Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի բացատրություններ են պահանջել ԱՄՆ-ից և Դանիայից այն տեղեկություններից հետ կապված, որ Դանիայի հետախուզական ծառայություններն օգնել են Վաշինգտոնին լրտեսել եվրոպական քաղաքական գործիչներին:
Գրել է համաեվրոպական «Եվրանյուզ» հեռուստատեսային ցանցը։
«Դա ընդունելի չէ դաշնակիցների, առավելևս եվրոպական դաշնակիցների և գործընկերների միջև», - ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Նախարարների ֆրանս-գերմանական խորհրդին: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ համաձայն է իր ֆրանսիացի գործընկերոջ դիտողություններին:
Դանիայի հանրային հեռարձակող «Դանիական ռադիո»-ն (Danmarks Radio / DR)-ն ասել է, որ 2012-14 թվականներին Դանիայի պաշտպանության հետախուզական ծառայությունն օգնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությանը (National Security Agency / NSA) ստորջրյա ինտերնետային մալուխների միջոցով տվյալներ գողանալ։
Ըստ զեկույցի` Մերկելը եղել է գաղտնալսվող պաշտոնյաների թվում:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից, Ազգային անվտանգության գործակալության նախկին պայմանագրային, ազդարարող Էդվարդ Սնոուդենն էր առաջինը պնդել, որ Վաշինգտոնը 2013-ին գաղտնալսել է Մերկելի հեռախոսը, մի պնդում, որը Սպիտակ տան կողմից կտրականապես չի հերքվել:
Եվրոպական մի շարք լրատվամիջոցների հետ DR-ի կողմից անցկացված նոր հետաքննությունը պնդում է, որ NSA-ն հասանելիություն է ստացել մի շարք այլ առաջատար քաղաքական գործիչների տեքստային հաղորդագրություններին ու հեռախոսային խոսակցություններին: DR-ը նշել է, որ գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեցած ինը աղբյուր հաստատել է զեկույցը:
Դանիայի Պաշտպանության նախարար Թրինե Բրամսենը DR- ին ասել է, որ «մերձավոր դաշնակիցների համակարգված գաղտնալսումն անընդունելի է»: Դանիայի սոցիալ-դեմոկրատական կառավարությանը սատարող ձախակողմյան Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունից դանիացի օրենսդիր Քարստեն Հոենգեն երկուշաբթի ասել է, որ գործի վերաբերյալ խորհրդարանում հարցադրում կանի երկրի պաշտպանության և արդարադատության նախարարներին:
Ֆրանսիան երկուշաբթի օրը ավելի վաղ հայտարարել էր, որ մեղադրանքները «չափազանց լուրջ» են, եթե ապացուցվեն։
«Դա չափազանց լուրջ է, մենք կարիք ունենք տեսնելու՝ արդյոք ԵՄ մեր գործընկերները՝ դանիացիները, սխալներ կամ մեղքեր են թույլ տվել ամերիկյան ծառայությունների հետ իրենց համագործակցության մեջ», - «Ֆրանս Ինֆո» (France Info) լրատվական ծառայությանն ասել է Ֆրանսիայի Եվրոպական գործերով պետական քարտուղար Կլեման Բոնը: