Հարցազրույց

«Հրապարակ». Ճգնաժամը այն ժամանակ էր, երբ ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի հետ հուշագիր ստորագրեց

«Հրապարակ». Ճգնաժամը այն ժամանակ էր, երբ ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի հետ հուշագիր ստորագրեց

«Հրապարակի» զրուցակիցը Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Կարեն Սիմոնյանն է.

- Դուք պարբերաբար մաս­նակցում եք  Շիրակի թեմի առաջ­նորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստերին, ի՞նչ  ակնկալիք ունեք դատարանից, հաշված օրեր են մնացել դատավճռի հրապարակմանը։

- Դա ոչ միայն իմ  անձնական, այլեւ բոլոր շիրակցիներիս ամոթն է։ Երբ նայում ենք հոդվածին, հասկանում ենք, որ ընտրովի արդարադատության հետ գործ ունենք։ Ասենք՝ մեկ անգամ նույն բանն ասվել է տարբեր ժամանակներում, եւ պարզ է դառնում, որ նախորդ անգամ որ  չեն հարուցել, հիմա հանկարծ հարուցել են ու սրբազանին տեռորիստական գործողություններ են վերագրում, ինչն ավելի ամոթալի է․ արտերկրում ապրողները կարդում են, թե ինչ է կատարվում մեզ մոտ։ Տեսնում են, որ մենք մեր սրբազաններին ենք դատում՝ որպես տեռորիստ։ Այդտեղից եզրակացնում են՝ մեր սրբազանները իբր ծայրահեղականներ են, ահաբեկիչներ են: Ու ի՞նչ  ենք սպասում, ի՞նչ  պատկերացում պիտի կազմեն մեր մասին։ Սա է մեր ժողովրդի մեծագույն ամոթը։ Հիմա ճիշտ այնպես է, ինչպես ընտանիքում․ տան գլուխը՝ հայրը, վեր է կենում, ասում է՝ կինս իր տեղում չէ, երեխաներս  բոլորը վատ բաներ են անում: Առանց իրենց տուն մտնելու, մանրամասներն իմանալու, կասե՞նք չէ՝ ինչ անբարոյական ընտանիք է։ Նույն վիճակում ենք հիմա մենք․ համեմատության մեջ մեր ժողովուրդն էլ այդպիսի տեսք ունի։

- Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ օրերս նոր քրեական գործ հարուցվեց, Սրբազանի վերջին դատին նա էլ էր ներկա, առնչություն տեսնո՞ւմ եք, գուցե նոր վարույթի պատճառը դա՞ էր։

- Առհասարակ այս իշխանությունների գործողություններն այնքան անկանխատեսելի են․ այսօր մեկ բան են ասում, վաղը՝ լրիվ ուրիշ։ Մի սուտը մյուսով են ծածկում։ Իսկ երբ կոտրվում է ժողովրդի վստահությունը, ամենավտանգավոր իրավիճակն է ստեղծվում։ Իհարկե, չեմ բացառում, որ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալու պատճառը հենց դա էր։

- Գյումրու ավագանու աշխատանքը ստացվո՞ւմ է, ըստ Ձեզ։ Տարբեր ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր քաղաքապետ, ՔՊ-ական մեծ թվով ավագանու կազմ․․․․

- Իշխանության շրջանակներից հաճախ բարձրաձայնում են, թե իբր Գյումրիում կառավարման ճգնաժամ կա։ Բայց դա պարզապես բամբասանք է։ Իրական ճգնաժամն այն ժամանակ էր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Բալասանյան դաշինք»-ի հետ հուշագիր ստորագրեց։ Այդ հուշագրի ստորագրումից հետո սկսեցին բաժնի պետերի պաշտոններն իրար մեջ կիսել, բաժինները բաժանել, հետո տեսանք՝ ինչ սկսվեց։ Հիմա նման բան չկա, որովհետեւ երբ մենք՝ ընդդիմությունը, ձայն տվեց Ղուկասյանին, մենք ասացինք՝ առանց նախապայմանների է, մեզ ոչ մեկիս պաշտոն պետք չէր, մենք չասացինք՝ մեզ դպրոցի տնօրեն կամ ՊՈԱԿ-ների տնօրեն տվեք, մեզ պետք էր քաղաքը հանել այս վիճակից, մեզ պետք էր ազատվել ներկայիս իշխանություններից։ 40 տարի է անցել, ու Գյումրին դեռեւս աղետի գոտու կարգավիճակում է։ Եթե կա 1000 խնդիր, եւ դրանցից 950-ը դեռ մնում է, իսկ գոնե 50-ը լուծվում է, ապա դա արդեն մեծ գործ է, մեծ աշխատանք։ Այս բամբասանքներից պետք է դուրս գանք։ Ընդդիմությունը հիմա որեւէ կերպ չի փորձում խոչընդոտել քաղաքապետի աշխատանքին։ 

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում` 2026 թվականի ընտրություններին որեւէ ձեւաչափով մասնակցելու մտադրություն ունե՞ք։ 

- Ես կարող եմ ասել այս պահով մի բան․ այնքան ժամանակ, որքան որ քո արածը, քո գործը քեզ հաճույք կպատճառի, պիտի շարունակես անել, իսկ երբ հասնես այն կետին, որ քեզ հաճույք չի պատճառի կամ ի վիճակի չես շարունակել` պետք է թողնես։ Իսկ ընդհանրապես՝ նպատակս է, որ Գյումրին դառնա Հայաստանի առաջին քաղաքը, իսկ Հայաստանը՝ աշխարհի առաջատար երկիր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image