չի կարողանալու...»,-կարճ եզրափակում է զրուցակիցս:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image